Այսօր հայկական բանակը խնդիր ունի առկա սպառազինությունը պահելու, մոդիֆիկացնելու, նոր սպառազինություն ձեռք բերելու: Հայաստանի հակաօդային զորքերի պաշտպանության օրվա առիթով «Ելակետ» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում ասաց Պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ավագ դասախոս, գնդապետ Արմեն Գեւորգյանը:
Գնդապետը վստահեցրեց, որ մեր երկրի հակաօդային պաշտպանությունը ապահով ձեռքերում է, քանի որ Հայաստանն ունի այն բոլոր ժամանակակից տեխնիկան, որը երկրի տարբեր ուղղություններով կարող է կասեցնել թշնամու օդային հարձակումը:
Գնդապետի խոսքերով, հակաօդային պաշտպանության մեր մասնագետներն առայժմ պատրաստվում են Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ անցկացվող զորավարժություններից հայ զինվորականները վերադառնում են գերազանց գնահատականներով: Հայոց բանակի գերժամանակակից տեխնիկաներից մեկը «Էս 300» համակարգն է:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում բողոքի դուրս եկած ազատամարտիկների նման քայլին, երբեմնի ազատամարտիկ Արմեն Գեւորգյանն ասաց. «Պաշտպանության նախարարը եւ սոցնախարարը բավականին մեծ աշխատանքներ են տանում ազատամարտիկների հոգսերը թեթեւացնելու, սոցիալական հարցերը լուծելու, Ազգային ժողովում հիմա դրված է փաթեթ՝ ազատամարտիկների սոցիալական ապահովման օրենքը ընդունելու, իմ կարծիքը կարող եմ ասել, որպես ազատամարտիկ, նաեւ ժամանակին ազատամարտիկների հրամանատար, այդպես անելու իմաստը չեմ տեսնում, ցույցի կարելի է դուրս գալ մարդու դեմ, երբ որ ակնհայտ չի ուզում անել մի բան, որը որ պետք է անի, իսկ, եթե մարդիկ անում են, թեթեւացնում են հնարավորության սահմաններում, ակցիա անելու իմաստ չեմ տեսնում: Ո՞ր մի գերագույն գլխավոր հրամանատարը կամ պաշտպանության նախարարը չի ուզենա, որ բոլոր ազատամարտիկներն ունենան բնակարան, նրանց երեխաները անվճար սովորեն լավ բուհերում, ընտանիքները լինեն սոցիալապես ապահով, ունենան լավ մեքենա»:
Կարդացեք նաև
Գնդապետ Գեւորգյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այսօր բանակի գեներալների, ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը`շքեղ մեքենաները, առանձնատները արդյոք համարժե՞ք են ազատամարտիկների վիճակին, գնդապետ Գեւորգյանն ասաց. «Ես գիտեմ, որ բոլորն ըստ պաշտոնների ունեն իրենց մեքենաները ծառայողական, ես չգիտեմ եւ չեմ տեսել, որ նրանք իրենց սեփական թանկարժեք մեքենաներով շրջեն»:
Մեր այն դիտարկմանը, թե մամուլը բազմիցս անդրադարձել է բանակի գեներալներից
Մեկի Յուրի Խաչատուրովի ունեցվածքին, չեք էլ կարդացե՞լ, Արմեն Գեւորգյանի պատասխանը` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ