Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գազի գնի թանկացման դեպքում կառավարության քայլերը կթեթևացնե՞ն քաղաքացիների բեռը

Մայիս 17,2013 16:09

«Եթե սուբսիդավորումը կատարվելու է հարկային պրեսսինգի միջոցով, ապա դա հանգեցնելու է առանց այդ էլ վատ բիզնես միջավայրի ավելի վատացման»,- Aravot.am-ի այն հարցին, թե կառավարության նիստում վարչապետի առաջարկած լուծումը կմեղմացնի՞ գազի գնի թանկացման հնարավոր հետեւանքներն, այսպես պատասխանեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե կառավարությունը գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորելու է: Վարչապետն այս հարցով գրավոր դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Տ. Սարգսյանը նաեւ ասել է, որ աջակցելու են սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի գազի գնի բարձրացման ազդեցությունը այս ընտանիքների վրա մեղմեն:

Ա. Թևանյանը շարունակելով՝ նշեց, թե սուբսիդավորումը հարկատուների վրա բացասական ազդեցություն կունենա, քանի որ եթե բյուջեից պիտի սուբսիդավորեն, ապա ինչ-որ մեկը պիտի վճարի դրա համար: Պարոն Թևանյանը նաև հիշեցնում է. «Մինչդեռ խոստացվում էր, որ նման բան չի լինի: Նախ սուբսիդավորումը համարվում է սխալ քաղաքականություն և հետո էլ հայտարարվում էր, որ գազի թանկացում չի լինի: Պատահական չէ, որ ընտրությունների ցիկլն ավարտվեց, և թանկացումները սկսվեցին: Պրոցեսը վաղուցվանից կար, ուղղակի դա պահում էին ընտրություններից հետո: Այստեղ ամենակարևորն այն է, թե ինչու հենց այս չափով պիտի գները փոխվեն: Այդ հարցը տնտեսագիտորեն բացված չէ: Հետո մի նրբություն էլ կա. նախնական հայտարարվել էր, որ գազի գինը մոտ 67 տոկոսով է բարձրանալու: Եթե 30-ը սուբսիդավորում են, ուրեմն մնացածը պիտի թանկանա, դա պարզ է: Չնայած հայտարարվում է, որ անապահով խավերին կփոխհատուցվի գազի գինը, այնուամենայնիվ միտումնավոր մոռացության է տրվում այն, որ զուգահեռ կթանկանան գազի օգտագործման հետ կսպված ապրանքների և ծառայությունների գները` հացամթերքը, հրուշակեղենը և այլն»:

Ըստ Ա. Թևանյանի` «իշխանությունները ժողովրդին փաստի առաջ են կանգնեցրել»: Նա այս կառավարությանը տվեց հետևյալ գնահատականը. «Իրենք ՀՀ ամենաանհաջող կառավարություններից են, և ամենաանհաջող վարչապետն է` ունենալով մեկնարկային լրիվ այլ պայմաններ»:

ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ի պատասխան հարցի՝ նշեց, թե նայած սուբսիդավորումն ինչպես է ուղղված և հասարակության որ շերտին է ուղղված: Այնուհետև ասաց, թե ինքը չգիտի` ինչ սկզբունքով են սուբսիդավորելու: Հ. Հակոբյանը օգնությունը տեղ հասցնելը համարում է քաղաքական սկզբունք և նկատում. «Օրինակ` օգնել մարդուն էժան ապրանք ձեռք բերել, կամ փողը տալ մարդուն, ասել գնա շուկայից թանկ ապրանք գնի: Միայն տնտեսագիտական վերլուծության արդյունքում կարելի է որոշում կայացնել` որն է ճիշտը»:

Հետաքրքրվեցինք` կառավարության մեկնարկային քայլերն արդյոք ճի՞շտ են և նպատակաուղղվա՞ծ: Հ. Հակոբյանը պատասխանեց. «Կառավարությունը հո չի կարող թողնել մեր հասարակությանն անօգնական, որն արդեն աղքատության շեմից ցածր եկամուտներ ունի»:

Պարոն Հակոբյանը գազի գնի թանկացումն ընտրությունների հետ չի կապում և համարում է զուգադիպություն. « Գազի գնի հետ կապված մենք ունեինք դոլար- դրամ այլ հարաբերակցություն: Երբ գազի համար 180 դոլար ինքնարժեքային գին էինք սահմանել, այն ժամանակ դոլարը 380 դրամ էր, երբեք չի իջել, ավելին՝ 415 դրամ է դարձել: Հետևաբար այդ վնասի փոխհատուցումը պիտի կատարվի, ձեռնարկության վնասները պիտի փակվեն»:

Մեր այն հարցին` իսկ ինչո՞ւ դա պիտի արվի շարքային քաղաքացու հաշվին: Հ. Հակոբյանը պատասխանեց. «Քաղաքացու հաշվին և քաղաքացու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031