Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊՐԵԼ ԵՎ ՀԻՇԵԼ

Մայիս 17,2013 14:16

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երկրորդ

ԱՊՐԵԼ ԵՎ ՀԻՇԵԼ

Եվ ես Ռուզանին ու ներկաներին բացատրելով համոզեցի, որ հիմա Մովսեսի հուշարձանի հարցն անհամեմատ հրատապ է, քան՝ իր հիշատակին ձոնված բանաստեղծությունների գրքույկի հարցը, մանավանդ որ՝ էդ բանաստեղծությունների մեջ արժեքավորներ գրեթե չկան՝ Պասկի, Աղվանի, Վաչոյի ու իմ  գրածները չհաշված, բայց, իհարկե, հիշատակի էդ քերթվածքներից ամենահաջողն Աթաբեկյան Վահագինն է, չնայած, ինչքան գիտեմ, Վահագն էդ փայլուն բանաստեղծությունը Մովսեսի կապակցությամբ ու Մովսեսի առիթով չի գրել, բայց Պասկը Վահագի էդ բանաստեղծությունն էնքան ուժեղ է հարմարեցրել Մոսոյին նվիրված իր ֆիլմի  կադրերին, որ Վահագի էդ բանաստեղծությունն էդ ֆիլմում լսելով՝ հասկացա, որ ամենից ավելի Վահագի էդ բանաստեղծույթունն է համապատասխանում Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի էությանն ու ճակատագրին, եւ Վահագի էդ բանաստեղծության հատկապես հետեւյալ տողերը՝ «ես որպես դիակ կատարյալ չեմ», եւ չնայած Վահագի էդ բանաստեղծությունը կատարյալ է, եւ չնայած իմոնք էլ վատը չեն, ես պնդում եմ, որ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանի գոյությունն ավելի  ցանկալի է, քան՝ իր հիշատակին ձոնված բանաստեղծությունների էդ, ուրեմն, գրքույկի գոյությունը, եւ չնայած իրականում մեկը  մյուսին չեն էլ խանգարում եւ մեկը մյուսի գոյությունը չեն էլ բացառում, այդուհանդերձ, Մովսեսի հուշարձանի գոյության անհրաժեշտությունն ավելի եմ զգում ու տեսնում, մանավանդ որ՝ դրա գաղափարն իմն է, ավելի ճիշտ՝ առայժմ իմն է, որովհետեւ երբ էդ արձանն իրականություն դառնա եւ Մովսեսին հաջողությամբ մարմնավորի, էս գաղափարս ինձնից լիքը խլողներ կգտնվեն, որովհետեւ Մովսեսն իսկապես հերոս ու պատմական անձնավորություն է, եւ երբ ութսունութի չքնաղ մայիսի 28-ին ինքն առաջինը եռագույնը ծածանելով՝ ամրացրեց Օպերայի պատին, եւ երբ հարթակին կանգնած միլիցիոներները փորձեցին այն հանել ու չկարողացան, Մովսեսը հպարտությամբ աղաղակեց՝ «այս դրոշն այլեւս անհնար է հանել. այն արդեն արմատ է գցել», եւ, եթե չեմ սխալվում, հենց էդ օրվանից սկսեցին Օպերային հարող էդ հրապարակն Ազատության հրապարակ անվանել, ավելի ճիշտ՝ իշխանություններն ու պահպանողականներն էդ հրապարակն անվանում էին Թատերական, իսկ մնացածները՝ Ազատության, եւ էդ հրապարակի հետ կապված ամենահետաքրքիրն էն էր, որ միեւնույն մարդու մտքում էլ էր էդ հրապարակը ժամանակ առ ժամանակ անվանափոխվում, եւ եթե տվյալ մարդն ընդդիմադիր էր, էդ հրապարակը հպարտությամբ ու ակնածանքով անվանում էր Ազատության հրապարակ, եւ, ընդհակառակը, եթե նույն էդ մարդն ընդդիմությունից ու Ազատության հրապարակից հայտնվում էր իշխանության մեջ, էդ նույն մարդու համար Ազգային օպերային հարող  էդ հսկայական տարածքն անմիջապես վերածվում էր Թատերական հրապարակի, եւ էդ հրապարակը Թատերական անվանողները մշտապես էդ Թատերական բառի մեջ չափազանց բացասական իմաստ դրած ունեին, այն է՝ էդ հրապարակում տեղի ունեցողը թատրոն է, մարդիկ՝ հանդիսատեսներ, եւ ելույթ ունեցողները՝ դերասաններ, եւ երկու հազար ութ թվականի  մարտի մեկից սկսած՝ Ազատության հրապարակը փակ էր ընդդիմության եւ ժողովրդական  զանգվածների առաջ, բայց հիմա՝ էս պահին Ազատության հրապարակը վերստին ժողովրդի ձեռքին է, ավելի ճիշտ՝ ժողովրդի ոտքերի տակ. այսինքն, Ազատության հրապարակը վերստին ազատագրված է ժողովրդի ու ընդդիմության առաջնորդների կողմից, եւ չնայած առաջինը Րաֆֆի Հովհաննիսյանը  ծոմով նվաճեց այն, փաստը մնում է փաստ, որ էս պահին Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի համակիրներն են նստած, եւ նստացույցն առնվազն մի շաբաթ պիտի տեւի՝ մինչեւ իշխանությունների ու անձամբ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը պարզվի ու հստականա, եւ հիմա Հայոց աշխարհում չափազանց սպասողական վիճակ է՝ քաղաքական ու ֆուտբոլի իմաստով հավասարապես, որովհետեւ շուտով՝ երկու հազար տասնմեկ  թվականի հոկտեմբերի 7-ին ավարտվելու է ընդդիմության նստացույցն, ու անմիջապես սկսվելու է Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղը, եւ եթե մերոնք հաղթեն, խաղից հետո բոլորս միասին կգոռանք՝ Հա-յաս-տան, բայց այսօր դեռեւս հոկտեմբերի 5-ն է, ու դեռեւս Մովսես Գորգիսյանի հուշարձանի հետ կապված մտորումներիս հետ եմ, եւ ամոթ էլ է, որ Մովսեսին իր հիսնամյակի առթիվ ու Ռուզանի հիշեցնելով եմ հիշել, եւ առավել ամոթ է, որ էս վեպս «Հայկական ժամանակ» անվանելով՝ էս վեպիս տարածքում առաջին անգամ եմ Մոսոյին էսքան հանգամանալից անդրադառնում, բայց ամենավատն էն է, որ մեր հեղափոխական ու առաջադեմ ջահելության մայկեքին ոչ թե Մոսոյի լուսավոր դեմքն է շողշողում, այլ՝ Չե Գեվարայինը, եւ եթե մեր «Արդյոք ովքեր են» հեռուստահաղորդման մեջ կուբացու ու Մովսեսի լուսանկարները ցուցադրեն, կուբացուն շատերը կճանաչեն, իսկ Մոսոյին՝ հազարից մեկը, եւ դա միանգամայն բնական կլինի, որովհետեւ եթե մենք՝ Մովսեսին մոտիկից ճանաչողներս ենք իրեն էսպես՝ հոբելյանական առիթով ու Ռուզանի հիշեցնելով հիշում, մյուսներն ու ուրիշները չեն հիշի ու չեն հիշի, եւ համոզված եմ, որ հիմա՝ էս օրերին Ազատության հրապարակում էլ Մովսեսին չեն հիշում՝ թեկուզեւ հիսնամյակի առթիվ, եւ նմանապես համոզված եմ, որ մեր երդվյալ անկախականների մտքով էլ չի անցնում, որ Մովսեսի արձանն անպայման պիտի մեր մայրաքաղաքում կանգնեցվի, եւ եթե իրենք դա չեն պահանջում, ստիպված պիտի ձեր խոնարհ ծառան էդպիսի առաջարկությամբ հանդես գա, մանավանդ որ՝ երկրապահներն էլ Մովսեսին առանձնապես չեն հիշում ու իրենցը չեն համարում, մինչդեռ Մովսեսն առաջինը Խորհրդային Հայաստանում եռագույնը բարձրացնելով ու Երասխի առաջին իսկ ազատամարտում նահատակվելով՝ մեր թիվ մեկ անկախականն  ու երկրապահը դառավ, եւ եթե մենք էսօր Մովսեսին ենք մոռացել, մյուսներին կմոռանանք ու կմոռանանք, եւ եթե ես եմ էսօր Մովսեսին մոռացել, մյուսները կմոռանան ու կմոռանան, բայց էդ ընթացքում տեսնելով թե՝ մյուսներս ինչից ինչ դառանք, ես երբեմն-երբեմն մտածում եմ, որ հենց մե՛ր բախտը չբերեց, այլ ոչ թե՝ Գորգիսյան Մովսեսինը, եւ մտածելով ու ենթադրելով, որ եթե Մոսոն մնար՝ ինքն էլ էր մյուսներիս պես փոխվելու ու նենգափոխվելու, զուգահեռաբար նաեւ մտածում ու ենթադրում եմ, որ Աստված ճիշտ ժամանակին Մովսեսին մեզնից հեռացնելով՝ Մովսեսին ոչ թե վերացրել, այլ, ընդհակառակը, պահել ու պահպանել է նրան, ընդ որում՝ նրան հերոսական ու մաքրամաքուր վիճակում է պահել ու պահպանել, եւ Աստված Մովսեսին, Աշոտին, Լեոնիդին ու մեր մյուս հերոսներին կյանքից ու մեզանից հեռացնելով՝ ոչ թե իրենց է զրկել մեզանից, այլ, ընդհակառակը, մեզ է զրկել իրենցից, եւ իրենցից զրկվելով՝ էսպես հազվադեպ ենք իրենց հիշում ու էն էլ՝  կողմնակի առիթներով, եւ կողմնակի առիթ ասելով՝ ոչ թե Մովսեսի հիսնամյակը նկատի ունեմ, այլ՝ ֆուտբոլը, որովհետեւ, եթե հիշում եք, ես իրեն ֆուտբոլի առիթով հիշեցի, ավելի ճիշտ՝ Հրապարակի եռագույնների առիթով, որովհետեւ երբ Սլովակիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո  «Վիվարոյից»  դուրս թռանք Հրապարակ, Հրապարակն արդեն ողողված էր  եռագույն դրոշներով, ու էդ գիշերվա եռագույնները տեսնելով՝ հանկարծակի եւ միգուցե պատահաբար հիշեցի ութսունութի չքնաղ մայիսի քսանութին Մովսեսի բարձրացրած  էն առաջին, ամենամեծ ու ամենանշանակալի եռագույնը, եւ երբ ինքն էդ առաջին եռագույնը մեխեց Օպերայի պատին, սկզբում շատ վախեցանք, ընդ որում՝ ոչ թե Մովսեսի ու հարթակում կանգնած մյուսների համար էինք վախեցել, այլ՝ ընդհանրապես, ընդ որում՝ ոչ միայն կողմնակիներս   էինք վախեցել, այլեւ «Ղարաբաղ» կոմիտեի  որոշ անդամներ, որոնք Ազատության հրապարակի  ծառերի տակ՝ մեր կողքին կանգնած էին, եւ երբ Մոսոյից հետո Ազատության հրապարակում կանգնած որոշ կանայք անսպասելիորեն իրենց պայուսակներից հանեցին իրենց պստլիկ եռագույնները,  մեր ու «Ղարաբաղ» կոմիտեի էդ որոշ անդամների վախը ոչ թե մեղմվեց, այլ ավելի սաստկացավ, եւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ամենազգուշավորը, որն էդ ամբողջ ընթացքում կողքիններին բացատրում էր, որ էդ օրն ու էդ պահին եռագույն դրոշի բարձրացումը կարող է լրջորեն խանգարել Ղարաբաղի հարցին, կանանց էդ պստլիկ եռագույններից հետո թողեց ու հեռացավ Ազատության հրապարակից՝ վերջին պահին եւս մեկ անգամ կարծիք հայտնելով, որ էդ հանրահավաքը կասկածելի ծագում ունի, ու նաեւ ավելացրեց, որ եռագույն դրոշակներով էդ կանայք էլ են միանգամայն կասկածելի, բայց ես էդ կանանցից Ռուզանին դրամատուրգ Սաշիկի շնորհիվ ճանաչում էի, որովհետեւ Սաշիկը Մանկավարժականի ռեժիսորականում  Մովսեսի ու Ռուզանի հետ էր սովորել, ու էդ օրվա էդ հանրահավաքին էլ էր Սաշիկը հետներս, եւ երբ Ռուզանն ու մյուս կանայք պայուսակներից իրենց պստլիկ եռագույնները հանեցին,  Սաշիկն ինձ ասաց, որ էդ կանանց բոլորին էլ ճանաչում է, ու էդ կանայք քաղբանտարկյալների կանայք, քույրերն ու հարազատներն էին, եւ չնայած «Ղարաբաղ» կոմիտեի էդ ու մյուս անդամները գտնում էին, որ էդ օրը Մովսեսի բարձրացրած էդ եռագույնը հեչ տեղին չէր, դա հեչ չխանգարեց, որ դրանից ընդամենը մի քանի օր անց «Ղարաբաղ» կոմիտեի անդամները եռագույն դրոշները ձեռքներին բարձրանան հարթակ, եւ երբ հարթակ ժամանեց ՀԿԿ կենտկոմի նորանշանակ առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, հարթակն ամբողջովին ողողված էր  եռագույն դրոշներով, եւ «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստ կանանց ձեռքներին էլ պստլիկ եռագույն դրոշակներ կային:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031