Երեկ ՄԱԱ-ում կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսելով միջազգային կրթական ծրագրերի իրականացման մասին՝ ասաց , որ դրանք ոչ մի վտանգ էլ չեն ներկայացնում, եւ զուր էին կանխատեսումները, թե «դրանում Կրեմլի մատն է խառը կամ մասսոնների ոտքը»: Նախարարը նաեւ հեգնել էր իր ընդդիմախոսներին, թե նրանք հակառուսական քարոզչությամբ են զբաղված, որովհետեւ, օրինակ, «Քվանտ» վարժարանում կա անգլերենով ուսուցում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրով, սակայն մինչ հիմա ոչ մի ընդդիմախոսի մտքով չի անցել մի կարգին պիկետ կազմակերպել դրա դեմ:
Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից մեկնաբանություն խնդրեց այս մասին:
«Ինչ վերաբերում է պայքարի միջոցներին՝ պիկետ կլինի, թե այլ քայլ, նախաձեռնությունն է որոշում, թե ինչն է ավելի արդյունավետ: Մենք մինչ օրս որեւէ դպրոցի, այդ թվում «Քվանտի» դեմ պիկետ չենք արել: Խորհուրդները, թե ինչպես կազմակերպենք մեր աշխատանքը, թող պարոն Աշոտյանն իրեն պահի, եթե նպատակն, իհարկե, պրովոկացիան չէ:
Ի դեպ, «Քվանտ» վարժարանի հետ փորձել ենք աշխատել, տնօրինությանն առաջարկելով, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե միջազգային բակալավրիատի ծրագիրը թարգմանվեր հայերեն ու այդպես մատուցվեր: Հակառուսական կամ ցանկացած ազգի դեմ ուղղված մեղադրանքներն էլ անիմաստ են, որովհետեւ մենք խրախուսում ենք բոլոր օտար երկրների ներդրումները՝ հայալեզու կրթության մեջ, եթե դրանց նպատակը օտար լեզուներով ստեղծված ծրագրերի հայացումն ու տարածումն է, մենք շատ դրական քայլ ենք համարում, որ այդ երկրները խրախուսում են իրենց լեզուների ուսուցումը հայալեզու դպրոցներում: Դրա վառ օրինակն է Չինաստանի Հանրապետության կողմից ստեղծված լեզվի ուսուցման ծրագիրը, որը ներդրվում է հայալեզու դպրոցներից մեկում, կարծեմ Գերմանիան էլ է նման ծրագիր մշակում»,-ասաց պարոն Ապատյանը:
Կարդացեք նաև
Ըստ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամի, «Կան երկրներ, որոնք այլ մեթոդներով՝ այսինքն հայերենի հաշվին են փորձում առաջ տանել իրենց լեզուները, դա ոչ միայն Ռուսաստանն է, Ֆրանսիան, միգուցե այլ երկրներ եւս, կան նաեւ մասնավոր կազմակերպություններ, դա լինի Դիլիջանի դպրոցը կամ «Քվանտ» վարժարանը: Նրանք գնում են այլ ճանապարհով՝ մերժելով օտարալեզու ծրագրի հայացումը, տեղայնացումը, ներդրումը հայկական դպրոցներում: Նրանք գերադասում են ստեղծել օտարալեզու դպրոցներ, ինչը մերժելի է մեր կողմից: Դա բերում է նրան, որ խտրականություն է ստեղծվում, քանի որ նման դպրոցների թիվը սահմանափակ է, չեն կարող սովորել բոլոր ցանկացողները: Բացի այդ, նրանց ծրագրերը գոյություն չունեն հայերենով, ու մարդիկ գերադասում են իրենց երեխաներին տալ այդ դպրոցներ: Այդպիսով, գնալով նվազում է հայերենի դերը: Իսկ ցանկացած լեզու ամուր է այն ժամանակ, երբ կիրառվում է բոլոր ոլորտներում: Սահմանափակելով լեզվի ոլորտների քանակությունը, մենք ի վերջո կհանգենք այն իրավիճակին, որը հիմա տիրում է արեւմտահայերենի պարագայում, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մտել է վտանգված լեզուների ցանկ: Պետությունը պետք է եզրակացություն անի այդ վիճակից եւ հասկանա, որ պետք է փոխել գործելաոճը՝ խրախուսել օտար երկրներին, որ նպաստեն օտար ծրագրերի հայացմանը, հայկական կրթական համակարգում ներդրմանը»:
Արամ Ապատյանի ասելով, օրինակ՝ Ռուսական մշակույթի պատմություն կամ նման այլ առարկաները, հասկանալի է, որ պետք է անցնել ռուսերեն, եւ լեզուն չսովորեցնել միայն քերականությամբ: Նույնը վերաբերւմ է նաեւ այլ երկրների մշակույթներին:
Արմեն Աշոտյանի հեգնանքի մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Ամեն ինչն էլ կարելի է ծաղրել՝ տարբեր եղանակներով: Ինձ թվում է՝ քննադատությունը պետք է լինի հասցեադրված եւ հիմնված՝ խելամիտ փաստերի վրա: Երբ փաստեր չկան, այդ ժամանակ են մարդիկ դիմում ծաղրելուն՝ փորձելով քողարկել իրենց գաղափարական սնանկությունը: Եթե պարոն Աշոտյանն ունի գաղափարական պատասխան, շատ ուրախ կլինենք ծանոթանալու, բայց այս տարիների ընթացքում մենք երբեք նման պատասխան չենք տեսել: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարության հիմնավորումը, թե ինչո՞ւ են անհրաժեշտ օտարալեզու դպրոցներ, զբաղեցնում էր կես էջ գրություն, որի բովանդակությունը, կարճ ասած, հետեւյալն էր՝ ԿԳ նախարարությունը չի կարողանում ապահովել որակյալ կրթություն եւ թող օտարազգիները գան ու բավարարեն այդ պահանջը: Ընդդիմախոսներին ներկայացված ավելի սնանկ լինելու ապացույց ես կդժվարանամ հիշել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ