Այս տարվա հունիսին տրվելու է ՀՀ նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթի 10-րդ մեկնարկը, որը բազում ցուցանիշներով գերազանցելու է բոլոր նախորդներին:
Այս առիթով «Առավոտը» զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հետ, որը մրցույթի նախապատրաստության, կազմակերպման եւ անցկացման պատասխանատուն է:
– Պարոն Ասրյան: Անցած տարիները ցույց են տվել, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը հիմնավորապես մտել է ազգաբնակչության առօրյա:
– Ոչ միայն մտել է, այլեւ տարեցտարի ընդլայնում է ընդգրկման ոլորտը՝ կազմակերպիչների առջեւ դնելով նոր պահանջներ: Եվ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը դրանք քննարկելով՝ ներկայացնում է հանրապետության նախագահին, նոր խնդիրներ եւ լուծումներ է գտնում: Մասնավորապես, մեր առաջնային խնդիրներից մեկը մրցույթին մասնակցել ցանկացող ընտանիքների անընդհատ աճող պահանջարկը բավարարելն է, նրանց համար համապատասխան պայմաններ ապահովելը: Օրինակ, «Լավագույն մարզական ընտանիք» անդրանիկ մրցույթի առաջին փուլին մասնակցել է 54 ընտանիք, այնուհետեւ թվաքանակի աճի դինամիկան հսկայական քայլերով զարգացել է՝ անցած տարի հասնելով 1475-ի: Իսկ այս տարի, որը հոբելյանական է, ակնկալվում է առնվազն 2500 ընտանիքների մասնակցություն:
Կարդացեք նաև
– Մասնակից ընտանիքների աճը նաեւ բյուջեի ավելացում է թելադրում:
– Բնականաբար: Կրկին համեմատություն անենք: Եթե առաջին տարիներին բյուջեն 16 միլիոն դրամ էր, 2012 թվականին՝ 69 միլիոն, այս տարի հանրապետության նախագահը, տեսնելով մասսայականության առումով այս մրցույթի աճի դինամիկան, առաջարկեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի բյուջեն ավելացնել եւ այժմ այն կազմում է 155 միլիոն 840 հազար դրամ:
– Բաշխումը նույն կե՞րպ է կատարվելու:
– Սկզբունքը հիմնականում նույնն է: Սակայն կան նորություններ, որոնք նպատակաուղղված են ի շահ մասնակիցների: Այսպես, բյուջեի 30 միլիոն դրամը հատկացվելու է փուլային մրցումների արդյունքով Հայաստանի 10 մարզերից, Երեւան քաղաքից եւ ԼՂՀ-ից եզրափակիչ մտած (այն ավանդաբար անցկացվում է Ծաղկաձորում) ընտանիքների տրանսպորտային, սննդի եւ գիշերելու ծախսերին: 110 միլիոն դրամից մի փոքր ավելի կազմում է ընդհանուր մրցանակային ֆոնդը: Ընդ որում, դրա ավելի քան 73 միլիոնը առաջին անգամ բաշխվելու է 1-ին փուլի չորս տարիքային խմբերում հաղթած եւ մրցանակային տեղ զբաղեցրած ընտանիքներին՝ 60, 50 40 հազարական դրամ համամասնությամբ: 150, 130 եւ 100 հազարական դրամ մրցանակ է սահմանվել 2-րդ՝ մարզային փուլում, առաջին երեք տեղերն զբաղեցնողներին, ընդհանուր առմամբ՝ 24 միլիոն դրամ: Ավելին ասեմ. անցած տարիների համեմատ, առաջին եւ մարզային փուլերում վեց մարզաձեւերում հաղթած ընտանիքները կպարգեւատրվեն լրացուցիչ 20 հազարական դրամով:
– Բայց մասնակցում էին երեխաների երեք տարիքային խմբերի ընտանիքներ:
– Այո: Մինչեւ անցած տարի եղել են 6-8, 9-11 եւ 12-14 երեխաների տարիքային խմբեր: Իսկ այս տարի դրանց ավելացել է նաեւ 15-16 տարեկանների տարիքային խումբը: Կրկնում եմ, սա արվել է հենց մասնակցել ցանկացող ընտանիքների առաջարկով:
– Եկեք խոսենք նաեւ եզրափակիչ փուլի մասին:
– Այն կկայանա հուլիսի երկրորդ կեսին՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում: Ստույգ օրը դեռ որոշված չէ: Կապված տարիքային խմբերի ավելացման հետ, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակչին այս անգամ մասնակցելու է 144 ընտանիք՝ անցած տարվա 108-ի դիմաց: Ավանդաբար, եզրափակչում հաղթող ընտանիքները պարգեւատրվում են, համապատասխանաբար, 500, 400 եւ 300 հազար դրամով: Եթե հիշում եք, եզրափակչում 100 հազար դրամ շնորհվում էր միայն վեց մարզաձեւերից տարիքային խմբերում հաղթող ճանաչված թիմերին: Դա մնում է ուժի մեջ: Սակայն այս տարի նույնպես առաջին անգամ լրացուցիչ 50 եւ 30 հազարական դրամով կպարգեւատրվեն նաեւ 2-րդ եւ 3-րդ տեղերն զբաղեցնող ընտանիքները: Ու մի նորություն էլ: Առաջին անգամ կատարվելու է նաեւ թիմային հաշվարկ, որտեղ ընդհանուր միավորների հանրագումարով հայտնի կդառնան երեք լավագույն մարզերը (դրանց մեջ կարող են լինել նաեւ Երեւանն ու Արցախը), որոնք կպարգեւատրվեն գավաթներով: Եվ ավարտելով պարգեւատրումների թեման՝ ասեմ, որ ինչպես անցած տարիներին, այս տարի էլ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մասնակից բոլոր 144 ընտանիքների երեխաներին կտրվեն նվերներ՝ մարզահագուստ եւ իրային:
– Ասացիք, որ մրցույթը մեկնարկում է հունիսի 1-ին: Հայտերի ընդունումն արդեն սկսվա՞ծ է:
– Անշուշտ: Եվ ես դիմում եմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր ընտանիքների ծնողներին, որոնք ունեն 6-16 տարեկան երեխաներ (անկախ սեռից), առաջին փուլից սկսած ակտիվ մասնակցել «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթին: Ոչ միայն մրցանակային գումարների, այլ՝ նախ եւ առաջ իրենց եւ իրենց երեխաների առողջության համար:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ