Լույս է տեսել Շուշանիկ Զոհրաբյանի հեղինակած «Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումներ» գիրքը: Այստեղ Սուրենյանցի արվեստը համեմատվում է համաշխարհային` Ռուսական, Եվրոպական կերպարվեստի ավանդույթների հետ: Գրքի գիտական նորույթը նրանում է, որ առաջին անգամ են հրատարակվում Սուրենյանցի գեղագիտական ժառանգության նորահայտ էջերը, որոնք ըստ Շուշանիկ Զոհրաբյանի, մեծ աշխատանքի շնորհիվ Երևանում հնարավորություն ընձեռնվեց տեսնելու և մշակելու Սուրենյանցի մասնավոր հավաքուծները, որոնք վերաբերում են Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» էպիկական ասքին, որոնցից մեզ են հասել 1906թ-ի երկու նկարազարդ էջ: Առաջին էջում ներկայացված է Նադիր Շահը, իսկ մյուսում պատկերված է Թմբկա տիրուհուն պատժելու տեսարանը:
«Այս աշխատանքը իմ անդրանիկ մենագրությունն է, այն նաև մի քանի տարիների մանրամասն ուսումնասիրությունների արդյունքն ու հանրագումարն է: Գիրքը կարևորվում է նրանով, որ այստեղ ներկայացված է Սուրենյանցի գեղագիտական ժառանգությունը, մասնավորապես նրա արվեստի անքակտելի մասը կազմող գրքի գրաֆիկան, որը նրա ստեղծագործական գործունեության գեղանկարչական խոսելակերպի և յուրահատուկ լեզվի հմայքն է: Գիրքը նվիրված է Հայ գրքի տպագրության 500- ամյակին, և պատվերը ստացել եմ Մշակույթի նախարարության կողմից, որի համար շատ շնորհակալ եմ նման պատասխանատու գործը ինձ վստահելու համար»,- ասում է գրքի հեղինակը:
Վարդգես Սուրենյանցի արվեստին տարբեր տարիներ անդրադարձել են բազմաթիվ հեղինակներ, մասնավորապես վերջին տարիներին հրատարակված արվեստաբան Մարտին Միքայելյանը , արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Արարատ Աղասյանը, արվեստաբան Վիկտորիա Բադալյանը: Սուրենյանցի արվեստի մասին պատմող այս գրքերին գալիս է լրացնելու նաև այս աշխատությունը:
Վարդգես Սուրենյանցի ստեղծագործական ժառանգությունը հայ կերպարվեստի բացառիկ էջ է: Նա հայ գրավոր խոսքին կերպավորումներ տվող հայ առաջին արվեստագետներից էր, ով իր ստեղծագործական կյանքում նկարազարդել է շուրջ 35 անուն գիրք և գրական հանդես: Արվեստագետը հայ կերպարվեստ մուտք գործեց այն պահին, երբ չկար գրքի նկարազարդման մշակույթ: Նա առաջիններից մեկն է, ով ամուր հիմք դրեքց գրքային նկարազարդումների մեջ: Այս գիքրը յուրահատուկ հարգանքի տուրք է մեծագույն արվեստագետին և նրա կերտած յուրօրինակ ստեղծագործություններին:
Օվսաննա Սիմոնյան