Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը

Մայիս 17,2013 10:54

Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց` զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու մեջ հավաստիանալու և այն բողոքարկելու հնարավորությունից:

Այս կապակցությամբ Պաշտպան Կարեն Անդրեասյանը գրավոր պարզաբանումներ է ստացել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր համաձայնությունն է հայտնել ձևավորված պրակտիկայի հակաիրավական լինելու հարցում` նշելով, որ «ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ձևավորված պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով և ՀՀ քր. դատ. օր. 103 և 290 հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներից»: Մինչդեռ  ՊԵԿ-ը չի ընդունում ձևավորված պրակտիկայի հակաիրավականությունը և շարունակում է պնդել իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության մասին:

Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը և ՊԵԿ-ի գործողությունների և դիրքորոշման ոչ իրավաչափությունը՝ պահանջում ենք հետաքննություն և նախաքննություն իրականացնող իրավասու մարմիններին  դադարեցնել հետաքննիչի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ոչ իրավաչափ գործելաոճը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին և այլ շահագրգիռ անձանց առաջարկում ենք ստուգում նշանակելու մասին հետաքննիչի կամ քննիչի որոշումը պահանջել որոշումը կայացրած պաշտոնատար անձից, իսկ մերժում ստանալու դեպքում` բողոքարկել հետաքննիչի կամ քննիչի անգործությունը դատախազին:

Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդրի արագ կարգավորումը կնպաստի երկրում ձեռնարկատիրական գործունեության մթնոլորտի բարելավմանը, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031