«Շատ անսպասելի եղավ այցս: Ինձ համար բավականին հայտնի է հայկական երաժշտությունը, քանի որ անցյալ համերգի ընթացքում նվագեցի «Կռունկը»: Հայերը եւ իտալացիները որոշակի նմանություններ ունեն` մշակույթի հետ կապված»,-այսօր այս մասին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ասուլիսի ընթացքում ասաց աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ով, տեղեկանալով «Hollywood Non-Stop»-ի մասին, հատուկ Երեւան էր ժամանել Թբիլիսիից՝ մասնակցելու համերգային ծրագրին։
Վերջինս մասնակցելով երիտասարդական նվագախմբի փորձին, շատ բուռն է արձագանքել ինչպես նվագախմբի երաժիշտների կատարողական արվեստին, այնպես էլ «Hollywood Non-Stop» նախագծին։ Երաժիշտը պատրաստվում է սկավառակ թողարկել, որտեղ տեղ կգտնեն մի շարք ստեղծագործություններ, այդ թվում նաեւ հայկական եւ իտալական երաժշտության միքսեր: Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հավանել էր հայ երաժիշտներին. «Նվագախումբը շատ լավ էր նվագում: Երեկ նվագում էի լարային գործիք նվագող երաժիշտների հետ, իսկ այսօր նվագելու եմ սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի համար շատ ուրախ եմ»:
Այն հարցին, թե ովքեր են ավելի լավ նվագում, հայերը, թե իտալացիները, երաժիշտը պատասխանեց` «Իտալացիները ասում են, թե իրենք են լավ նվագում, իսկ հայերը`իրենք: Հետեւաբար մենք ամենալավն ենք»:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, դեռ մայիսի 15-ին երեւանյան հանդիսատեսին ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։
Կարդացեք նաև
«Hollywood Non-Stop»-ը ծրագիրն արդեն վայելում է հանդիսատեսի սերը։ Այն մեկնարկել է 2012 թվականին եւ ներկայացվել երեւանյան ութ բուհերում, որտեղ ավելի քան 6000 ուսանող է ունկնդրել հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը»: 2013 թվականին «Hollywood Non-Stop»-ը ներկայացվել է նաեւ հանրապետության մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում: Այս համատեղ ծրագրի նպատակն է՝ մատչելի եւ հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ