Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրին քարտի ծրագիրը կարող է դադարեցվել

Մայիս 17,2013 12:37

Շրջանառվող օրենսդրական փոփոխությունները առաջարկում են հիմնական շեշտը դնել ոչ թե վիճակահանության, այլ ներգաղթյալների կրթության եւ հմտությունների վրա:

Մի քանի ամսից ամերիկյան Պետդեպարտամենտը հերթական անգամ կհայտարարի վիճակահանությամբ ընտրված այն 55 հազար հաջողակների անունները, որոնք հնարավորություն կստանան մեկնել Միացյալ Նահանգներ, աշխատել ու մի օր էլ դառնալ այդ երկրի լիիրավ քաղաքացիներ: 1995 թվականից սկսված այս ծրագրին, որ առավել հայտնի է գրին քարտ անվամբ, ամեն տարի միլիոնավոր մարդիկ են մասնակցում՝ ողջ աշխարհից: Այս տարվա հաջողակները, սակայն, կարող են դառնալ վերջինները:

Ինչպես Վաշինգտոնից փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիչարդ Սոլաշը, ամերիկյան Կոնգրեսում հանրապետական եւ դեմոկրատ օրենսդիրներն այժմ փորձում են ընդհանուր հայտարարի գալ միգրացիոն համակարգը հիմնավին փոխելու շուրջ, եւ չի բացառվում, որ այդ համաձայնության գալու դիմաց որոշվի դադարեցնել գրին քարտը: Նշենք, որ ծրագիրը հեղինակել է դեմոկրատ Չարլզ Շումերը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել է, որ շատ է հոգում դրա մասին, այդուամենայնիվ համաձայն է, որ անհրաժեշտ է  վերանայել դրա հետագա շարունակումը՝ քաղաքական ու բովանդակային նկատառումներով: Շումերի խոսքով, դրան համաձայնել են նաեւ իր դեմոկրատ կուսակիցները:

«Մեր ընդդիմախոսները՝ հանրապետականները լրջորեն դեմ են այս ծրագրին թե՛ միգրացիոն համակարգի փոփոխությունները մշակող օրենսդրական խմբում, թե՛ Ներկայացուցիչների պալատում: Բովանդակային առումով էլ պետք է նշել, որ այն նպատակ ուներ Միացյալ Նահանգներ բերել մարդկանց Եվրոպայից ու Աֆրիկայից, ինչը հաջողվում էր որոշ ժամանակ: Սակայն այժմ դրությունը փոխվել է, գրին քարտի համար հայտերի մեծ մասը ստացվում է Կենտրոնական Ասիայից: Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ մեր գործընկերների՝ հանրապետականների դիմադրությունը, մենք որոշեցինք, որ այլեւս չենք կարող շարունակել այդ ծրագիրը», – ասել է Շումերը:

Նշենք, որ հանրապետականները երկար ժամանակ է ինչ փորձում են դադարեցնել օտարերկրացիների համար Միացյալ Նահանգների  դռները բացող այս խաղարկությունը: Վերջին փորձն արվեց անցած դեկտեմբերին, երբ Սենատում հանրապետական օրենսդիրները շրջանառության մեջ դրեցին համապատասխան օրինագիծը, բայց հաջողության չհասան՝ օրենսդիր այս պալատում դեմոկրատների ունեցած մեծամասնության շնորհիվ: Այժմ, սակայն, դեմոկրատները կարող են վերանայել իրենց դիրքորոշումը` պարզաբանում է միգրացիոն հարցերով փորձագետ, Վաշինգտոնի Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուչիչ էդվարդ Ալդենը:

«Այժմ սեղանին է դրված միգրացիոն համակարգի բարեփոխման հսկայածավալ, համապարփակ օրենքը, որտեղ կան մի շարք կարեւոր փոփոխություններ դեմոկրատների համար, այդ թվում՝ մինչ օրս Նահանգներում որեւէ կարգավիճակ չունեցող մոտ 11 միլիոն մարդկանց օրինականացումը: Հանուն այդ փոփոխությունների՝ դեմոկրատները համաձայնել են զոհ տալ գրին քարտի ծրագիրը», – պարզաբանում է Վաշինգտոնի Արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետը:

Ներկայումս շրջանառվող օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես, առաջարկում են վերանայել ներգաղթյալների համար նախատեսված ծրագիրը՝ հիմնական շեշտը դնելով ոչ թե վիճակահանության, այլ նրանց կրթության եւ հմտությունների վրա: Ակնկալվում է, որ Կոնգրեսը բարեփոխումների այս փաթեթը քվեարկության կդնի առաջիկա հունիսին, ընդ որում, ըստ փորձագետների, հնարավորությունը, որ դրան համաձայնություն կտան ե՛ւ հանրապետականները, ե՛ւ դեմոկրատները, մեծ է ավելի, քան երբեւէ վերջին տասնամյակներին:

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031