Քաղաքական դաշտը ազատական դաշտում գործող ազդեցիկ ու սկզբունքային ուժերի կարիք ունի
Մայիսի 14-ին, մինչ իշխանական վերնախավը եւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները մասնակցում էին Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, Երեւանում տեղի ունեցավ մեկ այլ ուշագրավ իրադարձություն: Հայ ազգային կոնգրեսը տարբեր պատճառներով լքած նախկին ՀՀՇ ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը նախաձեռնեցին ՀՀՇ-ի վերագրանցման գործընթացը: Նրանք համարում են, որ փետրվարի 23-ին, երբ ՀՀՇ-ն համագումարում վերանվանվեց Հայ ազգային կոնգրես կուսակցություն՝ դրանով ավարտին հասցվեց Հայոց համազգային շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը:
ՀՀՇ-ի վերագրանցման եւ նրա պատմական անունը պահպանելու ձգտումն, անշուշտ, ողջունելի քայլ է: Ավելին՝ հայաստանյան քաղաքական դաշտը ազատական դաշտում գործող կուռ, ազդեցիկ, սկզբունքային ուժերի կարիք ունի, այդ բացը կար, եւ վաղուց էր հասունացել ժամանակը, որպեսզի ազատական գործիչները մտորեին այս ուղղությամբ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկեին:
Առայժմ դժվար է կանխատեսել, թե այս նախաձեռնությունը ինչ ձեռքբերումների կարող է հասնել, մանավանդ, որ Հայաստանում կուսակցական պառակտումները, ինտրիգները կարծես օրինաչափություն են դարձել, ավելին՝ ներքին ժողովրդավարության բացակայությունը ժամանակի ընթացքում ջրի երես է հանում տարբեր արատավոր երեւույթներ:
Կարդացեք նաև
Հավանաբար մարտավարական քայլ էր ՀՀՇ-ի ստեղծման հիմքում ՀՀՇ անվան վրա հիմնական շեշտադրումը դնելը հենց առաջին մամլո ասուլիսում: Նախաձեռնողները իրենց տարածած հայտարարությունում հիմնավորել էին իրենց քայլը. «Մեր նպատակն է՝ վերագրանցելով կուսակցությունը եւ պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում, հասնել ժողովրդավարության եւ ազատական արժեքների հաստատմանը»:
Կասկած չկա, որ առաջիկայում ՀՀՇ-ի անվան շուրջ կշարունակվեն վեճերը: Նախկին ՀՀՇ-ականների մամլո ասուլիսի օրն արդեն իսկ Հայոց համազգային շարժում հ/կ նախագահ Վ. Հայոցյանի կողմից հայտարարություն տարածվեց այն մասին, թե ՀՀՇ անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են Հայոց համազգային շարժում հ/կ-ին: Իհարկե, այստեղ անհասկանալի է մնում մի բան՝ եթե ՀՀՇ անունը այդքան թանկ էր ՀՀՇ-ականների համար, ապա ինչո՞ւ նրանք միաձայն կողմ արտահայտվեցին, որպեսզի այդ կուսակցության անունը վերանա, եւ իրենք էլ հայտնվեն նոր ՀԱԿ կուսակցությունում:
Թերեւս նման տհաճ զարգացումներից խուսափելու համար առավել արդյունավետ կլիներ նոր կուսակցության ստեղծման հրամայականը հիմնավորել հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակով՝ ընդդիմադիր դաշտի դատարկությամբ եւ ազատական գաղափարախոսության տարածման անհրաժեշտությամբ, այլ ոչ թե կուսակցության ստեղծման հիմնական պատճառը ՀՀՇ անվանումը վերականգնելը ներկայացնելը, սակայն սա, ինչպես ասում են, նախաձեռնողների հաշվարկներն են, գուցե այս ձեւով տրվեց պատասխան նրանց, ում գործունեության արդյունքում ՀՀՇ կուսակցությունը ՀԱԿ կուսակցության մեջ տարրալուծվեց:
Չորս նախկին ՀՀՇ-ականների քայլը կարող է դրական դեր խաղալ ընդդիմադիր ազատականների թեւի համախմբման համար՝ անկախ այն բանից, որ այս գործիչներից ոմանք նախագահական ընտրություններում սատարում էին ոչ թե Հրանտ Բագրատյանին, այլ ոչ այնքան ազատական, որքան ազգայնական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ավագանու ընտրություններում անգամ Դաշնակցությանը ձայնը տալու որոշման մասին հավաստիացումներ եղան:
Ինչեւէ, այնուամենայնիվ, հետընտրական փուլում նոր կուսակցության ստեղծման նախաձեռնությամբ հանդես գալը վկայում է այն մասին, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների կարիք ունի: Դա անհրաժեշտ է քաղաքական համակարգը առողջացնելու նպատակով, դա անհրաժեշտ է երկրում օր օրի մեծացող հասարակական սոցիալ-տնտեսական դժգոհությանը տեր կանգնելու առումով:
Մնում է, որ հին անունով, բայց նոր ստեղծվող ՀՀՇ գործունեությունը իսկապես արդյունավետ լինի, այն միավորող նախաձեռնություն լինի եւ չկրկնվի Հայաստանում կուսակցությունների գործունեության ավանդական դարձած դառը փորձը։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ