Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ։ Այսօր կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկեցին առաջիկա ծրագրերը։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախարար Դումանյանի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է։ Ալավերդու և Բերդի բուժկենտրոնների հիմնանորոգման ընթացքին տեղում ծանոթանալուց հետո փորձագետներն իրենց գոհունակությունը հայտնեցին։ Նրանք նաև արձանագրել են, որ նկատելի առաջընթաց կա գնումների կազմակերպման գործում, բավական աշխատանք է տարվել մարզային հիվանդանոցների մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև մարզային հիվանդանոցներում աուդիտներ անցկացնելու ուղղությամբ։ Ընդգծվեց, որ Համաշխարհային բանկի վարկային ընթացիկ ծրագրերի իրականացումն, ընդհանուր առմամբ, գնահատվում է գոհացուցիչ, որն ավելին է, քան նախորդ գնահատականը և այս փուլում համարվում է ամենաբարձրը։
Հանդիպման ընթացքում անդրադարձան ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերի առանձին բաղադրիչների մանրամասներին։ Քննարկվեցին մարզերում մասնագետների պակասի, հիվանդների դեպի մայրաքաղաք հոսքի, առանձին ծրագրերում պետության մասնակցության, մարզային տարբեր ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների օրինակելի մոդել ունենալու և այլ հարցեր։ Երկուստեք կարևորվեց խնայված միջոցների հաշվին բժշկական ամբուլատորիաների արդիականացումը։
Նախարար Դումանյանը Համաշխարհային բանկի թիմին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի և բարձր գնահատականի համար։ Նա իր հյուրերին ներկայացրեց վերջին մեկ տարվամ ընթացքում մարզային հիվանդանոցների ֆինանսվորման բարելավման, մասնագետներով համալրման և բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ կատարված քայլերը։ Մասնավորապես անդրադարձավ 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն ի օգուտ մարզերի փոխելու, մարզերում մասնագետների պակասը լրացնելու և չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով Երևանում տեղակայված բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները, այդ թվում` երրորդ մակարդակի ծննդատները, մարզային բժշկական կենտրոններին կցելու, մայիսի 1-ից Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի մարզային կտրվածքով տեղայնացնելու և իրականացվող այլ քայլերին։ Ասաց, որ նշված միայն վերջին ձեռնարկման շնորհիվ անցած 16 օրվա ընթացքում 10 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաք եկող ծնունդների թիվը։
Կարդացեք նաև
«Մեզ համար լիովին ընդունելի է խնայված միջոցներն առաջին հերթին ամբուլատորիաների վերանորոգմանն ուղղելու գաղափարը։ Այդ կերպ հետզհետե կկրճատենք ծրագրերից դուրս մնացած, դեռևս չվերանորոգված ամբուլատորիաների թիվը։ Սակայն երբեմն պետության և համակարգի առջև ծառանում են հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի ֆինանսավորել»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Նախարարը կարևորեց նաև մարզային բուժհաստատություններում ախտաբանաանատոմիական ծառայության անհրաժեշտությունը։ Նշեց, որ ՀԲ միջոցներով արդեն իսկ այդ բացը լրացվել է Գավառի, Ապարանի, Գորիսի ԲԿ-ներում։ Իսկ Ալավերդու, ապա Գյումրու հիվանդանոցներում կարևոր այդ ծառայությունը կստեղծվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ։
Հանդիպման ավարտին նախարար Դումանյանն ընդգծեց, որ նման լուրջ քննարկումները հետագա արդյունավետ համագործակցության կարևոր նախապայման են։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն