Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը սխա՞լ հաշվարկ է արել (Տեսանյութ)

Մայիս 18,2013 12:50

Գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ եթե մենք պարտատոմսեր թողարկելով ենք պարտքը մարում, ուրեմն մեր բիզնես պլանը լավը չի եղել:

Նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու մասին, ընդ որում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ այդ քայլով հնարավորություն կլինի մարել Ռուսաստանի պարտքը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի համար էլ հնարավորություն կլինի ֆինանսական շուկաներից ներգրավել ավելի էժան միջոցներ:

Նշենք, որ եվրապարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն ծավալը 500 միլիոն դոլար է՝ 10 տարով:

Այս պարտատոմսերի թողարկման որոշումը վարչապետը համարեց քաղաքական եւ արտաքին պարտքը մարելու միջոց, իսկ «Առավոտի» հետ զրույցում գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այն համարեց  բիզնես պլանի սխալ հաշվարկ. «Երբ  քաղաքացիները բանկերից վարկեր են վերցնում, նրանք բիզնես պլան են մշակում եւ հստակ ներկայացնում են, թե ինչպես են վարկը մարելու, նույնկերպ պետությունն էլ պետք է իր բիզնես պլանն ունենար: Երբ մենք 500 միլիոն դոլար վարկը վերցնում էինք Ռուսաստանից ու դա օգտագործում էինք, մենք էլ պիտի բիզնես պլան ունենայինք, թե դա ինչպե՞ս եւ ե՞րբ ենք վերադարձնելու, եւ եթե մենք ունենք ժամկետներ եւ պարտավորություններ վերադարձնելու, ուրեմն մեր բիզնես պլանի հաշվարկը եւ տնտեսության հաշվարկը այնպիսին պիտի լիներ, որ մենք կարողանայինք վճարել այդ  500 միլիոնը: Հիմա եթե մենք պարտատոմսեր թողարկելով ենք պարտքը մարում, ուրեմն ես հասկանում եմ, որ մեր բիզնես պլանն արդյունավետ չի եղել մշակված, իսկ եթե նույնիսկ լավն է եղել, ապա այն չի կատարվել»: Պարոն Մակարյանի կարծիքով՝ այն, որ Ռուսաստանի պարտքը որոշել ենք վերադարձնել, դա շատ լավ է, քանի որ եթե չվճարենք, ապա կախյալ վիճակում կլինենք Ռուսաստանից:

Արտարժութային պարտատոմսեր թողարկելը եւս մեկ անգամ պարոն Մակարյանը դրական գնահատեց, սակայն նաեւ հարց բարձրացեց, թե ի՞նչ գնով ենք այդ պարտքերը փակելու. «Եթե մենք պարտատոմսեր ենք թողարկում, որտեղ կարող են ներգրավել այլ երկրների, պետք է այդ պետությունների ցանկը հայտարարվի, ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ բոլորի առաջ դռները բաց լինի: Տրամաբանությունը պիտի լինի այնպես, որ ռազմավարական գործընկեր լինեն. Թուրքիան եւ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերները չեն, հետեւաբար ցանկը կարելի է սահմանափակել»: Մեր այն հարցին՝ արդյոք Հայաստանը գրավի՞չ է եվրոպական երկրների ու գործարարների համար, որպեսզի մեր պարտատոմսերից ձեռք բերեն, պարոն Մակարյանն ասաց. «Այստեղ խնդիրը պետք է լավ ներկայացնել. եթե մենք որպես տնտեսություն մնում ենք այնպիսին,  որը քիչ է հետաքրքրում բոլորին, ապա նույնիսկ պարտատոմսեր թողարկելը փրկություն չէ, եթե մենք ուզում ենք մեր էկոնոմիկան փոխել եւ գրավչություն ստեղծել, ու սփյուռքը նաեւ կարող է միանալ հայրենասիրական նկրտումներից ելնելով, կարծում եմ՝ այստեղ պարտատոմսերի գները կարող են քաղաքական նշանակություն  ունենալ: Այն երկրները, որոնք քաղաքական ազդեցություն են ուզում ունենալ Հայաստանի վրա կամ այս տարածաշրջանում Հայաստանի միջոցով, կգտնեն այդ պարտատոմսերը, որովհետեւ 500 միլիոն դոլարը կոպեկ է միջազգային շուկայում: Դա մի երկիր կամ մի հատ մեծահարուստ կգնի ու կվերջանա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031