Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում է Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել մայիսի 17-ին կայացած հանդիսավոր նիստին՝ շնորհավորելով աբխազ գործընկերներին հոբելյանի կապակցությամբ և նշելով, որ Արցախում ուշադիր հետևում են Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին և ուրախանում են նրա հաջողություններով:
«Վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ապացուցում են, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը շարունակում է մնալ միջազգային վեճերի լուծման ամենաօպտիմալ միջոցը»,- ընդգծել է, մասնավորապես, կարեն Միրզոյանը:
Կարդացեք նաև
Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետագա փոխգործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հոբելյանական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարների նիստ, որում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:
Այցի ընթացքում կայացել է նաև արցախյան պատվիրակության հանդիպումը Աբխազիայի հայկական համայքի ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն