Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմի հերոսի կյանքը չե՞ն ուզում փրկել

Մայիս 17,2013 14:10

«Որտեղ դիմում եմ, նամակը տանում՝ գցում են զիբիլը»

Երեկ կառավարության շենքի ետնամուտքի մոտ, որտեղ նախարարների շքեղագույն մեքենաներն էին կայանած եւ սպասում էին իրենց «տերերին», 76-ամյա Ալբերտ Ավետիսյանը պահակ էր կանգնել ու սպասում էր բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի օգնություն խնդրի հիվանդ ու արցախյան պատերազմի հերոս որդու համար: 76-ամյա Ալբերտը եւս պատերազմի մասնակից է, եւ ինչպես ինքն ասաց՝ իրեն էլ, մեղմ ասած, տհաճ է դռնեդուռ ընկնել ու օգնություն մուրալ, բայց որդու փրկության համար ցանկացած քայլի է պատրաստ:

Ալբերտ Ավետիսյանի որդին կոկորդի քաղցկեղ ունի եւ մոտ 1 տարի է՝ բոլոր գերատեսչություններին դիմել է օգնության համար: «Որտեղ դիմում եմ, նամակը տանում՝ գցում են զիբիլը ու ոչ մի պատասխան չեն տալիս»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ալբերտ Ավետիսյանը: Նրա պատմելով՝ որդին՝ Էդիկ Ավետիսյանը, 1990-92 թվականներին ծառայել է ՄՀՕՋ-ում, հետո պաշտպանության նախարարության 6-րդ վարչությունում ռազմադիվիզիոն հետախուզությունում գնդապետ Ղուկասովի ենթակայության տակ՝ որպես հետախույզ. «Էդիկի անմիջական մասնակցությամբ արցախյան պատերազմի ժամանակ Ալիեւի քրոջ տղուն գերի են բերել, թուրքի սահմանն են անցել ու գերի բերել դրան, հետո Շուշիի 44 հայ գերիների հետ դրան փոխանակել: Մահվան դուռն ա գնացել, կյանքն ա վտանգել ազգի, պետության համար, բայց էսօր մահվան շեմին ա, ու ոչ մի օգնություն չենք կարողանում ստանալ: Տղայիս սխրագործությունների մասին Իգնատ Մամյանի գրքում էլ է գրված: Ես հո չեմ ստում: ՄՀՕՋ-ի սպա ա, 93-94 թվերին ՊՆ-ի հատուկ ջոկատի սպա ա եղել»: Երբ մի քանի հարց տվեցինք, Ալբերտ Ավետիսյանն այնքան հուսահատ էր, որ չցանկացավ երկար խոսել. «Այ բալամ, մեզ դրել են բոմժի տեղ, գիտեն, թե փող ենք հավաքում, էնքան եմ խոսել էս մասին, էլ ուժ էլ չունեմ, հույս էլ չունեմ»: Կոնկրետ ո՞ր գերատեսչություններին է դիմել օգնության համար՝ մեր այս հարցին Ա. Ավետիսյանը պատասխանեց. «Տեղ չմնաց, որ չդիմեմ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ա խոստացել օգնել, բայց ո՞ւր ա, ձեն չի հանում: Հիմա էլ սպասում եմ, տենամ դուրս կգա՞ կառավարության շենքից»:

Մեզ հետ զրուցելուց վայրկյաններ առաջ էլ Ալբերտ Ավետիսյանը մոտեցել էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որն իր ծառայողական մեքենայում նստած մի երկու բառ փոխանակեց ու հեռացավ: Ի՞նչ էիք զրուցում նախարարի հետ՝ մեր հարցին Ա. Ավետիսյանն ասաց. «Դե, ասեց՝ գիտեմ, ծանոթ եմ ձեր պատմությանը, խոնարհվում եմ ձեր առաջ, բայց «խոնարհվում եմ»-ը ո՞րն ա, տղես մահամերձ ա: Ասեց՝ սոցապ նախարարին դիմի»:

Էդիկ Ավետիսյանի բուժման համար 65 հազար եվրո է անհրաժեշտ. «Բայց մենք չենք ասում էդ սաղ փողը տան, ինչքան կարան՝ օգնեն, ասում են՝ մենակ Գերմանիայում կարան բուժեն, գոնե ուղարկենք ընդեղ, տեսնենք՝ ինչ կլինի: Տղես էլ ախր ասում ա՝ պապա, պետք չի, ոչ մեկից էլ օգնություն մի ուզի, թքած ունեմ ամեն ինչի վրա, բայց ես հո չե՞մ կարա թողնեմ՝ տղես ձեռիցս գնա: 2 անչափահաս աղջիկ ունի, բա ո՞նց չփորձեմ տղուս կյանքը փրկել, գալիս եմ ստեղ, սպասում եմ տեսնեմ՝ ով դուրս կգա, բոլորին մոտենում եմ ու օգնություն խնդրում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում`  Ալբերտ Ավետիսյանը որդու փրկության համար

սփյուռքի նախարարին է փորձում դիմել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031