Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտից տուժած գյուղացիները դժգոհ են կառավարության աջակցությունից

Մայիս 18,2013 11:44

Մեկ շաբաթ առաջ Արարատյան դաշտավայրում տեղացած ուժեղ անձրեւն ու կարկուտը թեւաթափ արեցին գյուղացուն ու նրան կանգնեցրին ցավալի փաստի առաջ: Արմավիրի մարզի 43 համայնք կարկուտից տուժել է: Բերքն ամբողջությամբ փչացել է: Կառավարությունը գյուղացիներին աջակցել է եգիպտացորենի եւ արեւածաղկի սերմեր տրամադրելով, սակայնՙ ոչ անվճար: Դա ավելի է բարկացրել գյուղացիներին, ովքեր այլ տարբերակ չեն գտել, քան հանդիպել լրատվամիջոցների հետ եւ ներկայացնել խնդիրները:

Արմավիր համայնքի բնակիչ Ասատուր Հայրապետյանի խոսքերովՙ իրենց մարզում հիմնականում այն մշակաբույսերն են ցանում, որոնց աշխատանքը սկսվում է վաղ գարնանը, մինչդեռ սերմը տրամադրում են հունիսին: Եգիպտացորենի սերմն այս շրջանում ցանելու պարագայում կորցնում է 80 տոկոս ծլողականություն, հետեւաբար կառավարության աջակցությունը ոչինչ չարժե:

Եղիազար Ասմարյանի հավաստիացմամբՙ կարկուտը ոչնչացրել է խաղողը, կեռասն ու բանջարաբոստանային կուլտուրաները: «Տուն չկա, որ վարկ վերցրած չլինի, չգիտենքՙ ի՞նչ ենք անելու», ասում է նաՙ հավելելով, որ իրենց գյուղում բնակիչների 70 տոկոսը այգիները մշակում է վարկի միջոցով:

«Եկան, մարզպետն էլ եկավ, նախարարն էլ եկավ, ասացինՙ կաջակցենք, մի բան կանենք, սա՞ էր նրանց աջակցելը: Ասում ենՙ մենք ձեզ սերմ կտանք, դիզվառելիք, բայց ախր էս եղանակին ի՞նչ սերմ, ես ձմռանից գումար եմ ծախսել, լոլիկ ու սմբուկ աճեցրել, ջերմոցում սածիլներ եմ դրել, որ հիմա ծաղկած բերքը հողին հավասարվի՞, ու ինձ ասենՙ քեզ սերմ կտամ: Հունիսին ի՞նչ սերմ», ասում է Ասատրյանըՙ առաջարկելով կառավարությանը, որ աջակցեն, վարկերը սառեցնեն, որ կարողանան հաջորդ տարի տնկել ու գումարը տալ բանկերին: «Ես 2,5 հա այգի ունեմ, ծախսել եմ 2 մլն դրամ, որ բանկից էի վերցրել: Հիմա ումի՞ց գումար վերցնեմ, որ «չսկեմ» էդ պարտքերի մեջ: Ի՞նչ անեմ, ինձ մի ուղղություն ցույց տվեք, մի բան ասեք»:

Այս հարցը գյուղացիները բարձրացրել են նաեւ գյուղնախարարությունում, սակայն գերատեսչությունից պատասխանել են. «Սեփական բանկեր են, ոչինչ չենք կարող անել»:

«Դե չեք կարողՙ չեք կարող, մենք էլ գումար չունենք, ոչ էլ նորմալ գույք ունենք, որ կարող ենք ծախել, էդ գումարը տալ, ի՞նչ պետք է անեն, բոլորիս տանեն բա՞նտ նստեցնեն»:

Մինչ կառավարությունը վնասի չափն է պարզում, ստեղծվել է «Աջակցություն արմավիրցիներին» նախաձեռնող խումբ, որի անդամները պատրաստակամ են մեկնելու մարզ եւ օգնելու գյուղացիներին:

Այսօր նախաձեռնող խմբի անդամները կմեկնեն Արմավիր եւ հողագործական աշխատանքով կօգնեն գյուղացիներին: Միաժամանակ, նրանք էլ կբարձրացնեն հարցը, որ կառավարությունը հետամուտ լինի աջակցելու արմավիրցիներին:

 

Հասմիկ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ «Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031