Այսօր հասարակությունն ու բիզնեսը էականորեն կախված են «ՀայՌուսգազարդից», մենք այլընտրանքային էներգետիկ աղբյուրների մասին հոգ չենք տարել մեր հանրապետությունում եւ ըստ էության, կառավարությունը մեզ կախվածության մեջ է գցել այդ ընկերությունից, եւ, ասում են՝ այս գինն է, ուզենք, թե չուզենք՝ պիտի ընդունենք: Այսօր «Հայացք» ակումբում ասաց Հայաստանի գործատուների միության հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Գազի թանկացումով ամբողջ տնտեսությունն է թանկանալու, ըստ պարոն Մակարյանի, գուցեեւ որոշ ընկերություններ, իրենց շահույթի հաշվին գազի գնի տակից դուրս գան: Օրինակ՝ հանքարդյունաբերական ընկերությունները, չեն կարող թանկացնել իրենց ապրանքը, քանի որ իրենք միջազգային պայմանագրեր ունեն եւ հաստատված գներ կան, ուստի այդ ընկերությունները պետք է իրենց շահույթը նվազեցնելու հաշվին այդ ծախսերը փակեն: Եվ նման իրավիճակում, բնականաբար կհայտնվի ամբողջ բիզնեսը:
Պարոն Մակարյանի խոսքերով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն էլ սուբսիդավորման վերաբերյալ, առանց տնտեսական հաշվարկի ու հիմնավորման է, կարծես թե պահի տակ ընդունած որոշում, որի պատճառը բողոքի ալիքն էր՝ կառավարության շենքի մոտ կազմակերպած ցույցը. «Վարչապետի հայտարարությունը տարօրինակ էր, վարչապետն իրավունք չուներ անել այն, ինչ ասաց նիստի ժամանակ՝ ես դիմել եմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի գինը վերանայելու համար: Բացի այս, գազի սուբսիդավորումն էլ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»:
Ըստ պարոն Մակարյանի, չի էլ մանրամասնվում, թե ովքեր են սուբսիդավորվելու, քաղաքացինե՞րի հետ նաեւ խոշո՞ր բիզնեսը, եւ ի վերջո, ո՞ւմ հաշվին է սուբսիդավորելու, ժողովրդի վճարած հարկերի հաշվին կառավարությունն իրականում ոչ թե աջակցում է հասարակությանը, այլ այդ սուբսիդավորմամբ կրկին «ՀայՌուսգազարդի» բյուջեն են լցնում:
Գործատուների միության հանրապետական նախագահը նաեւ հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ հասարակության հաշվին պետք է «ՀայՌուսգազարդը» իր թանկարժեք գրասենյակները, մեքենաներն ու անիմաստ շատ աշխատակիցների բարձր աշխատավարձերը ապահովի. «Գերէլիտար պայմաններով է աշխատում «ՀայՌուսգազարդը»: Կարծում ես այստեղ կառավարությունը պետք է օպտիմալացման խնդիրը դնի նրանց առջեւ. ելնելով էկոնոմիկայի տեսանկյունից, գոնե բարոյական առումով, եթե ոչ տնտեսագիտական, գուցե իմաստ չունի բոլորի հաշվին այդպիսի լավ կեցություն ապահովել «ՀայՌուսգազարդին»»:
Կարդացեք նաև
Պարոն Մակարյանի դիտարկմամբ, վերջերս նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացման նախագիծն է շրջանառության մեջ դրվել, եւ այստեղ լուրջ խնդիր կա, նախ փոքր բիզնեսի ներկայացուցիչներն ինչպես են գազի գնի բարձրացման հետ նաեւ աշխատավարձեր բարձրացնելու. «Նրանք ստիպված կամ պիտի կրճատումներ անեն, կամ էլ ստվերով աշխատեն»: Ի վերջո, պարոն Մակարյանի կարծիքով, գազի գնի բարձրացումը նոր միգրացիայի, աղքատության ու հուսահատության ալիք է բարձրացնելու:
Բացի այս, ինչպես ասաց գործատուների միության նախագահը,, քանի որ մեր տնտեսությունն առանձնապես դիվերսիֆիկացված չէ, ուստի գազի թանկացումով մենք կարող ենք հրաժեշտ տալ տնտեսության մի շարք ճյուղերին. «Հազարավոր բիզնեսմեններ վարկեր են վերցրել, հաշվարկներ են արել այդ վարկերի ու տոկոսների վրա, մարդիկ վարկ են վերցրել ջերմոցներ են կառուցել, որոնք էլի գազով են աշխատում, գազի թանկացումով այս մարդիկ չեն կարողանալու վարկերի տակից դուրս գալ, եւ կսկվի համատարած հարկադիր կատարողականների գործընթացը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ