«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը կմասնակցի «Թանգարանների եվրոպական գիշերվան»
«Թանգարանային միջազգային օրը և «Թանգարանային գիշերը», սրանք տարբեր տոներ են: Առաջինը մենք միշտ նշում ենք, իսկ երկրորդը պարզապես համընկնում է: Տոնի կապակցությամբ «Ռոլանդ» հավաքածուից ընտրել ենք «Մայաների արվեստը» ֆիլմը, որը կցուցադրվի այդ օրը, եթե ֆիլմը հետաքրքրություն առաջացնի, ապա օրվա ընթացքում կցուցադրվի ևս մեկ անգամ»,- այս մասին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն` Գագիկ Գյուրջյանը:
Վերջինիս փոխանցմամբ` ֆիլմի ընտրությունը պայմանավորված է որոշակի մշակութային նմանությամբ և ֆիլմում առկա հնագիտական աշխատանքներով:
«Մեր թանգարանները շատ կայացած կառույցներ են մեր երկրում: Բավականին լավ հավաքածուներ ունեն և ինտեգրված են այլ երկրներում»,-ասաց Գյուրջյանը:
Կարդացեք նաև
Ըստ Գյուրջյանի` ծրագիրը հագեցած է թատերական ներկայացումներով, ֆիլմի ցուցադրությամբ, համերգային ծրագրով, ինչպես նաև հնագետների կողմից դասընթաց կլինի երիտասարդների համար:
Բանախոսի փոխանցմամբ` նախորդ տարի միայն «Թանգարանային գիշեր» տոնին թանգարան են այցելել շուրջ 1465 մարդ, մինչդեռ ամբողջ տարվա կտրվածքով թանգարան է այցելում 15-16 հազ. մարդ: «Սա արդեն որոշակի ձեռքբերում է: Այն իր մեջ հետաքրքրություն է առաջացնում, որ հատկապես այդ օրը մարդկանց հոսքն այդքան մեծ է»:
Պրն. Գյուրջյանը նշեց նաև, որ մարդկանց հոսքը շատ է լինում նաև յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը և յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը, քանի որ այս օրերին թանգարան այցը անվճար է: «Թանգարան այցի տոմսը թանկ չէ, կազմում է 200-1000 դրամ, ըստ կարգի: Այնպես որ, սպասել անվճար օրերի և նոր այցելել, կարծում եմ չարժի»:
Նա նշեց նաև, որ դիմել են Երևանի քաղաքապետարան և այդ օրվա կապակցությամբ անվճար մեքենաներ կտրամադրվեն դեպի թանգարան: «Մեր խնդիրը միայն մեկն է: Մենք չունենք համապատասխան աշխատակիցների քանակ` վերահսկողությունն իրականացնելու համար»,-ընդգծեց Գյուրջյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ