ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը ներառել ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում։
Նախագիծը վերաբերում էր ՀՀ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելուն, ըստ որոնց` առաջարկվում էր քվեարկությունից հետո ընտրատեղամասերում փակցնել ընտրացուցակները:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին հետաքրքրում էր` ընտրություններն ավարտվեցին, ինչու են հիմա այդ հարցն այլեւս քննարկում. «Թիրախը ո՞րն է, հաջորդ ընտրությունների համա՞ր եք ուզում»:
«Արտահերթ ընտրությունների համար»,- արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Կարդացեք նաև
«Ես իսկապես, անկեղծ ուզում եմ հասկանալ` ձեր կարծիքով այս փոփոխությունը ինչ-որ բան է փոխելո՞ւ ընտրությունների նկատմամբ վստահության առումով»,- հայտարարեց Լեւոն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ «Ժառանգություն»-ն իր վստահված անձանց չի վստահում: Սա վրդովվեցրեց Ռուբեն Հակոբյանին. «Մենք չենք վստահում ձեզ եւ ձեր իշխանությանը, մի քիչ կոռեկտ արտահայտվեք, երիտասարդ պատգամավոր»:
ՀՀԿ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կոչ արեց տարեց պատգամավորներին. «Խնդրում եմ երիտասարդներին հատուկ չդիմել երիտասարդ պատգամավորներ»: «Դա լավ է, որ ինձ համարում եք երիտասարդ պատգամավոր, բայց ես համեմատաբար երիտասարդ պատգամավոր եմ»,- արձագանքեց Լեւոն Մարտիրոսյանը:
Զարուհի Փոստանջյանը, անդրադանալով նախագծին, ասաց. «Հանրապետական խուժանը, շատ ներողություն, չեմ ուզում որեւիցե մեկին վիրավորել, բայց բոլորը մականունավոր եւ դիտորդական տարբեր կազմակերպությունների անվան տակ ընտրատեղամասերի մոտ հավաքվել էին եւ խոչընդոտում էին մեր աշխատանքը»:
«Զառա ջան, հաշվի առնելով, որ ես էլ եմ ՀՀԿ-ական, իմ ներկայությամբ հանրապետական խուժանը կամ քո գործընկերոջ պատգամավորը դիմում ես Սասի Արտակ, ես չեմ կարծում, որ դա կոռեկտ է»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
«Օրինակ` ձեզ դուր կգա՞, որ ձեզ ասեն «Ժառանգության» Զառա»,- նկատեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Բայց իմ անունը հիմնականում հենց այդպես էլ հնչում է»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը:
Մանրամասները՝ այստեղ: