Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկայի» հրդեհը արտաքին միջամտության հետեւա՞նք էր

Մայիս 17,2013 10:36

ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանից իմացանք, որ 13:15–ին հրդեհը մեկուսացվել է։ «Հրդեհի հետագա զարգացումը կասեցվել է, հիմա իրականացվում են վերջնական հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասաց նա 13:40–ին՝ ավելացնելով, որ թունավոր նյութեր չեն արտանետվել։ Նույնը վստահեցնում էր «Սպայկայի» նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, ում հանձնարարված էր պատասխանել լրագրողների հարցերին։ «Մենք պատրաստվում էինք ծիրանի մթերման մեկնարկին, մեծ քանակությամբ փայտե եւ պլաստմասսե արկղեր կային ներսում, եւ դրանք էլ են բռնկվել։ Եղել է կարտոֆիլ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից։ Մթերքը մերն է եղել, որի համար մենք գյուղացիներին վճարել ենք»,- ասաց նա: 15000 քմ տարածք ունեցող սառնարանային համալիրը, որն ամբողջությամբ վնասվել է, ամենամեծն էր տարածաշրջանում։ Այն ապահովագրված էր, բայց թե որ ընկերությունում, Բաղդասարյանը չասաց՝ կոմերցիոն գաղտնիք է։ Նա հերքեց, որ ներսում դյուրավառ ներկեր կամ վտանգավոր քիմիական նյութեր են եղել։ Դժվար է հավատալ, որ կարտոֆիլն ու արկղերն այնպես կվառվեն, որ 12 ժամ չի հաջողվի գոնե մտնել շենք։ Մինչդեռ առավոտյան ԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը հայտնեց, որ շենքի ներսում դյուրավառ հեղուկներ, անվադողեր, ներկեր եւ այլ քիմիական նյութեր կային, որոնք ուժեղացնում են կրակը ու դժվարացնում փրկարարների աշխատանքները։

Փաստորեն, մեծ քանակության քիմիական, դյուրավառ, գուցե նաեւ պայթյունավտանգ նյութեր պահվել են մի տարածքում, որը չուներ համապատասխան հրշեջ հանգույց։ Հայտնի չէ, թե էլ ինչ է պահվել այստեղ, թեեւ սառնարաններում սառեցման համար օգտագործվող գազն արդեն բավական էր կրակը բորբոքելու համար։ Գուցե անվտանգության կանոնների խախտումները չբացահայտելու նպատակով է հրդեհի շուրջ գաղտնիություն պահվում։ Մեր տեղեկություններով, սառնարանները դատարկ են եղել, իսկ շենքից դուրս մի բեռնատար մեքենա է եղել ամբողջությամբ այրված։ Չի այրվել գրասենյակի տարածքը, որտեղ փաստաթղթերն էին պահվում։ Կասկածելի է եւ արտաքին միջամտության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ կրակը մեծ ուժով բռնկվել է միաժամանակ ահռելի տարածքում, ոչ թե տարածվել աստիճանաբար։ Նման իրավիճակներում նախնական վարկածներ են հրապարակվում, ինչը չարվեց «Սպայկայի» դեպքում։ Այս գաղտնիությունը վարկածներ է ծնում։ Օրինակ, թշնամության վարկածը։ Բանվորները չեն սիրում «Սպայկայի» ղեկավարությանը, քանի որ չնչին աշխատավարձ էին ստանում։ Տեղի բնակիչներից մեկը պատմեց, որ մրգի սորտավորման համար, որը ծանր աշխատանք է, այստեղ վճարում էին 70 հազար դրամ:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031