Aravot.am-ը Հայկական ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե՞ ինչ տպավորություն է ստացել այս տարվա Եվրատեսիլյան երգերից ու մասնակիցների ելույթներից, եւ ինչպե՞ս է գնահատում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի ելույթը:
«Երաժշտության մեջ սպորտային վիճակը երբեք չեմ ընդունել՝ մրցույթ, առաջին, երկրորդ եւ այլն: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլին», ամեն դեպքում մի թեթեւ սիրուն բան կա դրա մեջ, չնայած եվրատեսիլներում սովորաբար գորշ երաժշտություն է հնչում: Ուրախ եմ, որ այս տարի «Դորիանսն» է մեկնել «Եվրատեսիլի», ու մեր դաշտի՝ ռոք երաժշտության տղերքն են մասնակցում: Գոռին վաղուց եմ ճանաչում, նա շատ լավ տղա է ու լավ երգիչ է, կատարումը սիրուն էր, կար համեստություն, մյուս տարիների երաժիշտներից ավելի հետաքրքիր էր: Ուրիշ ավելի լավ բաներ չեմ ուզում ասել, թե վա՜յ, էս ինչ հրաշք էր, որովհետեւ «Դորիանսի» կենդանի համերգները իսկապես շատ լավն են լինում; Կարծում եմ՝ կարող էր ավելի լավ երգ լինել, Գոռը վատ չերգեց, մի քիչ բեք վոկալն այն չէր: Սկզբունքային առումով այնպես չի, որ Ավարայրի ճակատամարտին էինք մասնակցում, «Եվրատեսիլը» ընդամենը շոու է, ու կարեւորն այն է, որ խումբը մի քիչ ճանաչվի եւ ներկայանա աշխարհին, ճանապարհներ բացվեն նրա համար»,-նշեց Վարդան Գրիգորյանը:
Մեր հարցին՝ պատահականությո՞ւն էր, որ անդրկովկասյան երեք երկրները միասին հայտնվեցին եզրափակիչում, Հայկական ռոք ասոցիացիայի նախագահը պատասխանեց. « Ճիշտն ասած, արտաքին քաղաքական հարցերում ես այդքան կոմպետենտ չեմ, չնայած ինձ թվում է՝ այս ամենի մեջ, միշտ բացի երաժշտությունից էլի ինչ-որ բան կա: Բայց թե ինչ սկզբունքներ են գործում՝ չեմ կարող ասել»:
Իբրեւ երաժիշտ, բացի Գոռ Սուջյանի ելույթից, էլ ումո՞վ է տպավորված: «Ինձ հետաքրքրեց բուլղարացի աղջիկը՝ ստանդարտից դուրս էր, հետաքրքիր բան կար: Ադրբեջանցիների համարը տիպիկ ռուսական շոու-բիզնեսի սկզբունքներով էր, էն որ մեջը լիքը փող են դնում, բայց իրականում բան չկա: Այդ առումով, մերոնց պարագայում գոնե համեստությունը կար»
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը հանդես եկավ «Lonely Planet» երգով: Բացի Հայաստանից, «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի եզրափակիչ փուլ անցան Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան եւ Հունաստանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ