ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 2/3-ը տեղյակ չէ իր կարգավիճակի մասին, ուստի այն մարդիկ, որոնք ՄԻԱՎ վարակի փոխանցման առումով վտանգավոր վարքագիծ են վարում, պետք է պարտադիր հետազոտվեն: Այսօր «Հենարան» ակումբում «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» անդամները` հաղորդավար Լուսինե Բադալյանը (Լուլու), դերասան Արման Նշանյանը կոչ արեցին հետազոտվել եւ ապրել հանգիստ: Ըստ նրանց, շատ կարեւոր է ժամանակին հետազոտվելը եւ վարակը հայտնաբերելը, հատկապես որ մեր երկրում հետազոտումն ու բուժումն անվճար է:
2012 թվականից ՁԻԱՀ-ի հակազդման գործում ներգրավվել են հայ հայտնի մարդիկ, որոնք ակցիաների միջոցով փորձում են փոխել հանրության վերաբերմունքը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ:
Դերասան Արման Նշանյանի խոսքերով` «Այսօր այնպիսի տպավորություն է, որ կույս չլինելը ամոթ է, ես ուզում եմ ասել, որ ամենից կարեւորը մեր ազգը պահպանելու, այդ խնդրից հեռու մնալու համար պարզապես պահպանեք ձեզ եւ ամեն մի պատահական հարաբերության մի տրվեք, սպասեք այն մարդուն, որին իրոք կսիրեք եւ կունենաք այդ հարաբերությունը: Բացի դրանից, ստուգվելը, պաշտպանվելը միշտ շատ կարեւոր է, որովհետեւ մենք շատ կարեւոր եւ յուրահատուկ ազգ ենք եւ այսպիսի վարակը մենք պետք է հեռու պահենք մեր երեխաներից, մեր ապագայից»:
Հաղորդավար Լուլուի խոսքերով էլ՝ «ամենաթասիբով ու նամուսով մարդուն սպառնում է ՄԻԱՎ վարակը եւ ամենեւին պարտադիր չէ սեռական ճանապարհով այն վերցնել: Լուլուն, ինչպես ինքը վստահեցրեց, ժամանակ առ ժամանակ հետազոտվում է ՄԻԱՎ-ի դեմ, հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է հետազոտվել, հաղորդավարուհին ասաց, որ ոչ վերջերս, քանի որ վերջին հետազոտումից հետո պատահական սեռական կապ չի ունեցել, վիրահատություն չի տարել եւ այլն: Լուսինե Բադալյանի եւ Արման Նշանյանի պատասխանի մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նշենք, որ 1988 թվականից առ այսօր մեր հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք, որից 228-ը հայտնաբերվել է անցյալ տարի: ՄԻԱՎ վարակակիրների մեջ գերակշռողը տղամարդիկ են: ՄԻԱՎ-ով վարակված է 28 երեխա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ