«Եթե ակնկալում էինք արդարացի որոշում Վճռաբեկ դատարանից, ապա պետք է լիներ երիտասարդների արդարացման եւ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման մասին որոշումը: Տեղի ունեցավ մի բան, որը պայքարի արդյունքում առաջացած միջազգային ճնշման հետեւանք էր: Վճռաբեկը չկարողացավ թողնել Վերաքննիչի որոշումը նույն կերպ՝ նա ստիպված եղավ ընդունել որոշ բացթողումներ՝ անվանելով դրանք թերի քննություն: Հենց դրա տակ հստակ ձեւով մատնանշեց այն բոլոր ապօրինությունները, որոնք թույլ են տրվել վերաքննիչի կողմից՝ կողմերի հավասարության սկզբունքի չպահպանումն էր, վկաների ոչ բավարար հարցաքննությունն ու ապացույցների ոչ բավարար հետազոտությունը: Այս ամեն ինչը կարող էին լինել իշխանությունների հետ հանցավոր համաձայնության հետեւանքով: Վճռաբեկը դա ընդունեց, ինչ կլինի վերաքննության արդյունքում՝ կախված է իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային կառույցների եւ փողոցային ճնշումներից,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր դատախազության դիմաց ՀԱԿ երիտասարդների արդարացման եւ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ վստահեցրեց, որ ամենայն հավանականությամբ, մինչեւ օգոստոս Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ չի լինելու. «Ոչ մեկը չի կարող մեզ այդ մեր սկզբունքից հետ կանգնեցնել, չկա էդ մարդը Հայաստանում: Չկա էդ իշխանությունը, որ համոզի, որ քաղբանտարկյալ պետք է լինի, ու մենք էլ խեղճանանք»:
Նա երիտասարդների գործով Վճռաբեկ դատարանի որոշումը համարեց կես քայլ առաջընթաց.«Թեպետ իշխանությունն այդ քայլով երկարաձգեց Տիգրանին բանտում պահելու ժամկետը, բայց Վերաքննիչ դատարան ուղարկելու գործը նշանակում է, որ ինչ-որ բան ճիշտ արված չէ երկրորդ ատյանի դատարանում: Եթե իշխանությունը սա արձանագրում է, ապա համարում եմ դա առաջընթաց»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ