Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Դ.Մխիթարյանի կողմից թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ.Մխիթարյանը թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից երեք քվեաթերթիկներում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և նշված քվեաթերթիկները քվեատուփը գցելու եղանակով փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ: Սակայն հանձնաժողովի անդամներից մեկը նկատել է և կանխել:
Նախաքննությամբ պարզվել է, որ ընտրողին երեք ծրար և նույնքան քվեաթերթիկ տրամադրել է նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Է.Մանուկյանը, ով վիճակահանությամբ հանդիսացել է թիվ 08/23 ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Է.Մանուկյանին` 38-34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազության
մամուլի ծառայություն