Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է գտնվում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Երեկվանից մարզ այցելած դեսպանը Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ, որի ընթացքում քննարկվեց Սյունիքի մարզում ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ հետագա համագործակցության հեռանկարները: Այնուհետեւ դեսպանը մասնակցեց զբոսաշրջության զարգացմանն ուղղված ԵԱՀԿ եւ USAID համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում 2012թ.-ին իրականացված դասընթացների շրջանավարտներին մասնակցության վկայականների հանձնման արարողությանը: Իսկ վկայականները հանձնվեցին Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանների հյուրանոցների, ռեստորանների, հյուրատների ներկայացուցիչներին եւ զբոսավարներին:
Այսօր առավոտյան Անդրեյ Սորոկինը Կապանում հանդիպեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, որի ընթացքում երկու կողմերը դրական գնահատեցին համատեղ համագործակցությունը եւ հույս հայտնեցին, որ շարունակական համագործակցությունը եւս արդյունավետ ու շոշափելի արդյունքներ կտա: Այնուհետեւ դեսպանն ու ու Կապանի քաղաքապետը վկայականներ հանձնեցին զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացների Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների մասնակիցներին:
Սյունիքի մարզում հյուրընկալության հմտությունների բարձրացման նպատակով՝ մարզի նաեւ այս երկու տարածաշրջանների զբոսավարների, հյուրանոցների, հյուրատների ադմինիստրատորների եւ սպասարկող անձնակազմի, սննդի արդյունաբերության մեջ ներգրավված ընկերությունների համար 2012թ-ին անցկացվել էին վերապատրաստման դասընթացներ: Ընդհանուր առմամբ՝ Սյունիքի մարզի 4 քաղաքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 140 մասնակիցներ:
Կարդացեք նաև
«Ունեցանք մասնակիցներ մարզի բոլոր տարածաշրջաններից: Մենք փորձեցինք մասշտաբային ծրագիր անել, որպեսզի ազդեցությունը նկատելի լինի բոլոր քաղաքներում եւ կարողանանք որակական փոփոխություն տեսնել, քանի որ փոքր եւ կտրտված ծրագրերով չենք կարողանում սատանալ այն արդյունքը, որը պետք է ստանանք», -ասաց Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի համակարգող Արմեն Շահբազյանը: Իսկ պարոն Սորոկինը ողջունեց մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնեց հանդիպմանը մասնակցելու համար: «Շնորհակալություն, որ ժամանակ եք գտել մեզ հետ հանդիպելու համար, նաեւ ցույց տալու, որ մենք ամեն դեպքում միասին ենք, իսկ միասին հեշտ է առաջ ընթանալ, հետաքրքիր է աշխատել եւ համագործակցել», – նշեց Ա. Սորոկինը:
Կապանի քաղաքապետը կարեւորեց այս եւ մյուս ոլորտներում իրականացվող ծրագրերը եւ հույս հայտնեց, որ երկկողմ համագործակցությունը այսուհետ կզարգանա եւ ավելի շոշափելի, զգալի պտուղներ կտա:
Զբոսաշրջության զարգացման դասընթացների մասնակից կապանցի Ռոբերտ Մաթեւոսյանը բարձր գնահատեց անցկացված դասընթացները եւ կարեւորեց այն հանգամանքը, որ ստիպված չեղավ մասնագիտական հմտություններ ձեռքբերելու համար Կապանից հասնել Երեւան, այլ՝ տեղում ստացավ անհրաժեշտ գիտելիքները: «Այօրվա դրությա,բ ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում եւ Սյունիքը համարվում է Հայաստանի հեռավոր մարզերից մեկը, ոչ բոլորին է հարմար նման դասընթացներին մասնակցելու կամ վերապատրաստման համար գնալ Երեւան, մի քանի ամիս մնալ այնտեղ, աշխատանքից կտրվել եւ այլն…»,- ասաց Ռոբերտը:
Իսկ մեղրեցի զբոսավարը դրական գնահատելով դասընթացի արդյունքները, ցանկություն հայտնեց, որ մի օր Սյունիքը Հայաստանի զբոսաշրջության զարգացման «ողնաշարային» կենտրոն կդառնա:
Կապան այցելած հյուրերն այնուհետեւ հյուրընկալվեցին ԵԱՀԿ-ի աջակցությամբ գործող՝ «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ում, որը նշում էր իր գործունեության 4-րդ տարին, եւ տեղում ծանոթացան կենտրոնի քառամյա գործունեությանը, առաջիկա անելիքներին, ինչպես նաեւ իրականացրած բազմաթիվ ծրագրերին ու ձեռքբերումներին: Դեսպանի աշխատանքային այցի երկրրոդ օրը նախատեսված է այցելություն «Շիկահող» պետական արգելոց եւ հանդիպում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի հետ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ