Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին ԿԸՀ-ում պատմեց, թե ինչպես է Գագիկ Բեգլարյանին ձեռքով բարեւել ու զղջացել

Մայիս 17,2013 22:08

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվեց թիվ 9/05 ՏԸՀ անդամ Վարդգես Գասպարիի դիմում-բողոքը՝ այդ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին: Դիմումին կից նա ներկայացրել է լուսանկարներ, որտեղ երեւում է այն տղամարդը, որը ըստ պարոն Գասպարիի, ընտրակաշառք է բաժանել: Դրա մասին գրանցամատյանում գրառում է կատարել: Դիմումում նա նշել է. «ՀՀԿ օգտին քվեաթերթիկների որոշակի խմբաքանակներ են եղել՝ մի քանի գույնի գրիչներով նշումներով: Ամենայն հավանականությամբ, ՏԸՀ-ն դիտավորյալ այնպես է ներկայացրել, իբր ես խախտում եմ համարում գունավոր գրիչով նշում անելը, մինչդեռ բողոքում եղել է, որ 9/05 տեղամասի հաշվարկի ժամանակ նկատելի է եղել տարբերանշանով առանձնացող քվեաթերթիկներ, մոտավորապես ՀՀԿ-ի օգտին 10 տոկոսի նշումն արված է կանաչ գրիչով, 10 տոկոսինն արված է կարմիր գույնի գրիչով, մոտ 5 տոկոսի նշումն արված է նարնջագույն գրիչով: Հատկանշական է, որ տարբերանշանով քվեաթերթիկներ եղել են այդ տեղամասում միայն ՀՀԿ-ի օգտին: Քվեաթերթիկների՝ որոշակի տարբերանշան կրելու հանգամանքը չի փորձել նկատել ՏԸՀ-ն: Երբ ես փորձում էի նկարել մուտքը եւ այնտեղ կուտակված մարդկանց, այդ մարդիկ դրսեւորում էին ագրեսիվ խուլիգանական պահվածք: Նրանք  փախչում էին տեսախցիկների, ֆոտոխցիկների առջեւից, հեռանում էին, իսկ հետո նորից գալիս-կուտակվում էին մուտքի մոտ եւ շարունակում ընտրողներին ուղղորդելու գործը»:

Ըստ Գասպարիի, հանձնաժողովը պատասխանատու է նաեւ տեղամասից 50 մետր շառավղով կատարվող խախտումների համար, ուստի, այդ ուղղորդումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա, պետք է անվավեր ճանաչել արդյունքները:

ԿԸՀ նախագահը, ինչպես տեղեկացրել ենք, ամաչում էր կարդալ Գասպարիի դիմումն ամբողջությամբ, քանի որ այնտեղ իր գնահատմամբ էթիկայից դուրս ձեւակերպումներ ու բառեր կային: Գասպարիի խոսքերով՝ «Եվրոդաստիարակված ձեր հանձնաժողովի այդ ամոթխածությունը մի քիչ տեղին չի, որովհետեւ ես կարծում եմ, որ իրենք հովանավորվում են պետականորեն, եւ ունեն աջակիցներ ու թիմակիցներ, այդ թվում եւ այս հանձնաժողովում»:

Երբ Վարդգես Գասպարին  հանձնաժողովում ներկայացնում էր տարբեր դրվագներ, պատմեց նաեւ Գագիկ Բեգլարյանի այցի մասին՝ այդ ընտրատեղամաս. «Եկավ Գագիկ Բեգլարյանը, ես ցավոք սրտի զբաղված էի եւ չնկատեցի, որ ինքն ա, ձեռքով բարեւեցի»:

Տիգրան Մուկուչյանը ծիծաղեց՝ ասելով՝ «Բարեւն Աստծունն ա, պարոն Գասպարի»:

Գասպարին չհամաձայնեց՝ գոռալով՝  «ոչ»: «Աստծունը չի՞, բա ո՞ւմն ա»,- զարմացավ ԿԸՀ նախագահը:

ԿԸՀ-ն միաձայն որոշեց մերժել Վարդգես Գասպարիի դիմումը՝ գտնելով, որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, որոնք կհիմնավորին դիմումում ասվածը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Ակնհայտ է, որ գուանոր գրիչներով քվեարկումը արվել է հաշվելու համար, թե կաշառք ստացածներից քանիսն են’ճիշտ’ քվեարկել: Պետք է արգելել այլ գույները, բացի մեկ սահմանված գույնից; Բայց դե օրենքը ո՟վ է գրում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031