Լրահոս
Օրվա լրահոսը

27-ամյա երիտասարդը չի կարողանում վերադառնալ Հայաստան

Մայիս 17,2013 14:05

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքի առթիվ, դատարանն էլ մերժել է փաստաբանի բողոքը:

27-ամյա Տիգրան Կոստանյանի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքի առթիվ:

1998 թվականին, երբ Տիգրանը 13 տարեկան էր, սոցիալական ծանր վիճակից ելնելով, ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիայի Թագավորություն:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշում է նրա հայրը՝ Սեյրան Կոստանյանը, տղայի 17 տարին լրանալուն պես պարբերաբար դիմել են Իսպանիայի Թագավորությունում հայկական դեսպանատուն՝ ՀՀ պատկան մարմիններից վերադարձի համար անհրաժեշտ փաստաթուղթ ստանալու, սակայն՝ ապարդյուն: «Նա ցանկացել է վերադառնալ, փորձեր արել է, բայց դեսպանատունը այդպես էլ ոչ մի պատասխան չի տվել: Հիմա էլ քրեական գործ են հարուցել: Տղաս ուզում է գալ Հայաստան, բայց այսպես խոչընդոտում են: Այսպես են իրականացնում «Արի տուն» ծրագիրը»,- ասում է Տիգրանի հայրը:

Լոռու մարզի դատախազության դատախազ Վահագն Ստեփանյանը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել՝ հանգելով եզրակացության, որ Տիգրան Կոստանյանը 13 տարեկանում կանխամտածված է մեկնել ՀՀ-ից, չի կցագրվել Վանաձորի զինկոմիսարիատում եւ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության մեկնելուց:

Տիգրան Կոստանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում) դատախազի կայացրած որոշումը անարդար է որակում՝ մանրամասնելով, որ քրեական գործ է հարուցվել դրա հիմքի բացակայության պայմաններում. «Այդպիսի ապացույցներ գոյություն չեն կարող ունենալ, քանի որ 13-ամյա տղայի՝ ՀՀ-ից մեկնելը որեւէ կերպ կապված չի եղել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու հետ: 13 տարեկան երեխան հանցագործության սուբյեկտ չի կարող լինել, 13 տարեկանում ընտանիքը մեկնել է ոչ թե զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, այն դեպքում, երբ դրան դեռ 5 տարի կար, այլ այդ ժամանակ ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական, ընտանիքի վիճակը այնպիսին է եղել, որ ստիպված հաշվառումից դուրս են եկել, արտագաղթել, որպեսզի կարողանան ապրել, սովից, քաղցից չմահանալ, հիվանդությունից չմահանալ: Մյուս կողմից էլ, եթե երեխայի ընտանիքը մեկնում է Իսպանիա կամ այլ տեղ, 13 տարեկան երեխան կարո՞ղ է չհնազանդվել ընտանիքին, եւ մնալ այստեղ միայնակ: Օբյեկտիվ պատճառներով եւ հանցակազմի բացակայության պայմաններում չծառայելը քրեական գործ հարուցելը բացառող հանգամանք է»:

Խնդրին լուծում տալու համար էլ փաստաբան Ռուբեն Հակոբյանը դիմել էր Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վերացնել Լոռու մարզի դատախազության դատախազ Վահագն Ստեփանյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ քրեական գործ հարուցելու մասին 2013 թվականի մարտի 26-ի եւ Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի՝ պաշտպանի բողոքը մերժելու մասին 2013 թվականի ապրիլի 19-ի որոշումը՝ դրանք անհիմն եւ չպատճառաբանված լինելու հիմքով:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, սակայն, մերժել է փաստաբանի բողոքը՝ այն հիմնավորմամբ, թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա լինել չի կարող, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ անձի իրավունքները եւ օրինական շահերը չեն խախտվում:

«Այդ հիմնավորման հետ ես բացարձակ համամիտ չեմ, դատարանի նշված հետեւությունը սխալ է, հիմնավորված եւ պատճառաբանված չէ: Տիգրան Կոստանյանի իրավունքների խախտումներն առաջացել են քրեական գործի հարուցման արդյունքում եւ դրա անմիջական հետեւանք են, ուստի կարող են վերացվել միայն քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելով»,- ասում է փաստաբանը՝ մանրամասնելով, որ դատարանն անգամ չի անդրադարձել այն փաստին, որ տվյալ գործում բացակա են քրեական գործ հարուցելու առիթն ու հիմքը, ինչպես նաեւ հանցակազմը:

«Տվյալ դեպքում քրեական գործը հարուցվել է օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց առիթի եւ հիմքի, իսկ եթե անգամ առկա են եղել այդպիսիք, ապա հարուցման մեջ նշված չէ, ավելին՝ քրեական գործը հարուցվել է իմ պաշտպանյալի կողմից հանցանքը կատարելու փաստով, այսինքն՝ անձի մեղավորության վերաբերյալ ձեւակերպումներ են տրվել»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:

Ըստ փաստաբանի՝ սահմանափակված է Տիգրան Կոստանյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը, բացառված (արգելված) է վերջինիս՝ ՀՀ վերադառնալը, քանի որ Իսպանիայի Թագավորությունից ելքի թույլտվություն կարող է ստանալ միայն ՀՀ պատկան մարմիններից նրան անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ տրամադրելու դեպքում, ինչը, ինչպես նշում է փաստաբանը, հարուցված քրեական գործի պայմաններում ուղղակի բացառվում է:

Դատարանի մերժման որոշման դեմ նա բողոք է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

«Հուսանք, որ վերաքննիչ դատարանը չի անտեսի վերադաս դատարանի իմպերատիվ բնույթի կայացրած ակտերը»,- ասում է Ռուբեն Հակոբյանը՝ բացատրելով, որ այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ հաստատված է համարվում կոնկրետ անձի կողմից քրեորեն պատժելի որեւէ արարք կատարելու փաստը, իսկ այդ դեպքում քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձեւակերպումներից ուղղակիորեն հետեւում է, որ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տաթև says:

    Ես չունենալով մասնագիտական կրթւթյուն հրաշալի հասկանում եմ, որ Տիգրանի գործողություններում բացարձականապես բացակայում է այն հանցանքը, որում նրան մեղադրում է <> դատախազ կոչեցյալը: Պրն. դատախազ գոնե գիտակցում եք ինչ եք անում???? Կբացատրեք ՀՀ քաղաքացիներին ինչ սկզբունքներով եք առաջնորդվում???? ես ամեն կերպ փորձում եմ հասկանալ Ձեր գործելակերպը ու ասեմ , որ բանականության սահմաններից դուրս է: Ավելի լավ է մտածեք ՀՀ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ մասին: Էդպիսի օր չկա, որ բանակային միջադեպի ականատես չլինենք: Ավելի լավ կլինի ՄՏԱԾԵՔ դրա մասին ու բացառեք բանակում ողբալի դեպքերը:

  2. Տաթև says:

    Ես չունենալով մասնագիտական կրթւթյուն հրաշալի հասկանում եմ, որ Տիգրանի գործողություններում բացարձականապես բացակայում է այն հանցանքը, որում նրան մեղադրում է օրենքից շաաաաաաաաատ լավ հասկացող դատախազ կոչեցյալը: Պրն. դատախազ գոնե գիտակցում եք ինչ եք անում???? Կբացատրեք ՀՀ քաղաքացիներին ինչ սկզբունքներով եք առաջնորդվում???? ես ամեն կերպ փորձում եմ հասկանալ Ձեր գործելակերպը ու ասեմ , որ բանականության սահմաններից դուրս է: Ավելի լավ է մտածեք ՀՀ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ մասին: Էդպիսի օր չկա, որ բանակային միջադեպի ականատես չլինենք: Ավելի լավ կլինի ՄՏԱԾԵՔ դրա մասին ու բացառեք բանակում ողբալի դեպքերը:

  3. ANUSH says:

    Տիգրանը 27 տարեկան է,մինչև օրս անձնագիր չունի,որը նորմայով 16տարեկանից մարդիկ ստանում են անվճար:Մարդու իրավունքների խախտում է,քանի տարեկան պիտի դառնա,որ անձնագիր տան: ԱՐՏԱԳԱՂԹ ,դրսից տուն գալ չկա,ընտրել չկա,գնացել ես ուրեմն դավաճան ես,դրսում թափած է պիտի հավաքես ու ուղարկես,մի մասը մաքսատունը կուտի,մի մասը ճանապարհին , ինքնաթիռին ,մնագած շորերդ էլ կհանեն հագիցդ ու նորից ճանապարհ կդնեն:Մեր պետությունը ապրում է դրսի մարդկանց հաշվին,ամեն ձևով թալանում են,իրավունքներ չունես բայց պարտականություններ ինչքան ասես… Արտագաղթ կազմակերպողներին դատեք,ոչ թե այդ հոսանքն ընկած մարդկանց:

  4. SOJOMON says:

    Այսօր Հայաստանում մնացել են Սերժի,Հովոյի,Տիգրանչիկի շքախմբերը,նախարարները,դեպուտատները,նրանց մակլավիկները,զինվորականները,ոստիկանները,դատավորները և դատախազները… 3 գյուղացի և 2 բանվոր:Այս վերջիններիս կանխամտածված փախուստից հետո դատարանները ու՞մ պետք է դատեն:ԵՎ եթե վերը նշված մեծամեծերից մեկի նկատմամբ դատարանը կամ դատախազը որևէ հիմար վորոշում կայացնի,նրանք այն կվերցնեն ու կկոխեն նրանց … ՄԻ ԹԵ՞ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱՆՔ ԱՍՈՐԻՆԵՐԻ,ԲԱԲԵԼՈՆՑԻՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ: ԽԵՂՃ ՀԱՅ ԱԶԳ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031