Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով անջատված մասի տեղեկությունները կհրապարակվե՞ն

Մայիս 17,2013 17:09

 

PrevPhoto
NextPhoto

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան եւ նրա 4 ընկերների նկատմամբ բռնարարքների գործով հերթական դատական նիստը: Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանին եւ դատավարության կողմերին տրամադրեց մեղադրական եզրակացությամբ ներկայացված վկաների ցուցակը լրացնելու միջնորդությամբ: Տ. Եգորյանը միջնորդել էր դատարան հրավիրել 28 վկաների, որից 4-ը պաշտպանության նախարարության բժիշկներ էին, ինչպես նաեւ ցուցակը գլխավորող՝ «Դավիթ-ԴՎՍ» սահմանափակ պատասխանատվության ընկերության պատասխանատու Ռուբեն Հայրապետյանին: Ըստ միջնորդության՝ դեպքի օրը՝ անցյալ տարվա հունիսի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում նրան է զանգահարել ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչ Զոհրաբյանը (ի դեպ, նա արդեն դատարանում ցուցմունք տվել է- Ռ. Մ.) եւ հայտնել՝ «ռեստորանային համալիրի աշխատողները կռվել են մի քանի հաճախորդի հետ»: Միջնորդության մեջ, որը դատարանի կողմից չհրապարակվեց, այսպիսի հիմնավորում կար՝ Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ նրանից հետո զանգել է այս գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանին եւ հանձնարարել պարզել, թե ինչ է տեղի ունեցել: 2012թ. Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դը Արմենի մագազին»-ի թղթակցին՝ Սեդա Մավյանին նա ասել է. «Ամենածիծաղելին այն է, որ անգիր գիտեմ այն 6-ին եւ թե կռիվն ով է սարքել… Վարորդը, որն իր կյանքում կռիվ արած չկա»: Ըստ Տ. Եգորյանի միջնորդության, Ռուբեն Հայրապետյանին հայտնի են այլ տվյալներ, որոնք նախաքննության մարմնին հայտնի չեն եղել:

Մեղադրող Արթուր Դավթյանը առարկեց միջնորդության դեմ, գտնելով, որ այն անհիմն է, մերժման ենթակա: Նա ասաց, որ վկաներն արդեն իսկ հարցաքննվել են եւ կան վկաներ, որոնց ինքնությունը ճշտել հնարավոր չէ: Ավելին՝ մեղադրող Արթուր Դավթյանը մի հայտարարություն արեց, թե կան վկաներ, որ անջատված մասով կանչվել են եւ չբացառեց, որ նախաքննության մարմինը եթե թույլ տա, ապա անջատված մասով նրա տեղեկությունները կհրապարակվեն այդ մայր գործով: Թերեւս սկանդալային է այդ հայտարարությունը, քանի որ մեր համեստ կարծիքով՝ նախաքննության փուլում գտնվող որեւէ քրեական գործի տվյալ օգտագործել այլ քրեական գործի դատաքննության ժամանակ, հիմնավոր չէ: Ի դեպ, հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվի Վահե Ավետյանի եւ նրա ընկերների հետ , դեպքի օրը ականատես եղած Դիանա Նավոյանը: Նրան դատարան կանչելու միջնորդությունը արել էր պաշտպանական կողմը, ինչին չառարկեցին այսօր տուժողների ներկայացուցիչները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031