Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» մատուցողն ասաց, որ կին հաճախորդները սպառնացել էին շիշը նետել հայհոյողների ուղղությամբ

Մայիս 17,2013 18:06

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Գեւորգ Միքայելյանը:

Նա մինչ օրս աշխատում է համալիրում, ճանաչում էր բոլոր ամբաստանյալներին` Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, որին Ալիկ են անվանում, Նորայր Հայրապետյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին, Արթուր Բաբլոյանին:

Այս վկան հայտնեց, որ դեպքի օրը (2012թ.հունիսի 17) սպասարկել է մեկ այլ պատվիրած սեղանի հաճախորդների: Իր հիշելով կնունքի թե ծնունդի արարողություն էր, հաճախորդների մեջ եղել են կանայք, երեխաներ:

Իր հաճախորդները հայտնել են, որ դիմացի սեղանից լսվում է հայհոյանքներ, հետո տեսել է, թե ինչպես են մատուցող Դավիթին մի քանի հոգով հրելով դուրս հանում:

Նա տեսել է վեց-յոթ անձ, նաեւ` աղջիկ: Վկան հայտնեց, որ  տասնհինգ մետր հեռավորության վրա էր կատարվածը: Նա տեսել էր  անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանին, որը հանգստացնում էր կռվողներին: Մեջտեղում, ըստ իր տեսածի, իր գործընկերն էր` Դավիթը:

Մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ «Երբ տեսար հրում էին Դավթին, չզեկուցեցի՞ր տնօրինությանը»,- վկան ասաց, որ ոչ, քանի որ մտքով չի անցել…

Նա ասաց, որ իր խնդիրը հաճախորդների ուշադրությունը շեղելն էր:

Հարցին էլ, թե նման բան եղե՞լ էր մինչ այդ, վկան տվեց բացասական պատասխան:

Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանին հետաքրքրեց, թե ինչ պարտականություն ունի մատուցողը, վկան ասաց՝ ներկայանալ աշխատանքի, սպասարկել սեղանները:

Ամբաստանյալ  Դավիթ Ադամյանը հարցրեց, թե վկան ինչ էր ասել իրեն, երբ մոտեցել էր. «Կանայք ուզում էին հայհոյանքների համար շիշը գլխներովը տալ»: Վկան պատասխանեց, թե չի հիշում:

Այդ օրն աշխատանքն ավարտելուց հետո վկան տուն է գնացել, իսկ երբ հաջորդ օրը եկել է աշխատանքի, իրեն կանչել են ոստիկանություն, եւ այդ ժամանակ է իմացել, թե ինչ է եղել: Ներկայումս էլ ռեստորանային համալիրում աշխատելով որեւէ խոսակցություն չի լսել:

Դատարան ներկայացած այսօրվա միակ վկան պատասխանելով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցերին,  տեղեկացրեց, որ այդ օրը դրսից հրավիրված մատուցողներ էլ են եղել, մոտ վեց հոգի, որոնց թե անունով, թե նկարագրելով չի կարող հիշել:

«Կարո՞ղ եք նկարագրել ծննդյան սեղանին նստածներին»,- Տ.Եգորյանի հաջորդ հարցին էլ՝ վկան դարձյալ պատասխանեց բացասաբար: Ըստ էության, որեւէ էական հանգամանք այս վկայի ցուցմունքով էլ ի հայտ չեկավ:

Այսօր դատարանը հրապարակեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի գրությունը, որով խնդրում էր դատարանին իրենց կալանավոր Արման Բաղդասարյանի կողմից քաղաքացիաիրավական գործառույթ` իր անունից լիազորելու համար` տալ համաձայնություն: Սրան առարկեց տուժողների ներկայացուցիչը, ակնարկելով հնարավոր քաղհայցը: Ի դեպ, այսօր դատարանը սպասում էր խոստացված քաղհայցին: Սակայն Տ.Եգորյանը խոստացավ հաջորդ դատական նիստին ներկայացնել:

Արման Բաղդասարյանի պաշտպանը` Միհրան Պողոսյանն ասաց, որ ապրիլից դատարանում է գտնում ՔԿՀ պետի գրությունը, եւ իր պաշտպանյալն էլ զրկված է իր իրավունքն իրականացնելուց:

Դատարանը որոշեց Արման Բաղդասարյանին չխոչընդոտել:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 25-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031