«Միայն այդ մակարդակի մի նյութ կարողացան հակադրել մեր արածին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ilur.am-ի «Թրաշալի քառյակի» դեգերումները ՀՀՇ-ում եւ ՀՀՇ-ից դուրս» հոդվածին՝ ասաց քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը: Նա անդրադառնալով հոդվածում առկա այն պնդմանը , թե ինքը ՀՀՇ-ն լքել է դեռեւս 1998-ի հեղաշրջումից եւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ասաց. «Սուտ է: Պարզապես 1998-ին ոչ թե ՀՀՇ-ից եմ դուրս եկել, այլ կասեցրել եմ իմ անդամությունը վարչությանը: Եթե ոմանց հետաքրքիր է իմանալ` ինչու, ապա ասեմ` քաղաքական տարաձայնությունների համար: Ինձ նոմինալ անդամ եմ համարել այն պատճառով, որ նույն այդ ՀՀՇ-ն, որ հիմա խոսում են, թե 1998-ին հեղաշրջում է եղել՝ հակադրվելով համագումարի որոշմանը , որ չի պաշտպանելու որեւէ թեկնածուի՝ ներքին հրահանգով պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Բնականաբար ինձ պետք է համարեի նոմինալ անդամ, եւ նոմինալ անդամ պետք է շարունակեի համարել, որովհետեւ բավարարված չէի ՀՀՇ գործունեությամբ: Մասնավորապես Կոնգրեսի խոսափողը լիովին համամիտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանիի «գեղի կլուբ» բնորոշմանը: Հիմա ինչո՞ւ են զարմանում, որ գեղի կլուբի նոմինալ անդամ եմ ինձ համարել: Տարօրինակ չէ՞»:
Անդրադառնալով Հովհաննես Իգիթյանին ուղղված մեղադրանքին, թե բոլորի հետ հրաժարական չտվեց, շարունակեց. «Իսկ ինչո՞ւ են մոռացել, որ բոլորի հետ հրաժարական եմ տվել: Եթե դա հերոսության եւ սկզբունքայնության դրսեւորում է, թող դա էլ նշեին: Ո՞րն է իմ անսկզբունքայնությունը: Իսկ ինչո՞ւ չեն նշում, որ ՀԱԿ-ի ներկայիս փոխնախագահ Արամ Մանուկյանը շատ բարեհաջող ձեւով շարունակեց աշխատել մշակույթի փոխնախարարի պաշտոնում: Ինչ որ մարդիկ ինչ-որ բան են անում իրենց հակառակ, միանգամից դառնում են փնովելի ու անսկզբունքայի՞ն»:
Անդրադառնալով պնդումներին, թե 2010թ. ՀՀՇ համագումարին Կարապետ Ռուբինյանը վերադարձավ՝ առաջադրվելով կուսակցության վարչության անդամի պաշտոնում, անհաջողությունից հետո «նոմինալ անդամը» վերջնականապես լքեց ՀՀՇ-ն՝ դժգոհելով ներկուսակցական դեմոկրատիայի պակասից, պարոն Ռուբինյանը հավելեց. «Հա վերադարձել եմ, լսել եմ բոլորի հավաստիացումները, որ արդար ընտրություններ են լինելու: Նույն Արամ Մանուկյանն առնվազն 20 հոգու ներկայությամբ Շենգավիթի ՀՀՇ-ում ասել էր` ոչ մի ցուցակ կողմնորոշող քվեարկության համար չի լինելու , բաց ընտրություններ են լինելու եւ խաբել է : Ես համագումարում համոզվել եմ, որ ընտրությունները կեղծվել ու ուղղորդվել են գաղտնի ձեւով եւ դրանից հետո հրապարակորեն բաց նամակ եմ գրել հրաժեշտի ու գնացել, հիմա ո՞վ է անսկզբունքային»:
Պարոն Ռուբինյանը զարմանում է` ինչու են տարածում, թե իրենք գողանում են ուրիշի անունը` ՀՀՇ բրենդը. «Ի՞նչ գողանալու մասին է խոսքը, եթե իրենք այդ անունը անպետք լաթի պես փողոց են նետել, մենք վերցնում ու տեր ենք կանգնում»;
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Վահագն Հայոցյանի տարածած այն հայտարարությանը, թե պետռեգիստրում գրանցված է ՀՀՇ հասարակական կազմակերպությունը՝ իր տարբերանշանով, հետեւաբար՝ մեկ այլ կազմակերպություն նույն անունով ու տարբերանշանով գրանցվել չի կարող, ասաց. «Եթե օրենսդրորեն խնդիր լիներ, մեր հայտը չէին վերցնի կամ էլ հետո կմերժեն երեւի, ինչո՞ւ են խառնվել իրար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իրար կերեք , որ կշտանաք ձեն հանեք , ինչ ամոթ, մարդ չեք: