Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Եթե իրավապահները չպատժեն Պռոշյանի գյուղապետի շիրիմը պղծողներին, կպատժեն որոշ անձինք» (Տեսանյութ)

Մայիս 16,2013 16:56

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի համոզմամբ, Պռոշյանի սպանված դաշնակցական գյուղապետի շիրիմը պղծելը ու նրա մահից հետո գյուղում կրպակներից մեկի վրա նրա հասցեին գրված հայհոյանքները ձեռնտու են նրանց, որոնք չեն ցանկանում սպանության գործը բացահայտվի:

«Դա խափանելու համար փորձում են տարբեր քայլերի դիմել, անգամ այսպիսի վանդալիզմի առաջ կանգ չեն առնում : Կատարվածը կապում եմ սպանությունը պատվիրածների ու իրականացրածների հետ: Եթե մարդիկ կարող են այդպիսի ահավոր սպանության միտք հղանալ եւ իրականացնել, վանդալիզմը նրանց համար սովորական երեւույթ է»,- Aravot.am-ին ասաց պարոն Ռուստամյանը:

Մեր հարցին, հնարավո՞ր է գործի բացահայտումն այլ ուղղությամբ է տարվում, եթե հաշվի առնենք, որ գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով մեղադրյալ համարվող Արայիկ Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, երեկ 1in.am-ին վստահեցրել է, որ իր որդին անմեղ է. «ով պռոշյանցիների հետ զրուցել է, նա գիտի, որ որևէ կոնֆլիկտ չի եղել գյուղապետի և Պետրոսյանների ընտանիքի միջև», պարոն Ռուստամյանն ասաց. «Քննությունն ընթացքի մեջ է, եւ որեւէ մեկը չի կարող քննության տվյալներն ունենալ…Էդ լիրիկական ոճի բնորոշումները որեւէ կապ չունեն իրավական գործընթացի հետ: Ինքներս էլ մտահոգություն ունենք, որ ձգձգվում է գործի բացահայտումը: Ընդհակառակը, մեր խորին համոզմամբ, սպանությունը կատարվել է այնքան ցինիկ, օրը ցերեկով` բոլորի աչքի առջեւ, որ ճիշտ կլինի նույն գյուղը, եթե շահագրգռված է, որ իզուր տեղը մարդկանց չկասկածեն, նպաստեն, որ այդ գործը բացահայտվի: Նման հայտարարություններ անողները թող աշխատեն, օգնեն քննությանը: Ունենք ինֆորմացիա , որ շատ վկաներ կան, որոնք չեն ցանկանում խոսել»:

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ շարունակեց. «Այդ այլանդակությունը պատժման ենթակա է: Պահանջել ենք, որ իրավապահներն ավելի արագ գործեն , բացահայտեն ու պատժի ենթարկեն: Միեւնույնն է` եթե անգամ իրավապահ մարմինները դա չանեն, հասարակության մեջ կան անձինք, որոնք հնարավորություն կունենան բացահայտելու եւ պատժելու: Ավելի ճիշտ է, որ դա լինի օրենքի սահմաններում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031