Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի ստորագրությամբ փաստաթղթերը, որոնցով նրանք փաստացի ճանաչել են ԼՂՀ-ի անկախությունը դեռեւս 1993 թվականին, այսօր հասանելի է ողջ աշխարհին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեջբերելով այդ փաստաթղթերը, նշում է, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները 1993 թվականին տարբեր խնդրագրեր էին ուղարկում ԼՂՀ ղեկավարությանը հենց այն ժամանակ, երբ իրենց բանակը օրհասական վիճակում էր հայտնվում մարտի դաշտում: Այդ փաստաթղթերից մեկում՝ 1993 թվականի օգոստոսի 7-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար եւ Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիեւը, հենց իր ստորագրությամբ ու նախագահի աշխատակազմի բլանկով լիազորում է Ադրբեջանի փոխվարչապետ Ռասուլ Գուլիեւին 5 օրվա ընթացքում կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում: «1993 օգոստոսի 31-ին եւ նույն թվականի սեպտեմբերի 3-ին նույնաբովանդակ փաստաթղթերում ֆիքսված է, որ Հեյդար Ալիեւը իր ստորագրությամբ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Աֆիյադդին Ջալիլովին եւս թույլ է տալիս բանակցություններ վարել Ադրբեջանի անունից ԼՂՀ հանրապետության հետ: Իսկ սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները այդ ժամանակ արդեն ճանաչել էին ԼՂՀ-ի՝ դե յուրե եւ դե ֆակտո գոյությունը»,- ասում է քաղաքագետը:
Նշենք նաեւ, որ մինչեւ Ալիեւի պաշտոնական գրությունները, ԼՂՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ակտիվ բանակցությունների մեջ էր նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: 1993 թվականի հունիսի 25-ին՝ Ադրբեջանի համար կարեւոր հենակետ համարվող Աղդամի գրավումից 2 օր անց, վերջինս պաշտոնական խնդրագիր է հղում ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին՝ խնդրելով 3 օրով դադարեցնել ռազմական գործողությունները: «Ես հարց եմ տալիս, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԼՂՀ-ի պաշտպանության նախարարին ուղարկում է նամակ-խնդրագիր զինադադար հաստատելու համար, ապա սա ի՞նչ է, եթե ոչ դե յուրե ԼՂՀ-ի անկախության ճանաչման փաստաթուղթ Ադրբեջանի կողմից: Նշեմ նաեւ, որ 1993թ.-ի հուլիսի 28-ին եւս Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝ զինադադարը 7 օրով երկարաձգելու վերաբերյալ, որի ընթացքում պետք է կազմակերպվեր ԼՂՀ-ի եւ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում: Այս փաստաթղթի տակ ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւը եւ ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հավելենք, որ 1994 թվականի մայիսի 11-ի զինադադարի հաստատման համաձայնագրի տակ, որը գործում է մինչեւ հիմա, եւ որը ուժի մեջ մտավ հաջորդ օրը՝ 1994 թ.-ի մայիսի 12-ին, Ադրբեջանի եւ Հայաստանի ստորագրությունների կողքին ԼՂՀ-ի ստորագրությունը եւս առկա է»,- փաստում է Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետը նշում է, որ իր աղբյուրը բաց է եւ իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը զետեղված են նաեւ հայտնի դիվանագետ, Մինսկի խմբի Ռուսաստանի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Мир Карабаху» գրքում, որը լույս է տեսել 2009 թվականին: «Ես ուղղակի զարմանում եմ, որ հայկական իշխանությունները բացարձակ ուշադրություն չեն դարձնում այս հանգամանքին եւ ի լուր աշխարհի չեն մեջբերում այն փաստերը, որ Ադրբեջանը 1993 թվականի ամռանն է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Շատ լավ կլիներ, եթե մեր հայկական կողմը այս փաստարկներով հակահարված տար ադրբեջանցիներին: Ի դեպ, ասեմ, որ ադրբեջանցիները շատ դժկամությամբ են ընդունում այս փաստերը եւ շատ դեպքերում առանց որեւիցե ապացույցի հայտարարում են, որ սրանք բոլորը կեղծված, հայերի կողմից սարքված փաստաթղթեր են: Բայց ես գտնում եմ, որ այս փաստաթղթերը, եթե կան Վլադիմիր Կազիմիրովի մոտ, նաեւ կան մեր արտգործնախարարությունում, Ռուսաստանի արտգործնախարարությունում, այնպես որ սրանց իսկությունը ապացուցելը մեկ րոպեի խնդիր է: Այս փաստաթղթերը ծանրակշիռ ապացույցներ են ադրբեջանական ստի դեմ պայքարելու համար»,- ասում է Գագիկ Համբարյանը:
Բոլոր փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տեքստում կա սխալ՝գրքի անունն է Мир Карабаху.
Շնորհակալություն: Ուղղեցինք:
Լավ կլինի տեքստում էլ ուղղեք….