«Երկու տոների համընկնումը մեզ համար կրկնակի տոն է: Կլինեն թե ավանդական դարձած միջոցառումներ, եւ թե նորություններ: Թանգարանը ներկայացնելու է Արամ Խաչատրյանի «Երեք հասակ» ցուցադրությունը, որտեղ կցուցադրվեն Արամ Խաչատրյանի լուսանկարները, որոնք պահպանվում են թանգարանի արխիվում »,-այս մասին այսօր «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում ասաց Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը:
Ըստ բանախոսի`լինելու է Ա. Խաչատրյանի տրիոյի տրիոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որը նվիրված է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործություններին:
Միջոցառումների շրջանակում «Բարեկամություն» համույթի պարուսույցները իրականացնելու են Ա. Խաչատրյանի բալետների պարերի ուսուցում, ինչպես նաեւ երգերի ուսուցում է լինելու:
Գրիգորյանի փոխանցմամբ` «Արտասովոր Խաչատրյանը» միջոցառման ընթացքում հնչելու են Ա. Խարատրյանի մեղեդիների ջազային մեկնաբանությունները: «Երաժշտական ծրագրի ընթացքում մեզ կմիանա երաժիշտ Արա Գեւորգյանը եւ իր ընկերները, ինչպես նաեւ կլինեն անակնկալներ, որի մասին առայժմ ասել չեմ ցանկանում» :
Կարդացեք նաև
Դաշնակահարուհին հույս է հայտնում, որ մի օր մեզ մոտ կհայտնվի ընտանիքներով թանգարան այցելելու մշակույթը. «Թվում է, թե մոտ է, թանգարանի կողքին ապրում ենք եւ մի օր կայցելենք եւ ամեն անգամ հետաձգում ենք: Լավ կլինի, որ չհետաձգենք եւ ձեռք բերենք ընտանիքով թանգարան այցելելու կուլտուրա»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ