Նրա շնորհիվ բրիտանական «Դայմենշն» տրիոն հանդես կգա Երեւանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 18-ին կնշվի 20-րդ դարի անգլիացի նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր եւ դաշնակահար Բենջամին Բրիտենի ծննդյան 100-ամյակը: Այս առիթով առաջին անգամ Երեւանում է բրիտանական «Դայմենշն» տրիոն, որն ընդգրկված է 1997թ. Լոնդոնում գործող Ռեգինա Փարքեւի ղեկավարած «Արփի մյուզիքլ մենեջմենթում»:
«Առավոտը» ժամանակին ներկայացրել է մեր հայրենակցի գործունեությունը: Հիշեցնենք, որ նրա կազմակերպության ջանքերով բրիտանացի հանդիսատեսին են ներկայացել հայ անվանի արվեստագետներ, այդ թվում՝ օպերային երգիչներ Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Պապյանը, Վարդուհի Խաչատրյանը, Անահիտ Մխիթարյանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը եւ մյուսները: Իսկ Հայաստանում՝ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի ծննդյան 100 եւ Ալեքսանդր Հարությունյանի 85-ամյա հոբելյանների առիթով տիկին Ռեգինան մեր ունկնդրին է ներկայացրել բրիտանացի ջութակահարներ Ռաֆալ Զամբրզիսկուն եւ Ջաք Լիբեքին: Նրանք Էդ. Թոփչյանի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ա. Ղարաբեկյանի՝ պետական կամերային նվագախմբի հետ հանդես են եկել հայ անվանի կոմպոզիտորների կոնցերտների կատարումներով:
Ասենք, որ «Արփի մյուզիքլ մենեջմենթը» զբաղվում է նաեւ բրիտանաբնակ հայաստանցի երաժիշտների, այդ թվում՝ դաշնակահար Աննա Սարաջյանի, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի եւ մյուսների համերգային գործունեությամբ:
Հանդիպեցինք տիկին Ռեգինա Փարքեւի հետ՝ խնդրելով ներկայացնել տրիոյի երաժիշտներին: «Դայմենշն» տրիոն ստեղծվեց 2001թ.: Հաջողություններն ու միջազգային ճանաչումը տրիոյին երկար սպասել չտվեցին: Բրիտանացի հանդիսատեսի մրցանակը, որին տրիոն արժանացավ 2000-ականների սկզբներին, հնարավորություն տվեց հանդես գալ Մեծ Բրիտանիայի գլխավոր համերգասրահներում, այդ թվում՝ Լոնդոնի «Վիգմոր հոլլում»: Խոսքս չերկարացնելու համար միայն նշեմ, որ Բեթհովենի եռակի կոնցերտի մեկնաբանմամբ տրիոն հանդես է եկել Լոնդոնի թագավորական, ֆիլհարմոնիկ եւ Բրայթընի նվագախմբերի հետ: Ընդ որում, այս ստեղծագործությունը հայաստանցի հանդիսատեսը կունկնդրի ձեր օպերային թատրոնի նվագախմբի հետ՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կհնչի նաեւ Բրիտենի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ տրիոյի կազմում է հայաստանցի հանդիսատեսին արդեն ծանոթ ջութակահար Զամբրզիսկին եւ առաջին անգամ հնարավորություն կունենանք հանդիպելու դաշնակահար Անթոնի Հյուիթի եւ թավջութակահար Թոմաս Քարոլի հետ, ովքեր նաեւ մենակատարի կարիերա են անում:
Հետաքրքրվեցինք՝ «Արփի մյուզիքլ մենեջմենթը» զբաղվո՞ւմ է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածմամբ: Տիկին Ռեգինա Փարքեւը վկայակոչեց միայն մեկ փաստ. այս տարի Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված համերգի ընթացքում մեծ ճանաչում վայելող բրիտանական «Ջուբիլի» քառյակը հանդես է եկել Կոմիտասի ստեղծագործությունների կատարումով:
Անդրադառնալով Բրիտենի ծննդյան հոբելյանին նվիրված երեկոյին, հիշեցնելով, որ բրիտանացի կոմպոզիտորը 7 օպերաների հեղինակ է եւ նրան համաշխարհային ճանաչում է բերել 1945թ. առաջին՝ «Փիթեր Գրայմս» օպերան, հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է մեր թատրոնում կոմպոզիտորի մեծակտավ ստեղծագործություններից մեկի բեմադրությունը:
Մեր զրուցակիցը պատասխանեց. «Լավ միտք է, մանավանդ որ կարճ ժամանակահատվածում հասցրել եմ ծանոթանալ Կարեն Դուրգարյան երաժշտի հետ…»:
Ռեգինա Փարքեւը զրույցի ավարտին ասաց, որ կայանալիք համերգի նախապատրաստական աշխատանքների համար ինքը շնորհակալ է Հայաստանում բրիտանական դեսպանությանը, Բրիտանական խորհրդին եւ հատկապես դիրիժոր Կարեն Դուրգարյանին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ