Այն, ինչ անում է Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, այլ կերպ, քան ռազմավարական ավանտյուրա համարելը դժվար է: Ռուսաստանը Հայաստանի համար սահմանում է գազի մի այնպիսի գին, որը մեր երկրի տնտեսությունը կանգնեցնելու է լրջագույն խնդիրների առջև, որը կարող է պարզապես խթանել արտագաղթի նոր ալիք Հայաստանում, կամ էլ պետությանը ստիպելու է նորանոր արտաքին պարտքեր կուտակել սոցիալական հետևանքները մեղմելու համար:
Մի խոսքով, Ռուսաստանը Հայաստանի անվտանգությանը հասցնում է տնտեսական մի այնպիսի հարված, որից Հայաստանը դեռ երկար ժամանակ ուշքի չի կարող գալ: Եվ այս ամենն արվում է մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի տնտեսությունը նոր է միայն ոտքի կանգնում ճգնաժամային անկումից հետո, երբ մարտահրավերները տարածաշրջանում ուժգնանում են կապված Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների հետ, երբ Հայաստանը ընդունում է փախստականներ Սիրիայից, և նույնիսկ կանխատեսվում է նոր փախստականների ալիք:
Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանություններին պարզապես փորձում է պատժել Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու համար: Սա ցերեկվա լույսի նման պարզ է: Սակայն պարզ է նաև, որ նման կերպ վարվող երկիրը չի կարող Հայաստանի համար ռազմավարական դաշնակից համարվել: Շատերը կարող են ասել, որ Հայաստանն ինքն է խախտել ռազմավարական դաշնակցության սկզբունքները և գնում է դեպի Եվրոպա: Սակայն այստեղ, իհարկե, որևէ դաշնակցային սկզբունքի խախտում չկա, որովհետև Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկիր, Հայաստանը ԱՊՀ հետ ստորագրել է Ազատ առևտրի պայմանագիր, Հայաստանը խորացնում է երկկողմ հարաբերությունը Ռուսաստանի հետ, պարզապես Հայաստանը պարտավոր է նաև անել հավելյալ քայլեր իր անվտանգության, բարեկեցության, պաշտպանվածության և զարգացման հեռանկարների համար, ինչը ենթադրում է սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ և իր կյանքի կազմակերպման համար ընտրել խաղի այն կանոնները, որոնք առավելագույն արդյունավետություն են ապահովել պետությունների համար համաշխարհային մրցակցությունում: Իսկ այդ կանոնները եվրոպական, արևմտյան կանոններն են, որոնք արևմտյան աշխարհը դարձրել են մոլորակի առաջատարը բոլոր առումներով: Եվ ի դեպ, ասիական շատ երկրներ, որոնք հասել են տնտեսական մեծ նվաճումների, հասել են դրան հենց արևմտյան խաղի կանոնները որդեգրելու և անգամ իրենց ներսում պարտադիր կերպով կիրառելու միջոցով:
Այսինքն` Հայաստանն ընդամենը անում է այն, ինչ բխում է իր շահից, պահպանելով Ռուսաստանի հանդեպ ստանձնած բոլոր պայմանավորվածությունները և խորացնելով դրանք: Ի վերջո, Հայաստանը շարունակում է իր տարածքը միանգամայն անվճար տրամադրել ռուսական ռազմակայանի համար, նույնիսկ վճարել կոմունալ ծախսերը: Եվ այս ամենից հետո առնվազն անհեթեթ կարող են հնչել մեղադրանքները Կրեմլից: Հետևաբար` գազի գնի թանկացումը ընդամենը մոսկովյան քմահաճույք է, որն արդեն ոչ թե դաշնակցի, այլ ագրեսորի քայլ է, որովհետև այն, ինչպես իրեն պահում է Հայաստանը Ռուսաստանի հանդեպ, ինչ անում է Ռուսաստանի հանդեպ, ավելին կարող է պահանջել միայն ու միայն ագրեսորը, որի խնդիրը Հայաստանն ընդամենը կամքից և ինքնիշխանությունից զրկելն է:
Կարդացեք նաև
Եվ ահա, այս տեսանկյունից, գազի հարցում Հայաստանի ներքին իրողությունները թողած, որոնք, իհարկե, լիովին առանձին պատմություն են, անհրաժեշտ է փաստել, որ Մոսկվան Հայաստանի հետ վարվում է պարզապես ագրեսորի նման և ոտնձգություն է կատարում Հայաստանի ինքնիշխանության հանդեպ: Գիտակցո՞ւմ են սա Կրեմլում, թե՞ ոչ` պարզ չէ, սակայն այն, որ Հայաստանի հասարակությունը դա պետք է գիտակցի, և պետք է արվեն համապատասխան հետևություններ և այս երևույթի նկատմամբ ձևավորվի հասարակական իմունիտետ` երևի թե միանշանակ է: Այլապես ագրեսիան հետագայում կարող է ունենալ ավելի ու ավելի հանդուգն դրսևորումներ:
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»
Եթե երկրի ղեկավարը իրեն չի հարգում, իր ասած խոսքի արժեքը մեկ դրամ էլ չարժի, եթե իրեն և իր
թիմակիցների ընտրվելու պրոբլեմը ոչ թե երկրի բարերության մասին մտածելն է, այլ թաղի, գյուղի,
և այլ խուժանի վերարտադրությունը, ապա նման երկիրը դատապարտված է հենց այս ճակատագրին: