«Մենք ուզում ենք կիսել արմավիրցիների ցավը, քանի որ սպասելով կառավարության քայլերին՝ չգիտենք ուր ենք գնսլու: Արդեն մեկ շաբաթ է աղետը տեղի է ունեցել, բայց առանձնապես ոչինչ չի ձեռնարկվում»,-այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց Աջակցություն արմավիրցիներին նախաձեռնության ղեկավար Նարե Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ շաբաթ առավոտյան իրենք հասնելու են Արմավիր գյուղ և գյուղացիներին առաջարկելու են իրենց աջակցությունը:
Փոքր Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմարյանը ներկայացրեց, որ կարկուտը հողին է հավասարեցրել իր 2,5 հեկտար ցանած բերքը, որի համար 2 միլիոն ծախս էր արել ու մանրամասնեց. «Կարկուտի հետևանքով այժմ զրկվել ենք ամեն ինչից: Չգիտենք՝ ինչո՞վ պիտի ապրենք: Այս քանի օրը պիտի մեր բերքն ու բարիքը վաճառեինք, դրա հույսով պարտքեր էինք վերցրել, հիմա չգիտենք՝ ոնց ենք անելու: Իսկ այս պահի դրությամբ մեր վաճառած բերքը մեր ծախսերը չի հանելու»:
Գյուղացիները վրդովված են, որ աղետի երկրորդ օրը բանկերից, կոնկրետ «Կամուրջ» հիմնադրամից են եկել գյուղ և վարկերն են պահանջել, իսկ պետությունն իրենց որպես օգնություն սերմեր է առաջարկում: Գյուղացիները վրդովված հարցնում են. «Սերմերը տալիս են, որ ի՞նչ անենք, կուկուռուզ ցանենք, որ ի՞նչ անենք»: Արմավիրցիները կառավարությունից ակնկալում են, որ գոնե երկու տարով սառեցնեն իրենց վարկերը:
Նույն գյուղի բնակիչ Ասատուր Հայրապետյանն էլ, խոսելով հակակարկտային կայանների աշխատանքի մասին՝ տեղեկացրեց. «Աղետի օրը՝ մայիսի 12-ին, ընդամենը երկու համազարկ է եղել: Կրակոցներ չեն եղել: Այնինչ երկու օր առաջ, երբ հայտարարվեց, թե կարկուտ է գալու, հակակարկտային կայաններն ինտենսիվ աշխատեցին, արդյունքում անգամ անձրև չեկավ: Աղետից հետո ինչ-որ պատասխանատու մարմիններ եկան, բայց մենք հուսադրող բաներ չլսեցինք: Այս իրավիճակը խթանում է արտագաղթը: Ախր ցավալի է, որ Հայաստանը պիտի լքենք մի սովորական բանի համար, ախր ինչո՞ւ սա թույլ տալ: Պետք է անվերապահ սառեցնել վարկերը գոնե երկու տարով: Ախր մեզ պետք չէ բարեկեցություն, գոնե երեխայի համար սնունդ ենք ուզում, որ հետո զինվոր տանք երկրին»:
Կարդացեք նաև
Զուգահեռներ տանելով «Սպայկայում» տեղի ունեցած աղետի հետ՝ Ն. Գրիգորյանը նկատեց. «Դեռ կրակը «Սպայկայում», կառավարությունը հայտարարեց, թե կօգնեն Սպայկային: Կօգնեք որովհետև ձե՞րն է, բա գյուղացի՞ն: Արդեն մեկ շաբաթ է գյուղացին վնաս է կրել, բայց ոչ մի քայլ կառավարությունը չի անում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ