Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում վարույթ է ընդունել «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումը և դրա քննությունը համարել սկսված: Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Թևան Պողոսյանն ասաց, որ ինքն այս օրերին Լյուքսեմբուրգում է և վերադառնալուն պես կանցնի գործի:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյութունջյանը վիրավորվել էր ԱԺ Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի խոսքերից և դիմել էր ԱԺ Էթիկայի հանձնաժողով: Նրա ներկայացմամբ, ինքն իր նամակում գրել էր հետևյալը.
«Հայտնում եմ Ձեզ, որ 18.04-ին հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի և ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իր արժանապատվությունը: Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ և անընդունելի է: Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսին պատգամավորների տեսնել. Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում»:
Կարդացեք նաև
Նաիրա Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը բավական հանգիստ է խոսել տնօրենի հետ և ասել էր, որ միջնորդելու է, որպեսզի Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացվեն դռնբաց: