2006 թվականից սկսած, արդեն 8 տարի Ռոզա Ծառուկյանը մայիսի 6-ին՝ նոյեմբերյանցի միլիցիոներների նահատակության օրը լինում է Նոյեմբերյան քաղաքում, այցելում 1991թ. Ոսկեպարի սահմանամերձ անտառում խորհրդային զինուժի հարձակումից զոհված նոյեմբերյանցի 14 միլիցիոներների հուշակոթող, դրամական աջակցություն ցուցաբերում զոհվածների հարազատներին:
Այս տարի տիկին Ռոզայի այցը փոքր-ինչ ուշացավ, քանի որ նա մայիսի 6-ին բուժօգնության համար արտերկրում էր գտնվում: Մայիսի 16-ին տիկին Ծառուկյանն այցելեց Նոյեմբերյան , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղի գրասենյակում հանդիպեց զոհվածների հարազատներին, նրանց դրամական օգնություն ցուցաբերեց: Ռոզա Ծառուկյանը նվերներ հանձնեց զոհված միլիցիոներների 12 գործընկերներին, ովքեր 1991թ. մայիսի 6-ից հետո ամիսներ շարունակ գտնվել են ադրբեջանական բանտերում:
Տիկին Ծառուկյանի հետ Նոյեմբերյան էին այցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Երեւան համայնքի ավագանի ընտրված Իրինա Քոչարյանը եւ Թամարա Պողոսյանը: Իրինա Քոչարյանը զոհված միլիցիոներների հարազատներին հանձնեց իր հոր՝ Վալերի Քոչարյանի ստեղծագործությունները եւ նրա մասին հուշերն ամփոփող «Արծվաթռիչք» գիրքը:
Այնուհետեւ Ռոզա Ծառուկյանը, նրան ուղեկցող անձինք, զոհված միլիցիոներների հարազատները ծաղիկներով այցի գնացին զոհվածների հուշակոթող: Այնտեղ տիկին Ծառուկյանը զոհված ոստիկանների հարազատներին սատարող խոսք ասաց, հավելելով «Դուք իրավունք չունեք հուսահատվելու»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ