Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում

Մայիս 18,2013 11:13

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:

Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկեցին Եվրախորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ ղեկավարը պատմական որակեց այն Հայաստանի համար եւ հույս հայտնեց, որ Եվրախորհրդի հայաստանյան   նախագահության եւ ԵԽԽՎ միջեւ արդյունավետ համագործակցություն կլինի, ինչը կնպաստի կազմակերպության խնդիրների իրականացմանը։

            Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում  Երեւանում ԵԽԽՎ բյուրոյի նիստի կազմակերպմանը առնչվող հարցեր։

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպեց նաեւ Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի  հետ:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զգալի զարգացում են ապրել՝ կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, եւ պայմանավորվեցին շարունակել քայլերը հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանի եւ Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսի հանդիպմանը երկուստեք կարեւորվեց  երկու տարի առաջ Հաագայում Հայաստանի դեսպանատան բացումը, որը կարեւոր խթան հանդիսացավ հարաբերությունների զարգացման համար:

  ԵԽ-ում Հայաստանի նախագահության համատեքստում  նախարարներն անդրադարձան կազմակերպության օրակարգային հարցերին, ԵԽ բարեփոխումների գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի եւ դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ Գործընկերոջ խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մավրոյանիսին: Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնեց, որ առաջին անգամ նախագահությունը ստանձնող Հայաստանը իր կարեւոր ներդրումը կունենա ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանությամբ զբաղվող համաեվրոպական կազմակերպության դերակատարության բարձրացման մեջ:

Զրուցակիցները անդրադարձան հայ-կիպրական բարեկամական փոխհարաբերությունների առավել ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել։

Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը ներկայացրեց երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Մայիսի 16-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարները:

«Հայաստանը բարձր լեռների  երկիր է, եւ բնական է, որ քարը մեզ համար գեղարվեստական ​​առաջին արտահայտչամիջոց է, որը վերածվել է արվեստի լեզվի։ Եթե ​​դա այն արվեստն է, որով հայ ժողովուրդը կարողացավ արտահայտել իր ստեղծագործ ոգին, ապա առաջին հերթին ճարտարապետության միջոցով։ Այն յուրահատուկ ձեւով զարգացել է դարեր ի  վեր՝ դառնալով համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Եվ մենք ուրախ են այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնել այն Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շրջանակներում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031