«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայել 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագինը՝ նախկին 132 000 դրամի փոխարեն դարձնել 221 000 դրամ:
Արդեն մտավախություն կա, որ կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:
Այն, որ գազի գնի թանկացում սպասվում է, դա հայտարարում են նաև ոլորտի պատասխանատուները: Օրինակ` այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, թե «գազի գինը հաստատ բարձրանալու է»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ աջակցելու են սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի գազի գնի բարձրացման ազդեցությունը այս ընտանիքների վրա մեղմեն:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ոլորտի փորձագետների հետ զրույցում հետաքրքրվեց՝ համատարած այս թանկացումները հաշվի առնելով՝ կանխատեսո՞ւմ են սոցիալական պայթյունի վտանգ:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը թանկացումները կապեց ընտրությունների հետ և միևնույն ժամանակ բացառեց սոցիալական պայթյունի վտանգը: Իր այս կարծիքը Բ. Ասատրյանն այսպես հիմնավորեց. «Այս իշխանություններն ընտրակաշառքի միջոցով դիմազրկել են ժողովրդին:
Եթե մեկը ռիսկ անի հրապարակավ դժգոհել, այդ կրիմինալ խուժանը, որ փող էր բաժանում, դեմը կառնի: Ոչ մի սոցիալական ցնցում չի լինելու: Հնարավոր է իրենց տներում դժգոհեն, բողոքեն ու անիծեն, բայց դա հրապարակ չեն հանի»:
Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չնայած վերոնշյալ հայտարարություններին և ծայր առած քննարկումներին, դեռ հարցականի տակ է դնում այն հարցը՝ արդյոք թանկանալու՞ է գազը, թե՞ ոչ և մեզ հորդորում. «Բայց թանկանալու՞ են արդյոք գազի և էլեկտրաէներգիայի սակագները… Հենց հարցը դառնա առարկայական, այն ժամանակ էլ կխոսենք այդ մասին: Հիմա վերջ տվեք այդ գործունեությանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ