Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն մի վկան էր պնդում, որ թոշակառու հայրը Ամերիկայից թաքուն եկել, թոշակը ստացել է

Մայիս 16,2013 19:01

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդահանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց աշխատանքի եւ սոցիալական ծառայության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, սոցապի աշխատակիցներ Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի, Վահագն Խաչատրյանի, Սամվել Էլբակյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Սարգիս Սարգսյանի, Բագրադ Մուրադյանի, Արմեն Խաչատրյանի, Համլետ Մարտիրոսյանի, եւ Հրանուշ Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:

Այսօր դատակոչվել էին տասնյոթ վկաներ: Նախորդ դատական նիստին վկայություն են տվել եւ տասը:

Այսօրվա վկաների  մեջ կային կենսաթոշակառուներ, մարդիկ, որոնք հրավիրվել էին արտերկրում գտնվող իրենց տատերի, պապերի, ընկերների հարազատների համար: Տարիքն առած կենսաթոշակառուներից իրենց հիշողությամբ չէին փայլատակում նաեւ երիտասարդները, որոնք չէին հիշում, թե երբ են իրենց տատերն ու պապերը մահացել, թե երբ են հայաստանից գնացել, եկել են արդյոք, թե՞ ոչ: Վկաներից մեկն իր եղբոր մահվան թիվը ոչ միայն չհիշեց, այլ դատարանում հայտնեց, որ հարեւանները գիտեն նրա կնոջ բնակության վայրը:

Վկաներից Հովսեփ Թաշչյանը հեռակա ճանաչել է ամբաստանյալներից «Ծելեի Խաչիկյանին»: Նա հոր հետ կապված էր հրավիրվել դատարան: Նա ասաց, որ հայրն իրենից թաքուն գնացել է Հայաստանից, հաշվառված է եղել Շենգավիթի սոցիալական տարածքային բաժնում: Իրեն այս գործի հետ կապված կանչել են «անվտանգության տեսչություն», որտեղ էլ հայտնել է, որ հոր գումարներից տեղյակ չի: Նա դատարանում համոզված տոնով պատասխանելով մեղադրանքի կողմի հարցին. «Հնարավո՞ր է Ամերիկայից եկած լինի, ու Դուք չիմանաք», պատասխանում էր. «Այո, նա հնարավոր է, թաքուն եկել գումարը ստացել է, նույն օրն էլ գնացել Ամերիկա»: Դատավորն անգամ հարցրեց, թե վկան գիտի՞ որքան է ԱՄՆ թռիչքի գումարը, ասես, փորձելով ճշտել վկայի այսօրինակ ցուցմունքային դրսեւորումը:

Ակնհայտ էր, որ այս վկան խնդիրներ ուներ ծնողի հետ, եւ դա բացատրեց նրանով, որ բավականին մեծ գումար է նա ստացել, իրենից էլ թաքուն հեռացել է հայրենիքից, չթողնելով անգամ օդանավակայան գնալ:

Վկա Ալբերտ Էվոյանը դատարանում ոչինչ չհիշեց:Նրա պապը Ուկրանիայում է եղել, մահացել է, իսկ տատն էլ երկու անգամ եկել է Հայաստան: «Հնարավո՞ր է եկել է Հայաստան, վերջին երեք տարվա կենսաթոշակը ստացել է, ու Դուք չեք իմացել»,- հարցին էլ պատասխանեց.«Եթե տատիկն է իրեն ասում, ուրեմն ճիշտ է»: Իսկ վկայի տատն էլ հեռախոսով ասել էր, որ որեւէ գումար ինքը չի ստացել:

1937 թ. ծնված վկան էլ Գեորգի Հակոբյանը չճանաչեց ամբաստանյալներից որեւէ մեկին:Նա տաս տարի բացակայել է հանրապետությունից, հետո երբ վերադարձել է, տեղեկացել է, որ «ինչ-որ մի անձ, ինչ-որ մի խումբ» կորզել են իր գումարները: Գնացել է Նոր Նորքի տարածքային բաժին, այնտեղ կոշտ ձեւով ասել էին որեւէ գումար չկա:

Նա նախ հիշեց, որ հետագայում իրեն վճարել են երեք հարյուր հազար դրամ, ապա` հայտնեց, որ մեկ միլիոն է ստացել: Երբ հիշողության հետ կապված ակնարկ արվեց, վկան ասաց.«Ես կարող եմ մի օր մոռանալ, հանցագործություն չի »:

Այս վկան հայտնեց, որ որպես նախկին աքսորյալ ստացել է բարձր կենսաթոշակ` 52 000 դրամի չափով:

Վկա Սաթենիկ Դանիելյանն էլ պապի հետ կապված  հայտնեց, որ նա էլ Հայաստանից մեկնել է, եւ դատարանում էլ իմացավ, որ պապը հայաստան է եկել 2008-ին:

Տարեց վկաներից դատավորը թույլատրեց, որպեսզի վկայություն տա նստած. դա Բելլա Ավետիսովան էր, որը դատարան էր ներկայացել աղջկա հետ: Նա ճնշման հետ կապված խնդիր ուներ, վատ էր լսում:

Հիշեցնենք, որ սոցապի այս խումբը մեղադրվում է Հայաստանից մեկնած կամ մահացած կենսաթոշակառուների անունից կեղծ դիմումներ պատրաստելու միջոցով, նրանց  ստորագրությունները կեղծելով, առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության համար:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 23-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031