Այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ քննարկվեց Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոքը՝ թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 10.05.2013 9-Ա որոշման դեմ: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը նախապես արդեն հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել այդ նիստին, որովհետեւ բացի այն, որ իրեն նիստի մասին նիստից մի քանի ժամ առաջ են տեղյակ պահել, նաեւ ԿԸՀ-ին համարում է կեղծարար եւ անգործության մատնված մարմին:
Այս առնչությամբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հարկ համարեց պարզաբանել, թե ինչու են այդպես տեղեկացրել Զարուհի Փոստանջյանին: Նրա բացատրելով՝ հանձնաժողովն այս օրերին գերծանրաբեռնված է աշխատում, վարչական դատարանում մի շարք հայցեր են քննվում, իրենք պետք է պատշաճ ներկայանան դատական նիստերին, ուստի նախագծերը դիմում-բողոքների, երբ պատրաստվում են, նշանակվում են նիստերը. «Այսօրվա նիստի պատրաստումն իրականացվել է առավոտյան: Ժամի հետ կապված տիկին Փոստանջյանին իրազեկվել է»: Ավելին՝ Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց, որ այնքան բարեխիղճ են գտնվել, որ չնայած դիմումում հեռախոսահամար նշված չի եղել, իրենք գտել են պատգամավորի հեռախոսահամարը եւ նրան այդպես էլ են պատշաճ ծանուցել նիստի մասին. «Մինչեւ ժամը 15-ը տիկին Փոստանջյանի կողմից հեռախոսազանգերին չի պատասխանվել: Չներկայանալը խոչընդոտ չէ նշված դիմումի իրականացման համար»:
ԿԸՀ անդամները միաձայն ընդունեցին որոշման այն նախագիծը, որով մերժեցին Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ գտնելով, որ թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը եղել է իրավաչափ եւ փաստական հանգամանքներ չկան, որ կարող է ծագել վարչական զանցանքի համար պատասխանատվություն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ