Այսօր «Եռագույն» ակումբում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ 95-ին առաջին անգամ ընտրությունները կեղծվեցին. «Ես այդ ժամանակ բանակում էի եւ շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին սպաները հրահանգում, որ անպայման «Հանրապետություն» բլոկին պետք է քվեարկենք եւ Սահմանադրությանն այո ասեն: Այսինքն՝ ադմինիստրատիվ ռեսուրսը, բանակը այդ ժամանակվանից արդեն օգտագործվում էր: 95-ից հետո մենք լեգիտիմ իշխանություն չենք ունեցել»:
Նա Երեւանի ավագանու ընտրությունները բնորոշեց ավելի վատ, քան խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, ընտրակաշառքը քիչ էր մնում տեղամասի մեջտեղում բաժանեին: Արդեն այդ իրավիճակն էր հասել: Տեղամասի առջեւում բաժանում էին: Կամ այդ հսկայական հեղինակություններ էլ չեն, ախր թաղային հեղինակությունները թաքնված մարդիկ են, ամեն անգամ իրենց այսպես շոուների չեն ներկայացնում, էլի: Ինչ-որ խաժամուժի տարբերակով տեղամասերի առջեւ լիքն էին: Իհարկե, այս ընտրությունները տասը քայլ ավելի հետ էին, քան նախորդները: Չնայած միջազգային կառույցները դրական գնահատեցին»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ավագանու ընտրություններից հետո կարծիք կա, որ ապացուցվեց՝ այս ընդդիմությունն իրեն արդեն սպառել է, ՀՀԿ-ի ներկայացուցիչներն էլ են արդեն մտահոգվել, որ ընդդիմություն այլեւս չկա: Դրան զուգահեռ՝ ՀՀՇ-ի նախկին անդամները որոշեցին միավորվել եւ ստեղծել նոր ՀՀՇ, արդյոք այն կդառնա՞ նոր ընդդիմություն՝ թարմ ուժ եւ արդյոք «Ժառանգությունը» կհամագործակցի՞ այդ ուժի հետ: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչները պետք է մտահոգվեն, որ առաջին հերթին իշխանություն չկա: Ունենք խումբ, որը պետական ռեսուրսները սեփականաշնորհել եւ յուրացրել է: Ընդդիմությունը խորը վերլուծություն պետք է անի՝ ես համաձայն եմ: Այն, որ քաղաքացիները ցույց տվեցին իրենց վստահությունը ընդդիմադիր ուժերի քայլերի նկատմամբ՝ դա եւս պարզ է: Բայց դա չի նշանակում, որ ընդդիմադիր ուժեր չկան: Եթե ընտրությունները մի փոքր համապատասխանեին՝ ԸՕ-ին, այլ պատկեր կլիներ: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, ըստ էության ՀՀ քաղաքական դաշտում ունենք այսօր երկու ՀՀՇ՝ մի հատված, որ ՀԱԿ-ի մեջ է ամփոփված, եւ մի հատված, որ ՀՀՇ-ի անունը պահել է անգամ այն ժամանակ, երբ դա մոդա չէր, բայց իրենք այդ սկզբունքայնությունը ունեցան: Խոսքը վերաբերում է եւ Ալեքսանդր Արզումանյանին եւ Արարատ Զուրաբյանին: Փաստորեն այդ սկզբունքային հատվածը, որը դուրս է մղվել այդ կուսակցությունից այս 2-3 տարիների ընթացքում, իրենք վերականգնում են ՀՀՇ-ն: Մարդիկ տարիներ շարունակ աշխատանք են իրականացրել, ներդրում են ունեցել եւ չեն ցանկանում, որ իրենց ներդրումը փորձեն ոչնչացնել»:
Նա չբացառեց, որ «Ժառանգությունը» կհամագործակցի նոր ՀՀՇ-ի հետ: Նա հիշեցրեց, որ չի եղել, որ ընդդիմադիր դաշտի որեւէ ուժ պրոցես է սկսել եւ իրենք չեն մասնակցել. «Ցավոք սրտի, շատ ժամանակ իրենք մեր կողքը չկանգնեցին, բայց դա կապ չունի: Մենք կանգնած եղել ենք եւ կանգնելու ենք մեր բոլոր ընդդիմադիր գործընկերների ջանքերին: Այսքանից հետո եթե ընդդիմությունը հասկանա, որ նեղ անձնական շահերից պետք է դուրս գա, մեկը մյուսի դեմ պայքարելու գործընթացից պետք է դուրս գա եւ բովանդակային առումով միասին պայքարեն, ես համոզված եմ, իշխանությունն այնքան թույլ է, որ անմիջապես բոլորովին նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ