Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար, պայքար մինչեւ վերջ

Մայիս 17,2013 12:33

Կյանքը ցույց է տվել և շարունակում է ցույց տալ, որ Հայաստանում անհամեմատ հեշտ է իշխանությունը պահելը, քան այն նվաճելը կամ վերանվաճելը: Համենայն դեպս, վերջին տասնհինգ տարիների մեր փորձը դա է ցույց տվել: Վերջին տասնհինգ տարիներն ենք նշում ու շեշտում, որովհետև տասնհինգ տարի առաջ բացառություն, այնուամենայնիվ, եղել է: 1998 թվականին ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ միանգամայն հեշտ զիջեց իշխանությունը, և մեզ հայտնի ուժերն էլ` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, առանց առանձնակի դժվարության տիրացան իշխանությանն ու եղած-չեղածին:

Ի տարբերություն 1996 թվականի, 1998-ին ՀՀՇ-ն ու Տեր-Պետրոսյանն առանձնապես ու առանձնակի դիմադրություն ցույց չտվին նաև այն պատճառով, որ 1996-ի գլխավոր դիմադրող Վազգեն Սարգսյանը 1998-ին հայտնվել էր մեզ հայտնի ուժերի խմբավորման մեջ, և որ այդ հանգամանքը էական ու վճռորոշ նշանակություն ունեցավ, կասկածից վեր է:

1996-ից առաջ էլ հանրահավաքներ ու ժողովրդի բուռն դժգոհություններ եղել էին, բայց Տեր-Պետրոսյանի իշխանությունը դրանց տակից հեշտ էր դուրս եկել և ընդամենը երկու անգամ էր որոշակի դժվարության հանդիպել. առաջին դեպքում Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ Պաշտպանության նախարարի պաշտոնը հանձնել ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանին, իսկ երկրորդ դեպքում` արդեն 1996-ին, ստիպված եղավ որոշակի ուժ կիրառել, որովհետև 1996-ին ընդդիմության և հեղափոխականորեն տոգորված զանգվածի ճնշումն անհամեմատ մեծ էր: Դարպասներ ու գլուխներ ջարդվեցին, բայց իշխանությունը պահվեց ու պահպանվեց: Այն ժամանակ իշխանությունը պնդում էր, որ ընտրություններում Տեր-Պետրոսյանն է հաղթել, և ընդդիմությունն էլ, ինչպես միշտ, հակառակն էր պնդում: Երևի ճշմարիտն ու արդարացին երկրորդ փուլն էր, որի անցկացման պարագայում, շատ հնարավոր է, Տեր-Պետրոսյանը ոչ միայն իշխանությունը պահպաներ, այլև` լեգիտիմությունը, որի բացակայությունն էլ հրաժարականի պատճառներից մեկն էր:

Տեր-Պետրոսյանը երկրորդ փուլի չգնաց ոչ միայն այն պատճառով, որ իր ենթականերից ամենաազդեցիկները դեմ էին դրան, այլև այն պատճառով, որ ինքը ևս չէր հավատում իր հաղթանակին ու իր թիմակիցներից շատերին, որոնք նախընտրական շրջանում հնարավորինս վատ աշխատեցին` կարապի, խեցգետնի ու գայլաձկան տարբերակով: Ինքը` Տեր-Պետրոսյանն էլ հնարավորինս վնասեց իրեն` ընտրություններից ամիսներ առաջ հայտարարելով, որ ընտրվելու դեպքում փոխելու է Բագրատյանին: Այդ կերպ առաջին նախագահը, փաստորեն, նախընտրական աշխատանքներից դուրս մղեց ու մեկուսացրեց իր իսկ վարչապետին, որը, չնայած ի զորու չէր իշխել Վազգեն Սարգսյանին ու Վանոյին, այդուհանդերձ, ընտրությունների համար պետքական լիքը լծակներ ուներ:

Հավանաբար առաջին նախագահը վստահ էր, որ առանց Բագրատյանի էլ կարող է հաղթել, և շատերն էին էդ կարծիքին, բայց ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ նախընտրական կրքերի էներգետիկան կտրուկ փոխվեց, և արդեն Վազգեն Մանուկյանն ու ընդդիմությունն էլ սկսեցին հավատալ իրենց հաղթանակին:

Իրավիճակն ընդհանուր առմամբ նման էր նախագահական վերջին ընտրությունների իրավիճակին` էն տարբերությամբ, որ Վազգեն Մանուկյանը ընտրություններից առաջ էր իր հաղթանակին հավատում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` ընտրություններից հետո:

Ընտրություններից ամիսներ առաջ հրապարակայնորեն հայտարարելով իր վարչապետից հրաժարվելու մասին, ընտրություններից հետո էլ Տեր-Պետրոսյանը շարունակեց հրապարակային բացախոսությունը` հասնելով ընդհուպ իր «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածին, որը մեծամասնության կողմից չհասկացվեց ու չընդունվեց և, փաստորեն, նույնպես հրաժարականի դրդիչ հանդիսացավ:

Կարճ ասած, Տեր-Պետրոսյանն իր իշխանության տարիներին խորամանկությամբ առանձնապես աչքի չի ընկել, մինչդեռ ընդդիմադիր եղած ժամանակ լավ էլ խորամանկել և խորամանկում է, ավելի ճիշտ` փորձել և փորձում է խորամանկել: Միանգամայն դրական գնահատելով «Ղարաբաղ » կոմիտեի դերն ու նշանակությունը, հիշում ենք` Տեր-Պետրոսյանը, Վ. Մանուկյանն ու ողջ կոմիտեն ինչպիսի ճարպիկ ու ճկուն խաղեր էին տալիս խորհրդային իշխանությունների, ինչպես նաև` ընդդիմադիր մյուս ուժերի նկատմամբ:

Ինչքան էլ ուրիշները հակառակը կարծեն, ես այն կարծիքին եմ, որ մտքի ճկունությունը և նույնիսկ խորամանկությունը քաղաքական գործչի համար միանգամայն պարտադիր և միանգամայն դրական հատկանիշներ են. այլ հարց է թե` ով հանուն ինչի է դրանք օգտագործում:

Ինչ վերաբերում է անձամբ Տեր-Պետրոսյանին, իր մոտ խորամանկությունն էլ է հրապարակայնությամբ և բացախոսությամբ ուղեկցվում: Իր քաղաքագիտական վերլուծությունն ու այդ վերլուծության շարունակականությունը ասածիս լավագույն ապացույցն են:

Թե ինչու է առաջին նախագահն իր և Ծառուկյանի` ընդդիմադիր ճամբարում համատեղ գործունեության բավական մշուշոտ տեսլականն էդքան ցանկալի, էդքան իրական ու էդքան պատկերավոր ներկայացնում, շատերի համար է անհասկանալի, և, ըստ ամենայնի, անձամբ Ծառուկյանի համար էլ է անհասկանալի, ու երևի դա է պատճառը, որ Ծառուկյանն էսքան ժամանակ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական մեսիջներին որևէ կերպ չէր արձագանքում, և չափազանց զարմանալի է, որ իր արժանապատիվ կեցվածքից երբևէ չհրաժարվող առաջին նախագահը Ծառուկյանի կողմից անարձագանք մնալով` ոչ վիրավորվում է և ոչ էլ վհատվում. ընդհակառակը. իր սկսած խաղի ողջ հաճույքն անմնացորդ ըմբոշխնելով` սկսածը մեկ քաղաքագիտական վերլուծություն է անվանում, մեկ` բուրժուադեմոկրատական հեղափոխություն, և, համոզված եմ, իր ընդդիմադիր էներգետիկան վերագտնելով ու վերահաստատելով` առաջիկայում նոր ու առավել հետաքրքիր անվանումներ կգտնի, որովհետև ընդդիմադիր Տեր-Պետրոսյանն, ի տարբերություն նախագահ Տեր-Պետրոսյանի և ի տարբերություն Ծառուկյանի ու այլոց, կորցնելու որևէ բան չունի, և ինչ-որ կորցնելու էր, վաղուց արդեն կորցրել է` ներառյալ իր էն զինակիցներին, որոնք իրենից կատեգորիկ կերպով իշխանություն ու իշխանափոխություն էին ակնկալում, մինչդեռ գտնելու ու վերագտնելու լիքը բան ունի` ներառյալ ժողովրդի մի որոշ հատվածի և իր զինակիցների մնացորդաց սերն ու պաշտամունքը, որոնք, ըստ ամենայնի, իր համար ավելի էական ու կարևոր են, քան նույնիսկ` նախագահի պաշտոնը:

Թե ինչպիսի շարունակություն ու վերջաբան կունենա քաղաքագիտական վերլուծությունը, դժվար է կանխագուշակել, մինչդեռ «Պայքար, պայքար մինչև վերջը» դժվար թե երբևէ վերջ ունենա:

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    «հիշում ենք` Տեր-Պետրոսյանը, Վ. Մանուկյանն ու ողջ կոմիտեն ինչպիսի ճարպիկ ու ճկուն խաղեր էին տալիս խորհրդային իշխանությունների ուժերի նկատմամբ» նրանք ընդամենը տիկնիկներ էին եւ երբ Վ. Սարգսյանը հասկացավ ու դուրս հրավիրեց նրնաց, խաղավրն էլ նրան դուրս հանեց խաղից:
    Քանի դեռ չի դատապարտվել 1996-ը եւ չեն ստացել իրենց արժանի պատիժը առաջին ընտրակեղծիքի համար, մնացած ոչ մի կեղծիք չի դատապարտվելու:
    Այսօր պայքարը գնում է իշխանության եւ ոչ թե երկրի ապագայի համար: ՀՀՇ- ի վերակենդանացումը ավելի տխուր փաստ է քան այսօրվա ավազակապետությունը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031