Այսօր՝ ժամը 18-ին, ԿԸՀ-ում քննարկվելու է Զարուհի Փոստանջյանի բողոքը՝ թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 10.05.2013 9-Ա որոշման դեմ: Բողոքում մասնավորապես նշված է՝ « 2013 թվականի մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ ընտրության օրը, «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձ Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել է թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով 4-րդ ընտրատարածքի տարբեր ընտրատեղամասերում ընտրախախտումների մասին փաստեր՝ ակնկալելով թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից՝ որպես օրենքով լիազորված վարչական վարույթ իրականացնող մարմին, վարչական վարույթի շրջանակներում գնահատական տալ տեղի ունեցած խախտումներին և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:
10.05.2013 թվականին թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Զարուհի Փոստանջյանի դիմումի քննության մասին 9-Ա որոշմամբ մերժել է Զարուհի Փոստանջյանի բողոքը հետևյալ պատճառաբանությամբ` «Զարուհի Փոստանջյանի 05.05.2013թ. դիմումում նկարագրված հանգամանքները չեն կարող որակվել որպես քվեարկության արդյունքների վրա ազդող հանգամանքներ:
1) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների խախտում չհանդիսացող հանգամանքների մասով համարել առարկայազուրկ: 2) Իրավունքների իրացմանը խոչընդոտող հանգամանքները համարել վերացված: Թիվ 4 ըտրատարածքային ընտրական հանձնաժողովը, լինելով վարչական վարույթ իրականացնող և պատասխանատվություն կրող մարմին, ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման օրինականության համար սույն գործով և ընդհանրապես 2013 թվականի մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ստանալով բազմաթիվ դիմումներ և բողոքներ, դրսևորել է անգործություն, ոչ միայն իր նախաձեռնությամբ չի հարուցել վարչական վարույթ, այլ նաև իմ կողմից ներկայացված բողոքի հիման վրա վարչական վարույթի քննության արդյունքում չի ցանկացել իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրավունքների իրացման խոչընդոտող հանգամանքների փաստի վերաբերյալ պատասխանատվության կանչել զանցանք կատարող անձանց»:
Զարուհի Փոստանջյանը պահանջել է պատասխանատվության ենթարկել զանցանք կատարող անձանց:
Կարդացեք նաև
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրեն մոտ կես ժամ առաջ են տեղեկացրել, որ այսօր է ԿԸՀ-ում քննվելու գործը: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Այնուամենայնիվ, ես չեմ մասնակցելու այդ քննարկմանը: Ես բողոքարկելու եմ իրենց բոլոր գործողությունները՝ դատական կարգով, որովհետեւ քաջ գիտակցում եմ, որ ԿԸՀ-ն ուղղակի համադրում է այդ կեղծարարների շարքը: Ինքը որեւիցե կերպ չի նպաստում, որ ընտրությունները օրինական անցնեն: Մեր վերջին բողոքները նրա կողմից անգործությանն են վերաբերվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սիրելի Զարուհի, բոլորս էլ գիտենք, որ ԿԸՀ-ը ընտրությունները խեղաթյուրող համար առաջին կառույցն է, վստահ ենք, որ Հայաստանի դատարաններն էլ լծված են նույն գործին, էնպես որ դատարան դիմելն էլ գործին չի օգնի: Այս վիճակից դուրս գալու միակ ուղին ներկա քրեաօլիգարխիկ համակարգից ամեն գնով ազատվելն է, իսկ դրա համար հարկավոր է նախ ՀՀԿ-ից`որպես այդ համակարգի հենասյունից ազատվել: