«Ֆիլմն իր մեջ ներառում է հայրենասիրություն, ընկերություն և դավաճանության պատժում: Հատուկ ջոկատային խումբը մտնում է չեզոք գոտի, որպեսզի կարողանա ազատ արձակել հայ զինվորներին, սակայն հայտնվում են շրջափակման մեջ: Եվ տարիներ հետո բացահայտվում է դավաճանությունը և պատժվում մեղավորները: Հիմնական սյուժեն սա է»,-այսօր այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց «Չեզոք Գոտի» գեղարվեստական ֆիլմի մետահաղացման հեղինակ և գլխավոր դերակատար Նվեր Գալստյանը:
Վերջինիս խոսքով` ֆիլմում փորձել են այսօրվա երիտասարդների մեջ մտցնել ուժ, ոգի, այն ամենը, ինչ հարկավոր է այսօրվա երիտասարդին: «Այսօրվա երիտասարդությունը շատ եսասեր է: Մի կաթիլ ջուրը մի ամբողջ ապառաժ է ծակում: Նա պետք է հասկանա, որ իր ընկերոջ թիկունքում է կանգնած, իսկ ընկերը` իր: Ֆիլմը հոգեբանական մարտաֆիլմ է: Մարտական մասը նկարահանվել են սեպտեմբերի սկզբին, պրեմիերան նախատեսվում է հունիսի յոթին: Նկարահանումներն իրականացվել են Տավուշի մարզի Այգեձոր գյուղում, Վանաձորում, և ավարտվել են Երևանում»:
Ֆիլմի ցուցադրումը կկայանա կինոթատրոններում, ինչպես նաև նախնական պայմանավորվածություն կա «Արմենիա » հեռուստաընկերության հետ: Այն լիամետրաժ ֆիլմ է` ժամուկես տևողությամբ:
Ֆիլմի սցենարիստ Լուսինե Մանուկյանը հավաստիացրեց, որ սցենարը գրվել է հոգեբանական իրավիճակների վրա, ինչպես նաև հիմքում իրական փաստերն են: «Այն հիշվող և մնայուն ֆիլմ է լինելու»:
Ֆիմի ռեժիսոր Արտակ Ջիլֆիմյանն իր խոսքում ասաց, որ ֆիլմում կարևորը գեղարվեստորեն ներկայացումն է: «Սյուժեն հորինված չէ, հորինված է ներկայացման ձևը: Մենք ունենք լուրջ խնդիր, դա պահելն է: Մենք հաղթող ժողովուրդ ենք, բայց հաղթանակը պահել չգիտեն: Մենք այսօր պատերազմի մասին չպետք է մտածենք, մենք պետք է մեր մեծության մասին խոսենք: Մեր հետ հաշվի պետք է նստեն մեծ տերությունները, իսկ մեր հակառակորդները պարզապես պետք է վախենան մեզանից»,-ընդգծեց Ջիլֆիմյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ