Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է հիմնավորված գազի նման թանկացումը

Մայիս 17,2013 11:36

Գազի գնի սպասվող բարձրացումը լրջորեն անհանգստացնում է հասարակությանը

Պատճառը միայն այն չէ, որ առաջարկվում է գազը թանկացնել միանգամից ավելի քան 60 տոկոսով։ Դա մի ապրանքատեսակ է, որից կախված է գրեթե ողջ տնտեսությունը։ Գազի նման կտրուկ թանկացումը ինքնաբերաբար հանգեցնելու է տնտեսության տարբեր ոլորտներում գների բարձրացման։
Այնպես չէ, որ գազի թանկացումը սպասելի չէր։ Դա շուտ թե ուշ լինելու էր։ Գազի թանկացմանը հասարակությունը սպասում էր տարեսկզբին, բայց դա տեղի չունեցավ։ Հետո սպասելիքները տեղափոխվեցին մինչեւ հաջորդ տարեսկիզբ։ Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։
Բոլորն էլ հասկանում են, որ գազի թանկացումը հարկադրական քայլ է։ Սակայն որեւէ մեկը չէր կարող պատկերացնել նման կտրուկ փոփոխություն։ Մանավանդ նախկինում Հայաստանը ռուսական գազը ստանում էր շատ ավելի արտոնյալ պայմաններով։
Պարզ հաշվարկները վկայում են, որ «ՀայՌուսգազարդի» ախորժակը շատ ավելին է, քան կարող էր լինել։ Դա ակնհայտ երեւում է խոշոր սպառողներին մատակարարվող գազի առաջարկվող սակագնի դեպքում։ Ներմուծման գնի 90 դոլար թանկացման պայմաններում «ՀայՌուսգազարդը» նախատեսում է տնտեսական հատվածի գազամատակարարման սակագինը բարձրացնել 149 դոլարով։ Այսինքն՝ շուրջ 60 դոլարով ավելի շատ, քան ներմուծման թանկացումն է։
Սա նշանակում է, որ ընկերությունը մտադիր է ավելացնել ներքին ծախսերը։ Անշուշտ գնաճի հետ կապված դրանք ավելանում են, բայց արդյոք այնքա՞ն, որքան առաջարկում է ընկերությունը։
Պատահական չէ, որ արդեն խոսվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում առաջարկված բարձրացումը նույնիսկ 30 տոկոսով զեղչելու մասին։
Հայաստանի գազամատակարար ընկերությունը սակագների հաշվարկի հիմքում ներկայացրել է այնպիսի ծախսեր, որոնք առաջին հայացքից տարակուսանք են առաջացնում։ Ասենք, արժույթի փոխանակման հետ կապված ծախսերը հաշվարկված են 533 մլն դրամ։ Ընկերությունը նախատեսում է կատարել ավելի քան 107 մլն դրամի ներկայացուցչական ծախսեր՝ տարբեր տեսակի խորհրդակցությունների կամ ժողովների հրավիրման համար։
Շուրջ 15 մլրդ դրամ է ակնկալվում համակարգի աշխատավարձի վճարման համար։ Նշենք, որ անցած տարեվերջին «ՀայՌուսգազարդը» հայտարարագրել էր 6 հազարից մի փոքր ավել աշխատողներ։ Եթե աշխատողների այս թիվը պահպանվի, ապա կստացվի, որ համակարգում միջին աշխատավարձը կկազմի 200 հազար դրամից ավել։ Թեեւ ընկերության ղեկավար անձնակազմի աշխատավարձերը մի քանի տասնյակ անգամ բարձր են։
Թե գազի թանկացման ներկայացված հաշվարկները որքանով են հիմնավոր, կփորձի պարզել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը մինչ այդ ձեռնամուխ է եղել նաեւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայմանը։
Կասկած չկար, որ գազի գնի նման կտրուկ բարձրացմանը հետեւելու էր էլեկտրաէներգիայի թանկացումը։ Սրանք միմյանց փոխկապակցված են, թեեւ վերջին տարիներին հաջողվում էր զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագնի կախվածությունը գազից։ Դա հնարավորություն տվեց նախորդ անգամ նույնիսկ խուսափել գազի թանկացման պայմաններում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից։ Դրանք վերջին անգամ փոխվել են 2009թ.։ Գազը թանկացավ 2010թ., բայց հոսանքի սակագինը չփոխվեց։ Դա հաջողվեց անել Երեւանի ջերմային նոր կայանի կառուցման շնորհիվ։ Այս կայանն աշխատում է շատ ավելի խնայողական ռեժիմով։
Իհարկե, այս անգամ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վրա ազդող գործոնները չեն սահմանափակվում միայն գազով։ Ըստ էության, գազի թանկացման հետեւանքներն ավելի մեղմ են լինելու, եթե հաշվի առնենք, որ դա վերաբերելու է հիմնականում Հրազդանի կայանի արտադրած էլեկտրաէներգիային։
Այլ է խնդիրը սակագների վրա ազդող մյուս գործոնների դեպքում։ Խոսքը փոխարժեքների եւ գնաճի մասին է։ Եթե էլեկտրաէներգիայի գործող սակագնի հաստատման ժամանակ դոլարի փոխարժեքը Հայաստանում 370 դրամի սահմաններում էր, ապա այժմ մոտենում է 420-ին։ Այլ կերպ ասած, թանկացել է ավելի քան 13 տոկոսով։ Դրան զուգահեռ արձանագրվել է նաեւ խորը գնաճային միջավայր։
Սրանք գործոններ են, որոնք կարեւոր դեր ունեն սակագների հաշվարկի գործում։ Թեեւ հազիվ թե կարելի է կարծել, որ էլեկտրաէներգիայի վերջնական սակագնում սպասվող ազդեցությունը կարող է շատ մեծ լինել։ Ենթադրվում է, որ հոսանքի թանկացումը 5 դրամից չի անցնի։
Գազի առաջարկվող թանկացումն անշուշտ այսքան ցավոտ չէր ընկալվի, եթե դա նախորդեր հասարակության եկամուտների առնվազն համարժեք ավելացմանը։ Այնինչ Հայաստանում ինչպես աշխատավարձերը, այնպես էլ սոցիալական մյուս վճարները շատ դանդաղ են աճում։ Ընդ որում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Պատահական չէ, որ վերջին երկու-երեք տարիներին սոցիալական վիճակը երկրում գրեթե չի բարելավվում։ Հետեւանքը թերեւս արտագաղթի ծավալների ավելացումն է։ Դա շատ ավելի կխորանա առաջիկայում սպասվող թանկացումների ֆոնին։
Բնականաբար կառավարությունը կփորձի ինչ-որ բան անել սոցիալական առավել խոցելի խմբերի համար, բայց ինչպես միշտ դա համարժեք չի լինի այն թանկացումներին, որ տեղի կունենան գազի եւ էլեկտրաէներգիայի գների սպասվող բարձրացման հետեւանքով։

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031