Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման կապակցությամբ,- դիմելով կառավարության անդամներին, ասել է վարչապետը։ – Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ բնական գազը Հայաստանի Հանրապետություն պետք է մատակարարվի 270 դոլարով։ Իմ նամակում նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը։ Երկրորդը` ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի։ Հանձնաժողովի քննարկումը լինելու է բաց և հրապարակային. բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս հարցով, կարող են մասնակցել քննարկմանը և որևիցե փակ հարց չի լինելու. այս նորմը սահմանված է Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքով։ Այդ քննարկումը լինելու է բաց և հրապարակային, և հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները հանձնաժողովը տրամադրելու է մեր քաղաքացիներին»։
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է անցած գիշեր «Սպայկա» ընկերության շենքերից մեկում ծագած հրդեհին, որը մինչև առավոտ բավական մեծ ծավալ էր ստացել։ Պատասխանելով «Ի՞նչ հետևանք կարող է ունենալ հրդեհը» հարցին, ՀՀ բնապահպանության նախարարը զեկուցել է, որ իրոք հրդեհի ծավալը մեծ էր` 1500 և ավելի քառակուսի մետր։ Ավտոմատ կայանների և շարժական լաբորատորիայի միջոցով անընդհատ վերահսկվել է օդի աղտոտվածության մակարդակը։ Ծխի ամպն առաջացել է պլաստիկ տարայի և այլ սարքավորումների այրումից։ Նախարարը հավաստիացրել է, որ նախնական տվյալներով որևէ անհանգստացնող խնդիր չկա։ Օրվա վերջում պատկերն առավել ամբողջական կլինի և կառավարությանն ու հանրությանը համապատասխան տեղեկություն կտրվի։
Այնուհետև դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, Տիգրան Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հրդեհի հետևանքով տուժել են «Սպայկայի» արտադրական շենքը, սառնարանային տնտեսությունը, ուստի անհրաժեշտ է միջամտել և աշխատել ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն կարող է ունենալ այս տարվա մթերումների համար։ «Միգուցե մենք կարողանանք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումն այլ տարածքներում կազմակերպի, և այս հրդեհը գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի»,-ասել է վարչապետը։ Նա հանձնարարել է հրավիրել «Սպայկայի» ղեկավարությանը և քննության առնել այդ հարցերը։ Նախարարը հավաստիացրել է, որ համապատասխան լուծում կտրվի խնդրին։
Կարդացեք նաև
Նոր կառավարության ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով
ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության ծրագրին և այն ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։ Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծելու մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրներ` դրանով իսկ ապահովելով շոշափելի արդյունքներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, բոլոր նախարարություններից և գերատեսչություններից ստացել են առաջարկություններ, որոնք նախագիծ են ներառվել։ Խմբագրական աշխատանքներն ավարտելուց հետո փաստաթուղթը կուղարկվի Ազգային Ժողով, և ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի օրը, ՀՀ Սահմանադրության պահանջին համապատասխան, կսկսվի ծրագրի նախագծի քննարկումը։
Պետբյուջեի պակասուրդը կֆինանսավորվի եվրապարտատոմսերի թողարկման միջոցով
Կառավարությունը հավանություն է տվել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին։ Ըստ հայեցակարգի` եվրապարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալ է սահմանվելու 500 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի թողարկումը` 10 տարի ժամկետով։ Հաջորդ որոշման համաձայն կառավարությունը եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքելու «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, որը տեխնիկական աջակցություն կցուցաբերի և կօժանդակի լավագույնս կազմակերպել եվրապարտատոմսերի թողարկումը։ «Այսօր մենք քաղաքական որոշում ենք կայացնում, Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու, –որոշումների առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ –Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռում ֆինանսական շուկաներից ներգրավելու ավելի էժան միջոցներ։ Բոլոր միջազգային կառույցները, ֆինանսական ինստիտուտները, որոնց հետ աշխատում են մեր տնտեսվարող սուբյեկտները, միշտ մատնանշում այն փաստը, որ եթե Հայաստանը չունի միջազգային շուկաներում գնանշված պարտատոմսեր, ապա նրա համար այդ շուկաներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալը լինում է առնվազն 1-1,5 տոկոսով ավելի թանկ։ Հասկանալի է, որ սա մեր առաջին տեղաբաշխումն է լինելու, և մենք առաջին անգամ հայտնվելու ենք միջազգային ֆինանսական շուկայում և ապագայում էլ, իհարկե, կախված մեր երկրի վարկանիշից, տոկոսադրույքները նույնպես կարող են նվազել։ Փաստորեն այս որոշումով մեր տնտեսական քաղաքականության մեջ այսուհետ արմատական փոփոխություն է տեղի ունենում։ Մենք պարտավոր ենք լինելու հետևել, թե ինչպիսին է մեր պարտատոմսերի գնանշումը միջազգային շուկաներում, և դա լրջագույն ազդակներ է հաղորդելու նաև մեր տնտեսական վիճակի մասին։ Մենք ընտրել ենք լավագույն իրավաբանական խորհրդատուին, քանի որ սա մեր առաջին թողարկումն է և մենք պետք է սովորենք, կարողություններ ձևավորենք և‘ ֆինանսների նախարարությունում, և‘ Կենտրոնական բանկում, և‘ արդարադատության նախարարությունում՝ նման գործարքներ իրականացնելու համար։ Լավագույն իրավաբանական ծառայության ընտրությունը մեզ հնարավորություն կտա նաև հարստացնել այդ բնագավառի մեր գիտելիքները։
Եթե տեղաբաշխումն այս տարվա ընթացքում հաջող իրականացվի, մենք մտադիր ենք մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացած վարկը, որովհետև այժմ 2B վարկանիշ ունեցող ընկերությունները` հաշվի առնելով շուկայի միջավայրը, կարողանում են ավելի էժան ռեսուրսներ ներգրավել։ Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ այս երկխոսությունը սկսել ենք, ունենք նրանց համաձայնությունը և նաև օժանդակություն, որպեսզի վարկի մարումը լինի սահուն, եթե տոկոսադրույքները լինեն ավելի մեղմ, քան այն տոկոսադրույքներն են, որ այսօր գործում են մեր միջպետական պայմանագրով։
Այս տեղեկատվությունը նաև մասնավոր հատվածին պետք է մանրակրկիտ ներկայացվի, ինչպես նաև այն փաստաթուղթը, որ մենք հիմա հաստատում ենք՝ հայեցակարգը, որտեղ մանրամասն նկարագրված է, թե այսուհետ մենք ինչպես ենք կառավարելու մեր արտաքին պարտքը»։
Աջակցություն է ցուցաբերվում կարկտահարությունից տուժած տնտեսություններին
2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Սկիֆագրո» կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու և հատկացնել Արմավիրի մարզպետարանին` կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործներին տրամադրելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարը զեկուցել է նաև ձեռնարկվող և ձեռնարկվելիք այլ միջոցների մասին։ Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի այս ամբողջ տեղեկությունը հասնի մեր գյուղացիներին։ Նրանք պետք է պատրաստ լինեն, որ մատակարարվող սերմացուն տեղ հասնելուն պես կարողանան իրականացնել համապատասխան աշխատանքները։
Նիստում հաստատվել է նաև Սննդամթերքի անվտանգության ծառայության «Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով լրացումներ, որոնք թելադրված են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը սահմանել է, որ գինեգործական և մի քանի այլ ապրանքախմբերի շարքը դասվող ապրանք ներմուծող կամ արտադրող անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա մակնշել ապրանքի հնացման աստիճանը` ըստ տարիների։ Այսպիսով, կատարվում են կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության պահանջները, իսկ սպառողը հնարավորություն է ստանում տեղեկանալ, թե ինչ չափով է հնացել տվյալ ապրանքը։
Կառավարությունն ընդունել է գույք հանձնելու և նվիրաբերելու որոշում, որով ապահովվում է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրով գնված գույքի շահագործումը։ Որոշման շնորհիվ գյուղատնտեսության աջակցության 10 մարզային կենտրոնները կունենան անհրաժեշտ գյուղտեխնիկա և սարքավորում, կբարելավվի 32 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղտեխնիկայի պահանջարկը։
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Շուրջ 500 հազարանոց ֆրանսահայ համայնքը հիմնականում կենտրոնացած է Փարիզ-Լիոն-Մարսել քաղաքներում։ Ռոն-Ալպ (Հռենոս-Ալպ) շրջանում և դրա Լիոն վարչական կենտրոնում, ինչպես նաև շրջանի այլ քաղաքներում ոչ պաշտոնական տվյալով կա 100 հազար հայ։ Հաշվի է առնվում այս քաղաքի ու շրջանի առանցքային դերը հայ-ֆրանսիական համագործակցության ասպարեզում։
Կառավարությունը մոտ 3 մլն դրամ է հատկացրել ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի իրականացման համար պետություն-մասնավոր համագործակցությամբ մասնավոր կապիտալի ներգրավման նպատակով մրցույթ կազմակերպելու, ծրագրի իրականացման համար օտարերկրյա մամուլում շահագրգիռ կողմերին հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերի հրապարակման նպատակով։ Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.«Մեր արդյունաբերական քաղաքականության մեջ սա նոր մոտեցում է։ Առաջին անգամ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացնում մի ծրագիր, որը մենք ներկայացնում ենք մասնավոր հատվածի ուշադրությանը և ցանկանում ենք ներդրումներ ներգրավել։ Հասկանալի է, որ եթե հավանության ենք արժանացնում այս ծրագիրը, ապա այն պետություն–մասնավոր համագործակցության լուրջ հիմք է ստեղծում, որ պետությունն օժանդակելու և աջակցելու է ներդրողներին։ Մասնավորապես, ենթադրվում է, որ 3-4 հազար հեկտար հողատարածություն պետք է ներգրավվի գետնախնձոր արտադրելու համար, որը ինուլինի արտադրության հիմնական հումքն է։ 1000-ից ավելի աշխատատեղ է ստեղծվելու գյուղատնտեսության ոլորտում և շուրջ 300 աշխատատեղ` հենց գործարանում։
Ծրագրի երկրորդ կարևոր տարրն այն է, որ մենք չինական կողմից ունենք հայտ՝ մասնակցելու այս ձեռնարկությունում որպես ներդրող, որովհետև այդ տեխնոլոգիան ներդնելու է չինական կողմը և երկրորդը՝ չինական կողմը մեզ ներկայացրել է երաշխիքային նամակ, որ 100 տոկոսով երաշխավորում է արտադրված ինուլինի իրացումը, որն էապես նվազեցնում է ներդրողների ռիսկերը։ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին, այդ թվում` իր մասնակցությամբ նորաստեղծ ձեռնարկությունում։ Մեր մասնակցության մասը պայմանավորված կլինի նրանով, թե ինչ հայտեր մենք կստանանք և ներդրողներն ինչ ծավալի ներդրում պատրաստ կլինեն իրականացնել։ Ծրագիրը գնահատվում է 33 մլն դոլար։ Քանի որ սա առաջին նման գործառույթն է, որ մենք իրականացնում ենք, կարիք կա, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք այս նոր գործիքին, որ մենք արդյունաբերական քաղաքականության մեջ կիրառելու ենք այսուհետ։ Հեղինակավոր ամսագրերում հայտարարություն հրապարակելը նշանակում է, որ նաև միջազգային ներդրողների ուշադրությունն ենք գրավում, այլ ոչ միայն ՀՀ ներդրողների, և հրավիրում ենք նրանց մասնակցել այս ծրագրի իրականացմանը»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի («Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդան գծի ծրագրով մատուցվելիք փորձագիտական ծառայության համար` մինչև 820 հազար եվրո դրամաշնորհ») նախագծին և ՀՀ ֆինանսների և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին լիազորել ստորագրելու համաձայնագիրը։
Ս.թ. հունիսի 15-ից 29-ը ՖԻԴԵ-ի օրացուցային պլանի համաձայն Դիլիջանում անցկացվելիք շախմատի կանանց մեծ մրցանակի խաղարկության մրցաշարը պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ ավելի քան 73 մլն դրամից 65 միլիոնն իր որոշմամբ տրամադրել է ՀՀ կառավարությունը։
Ավելի քան 4,5 մլն դրամ է հատկացվել 2013թ. մայիսի 16-21-ը Նովոսիբիրսկում կայանալիք «Դելփյան Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 8-րդ բաց Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով։
Կապահովվի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք թելադրված են կենսաթոշակային բարեփոխման իրականացման ու եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրմամբ։ Սահմանվել է, որ բնակչության պետական ռեգիստրում ըստ բնակության վայրի չհաշվառված անձին հանրային ծառայության համարանիշ հատկացնելիս նրա տվյալները մուտքագրվում են պետռեգիստրի տեղեկատվական համակարգ։ Դրանով ապահովվում է ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը եկամտային հարկի կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում` անկախ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելուց։ Փոփոխություներ կատարելով նախկինում ընդունած իր երկու որոշումներում, կառավարությունը սահմանել է «Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ» ամենամյա զեկույցի նոր կառուցվածքը, ինչի շնորհիվ կբարձրանա ոչ պետական հատվածի աշխատավարձերի վերլուծության նպատակով օգտագործվող տեղեկատվության որակը, կապահովվի դրա իրատեսականությունը։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության ձեռք բերած նույնականացման քարտ կարդացող սարքերը կազմակերպություններին (շահառուներին) են տրամադրվում ինքնարժեքով` 3 հազար 500 դրամով։
Գործադիրը հաստատել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա 2013 թ. հուլիսի 1-ից հետո Հայաստան ներմուծված և Հայաստանում արտադրված տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները։
Մեկ այլ որոշմամբ Ալավերդու քաղաքապետարանն ազատվել է քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերի ամրացման ֆինանսավորումն իրականացնելու համար տրամադրված վարկային պարտավորությունից, որը հասնում է 100 մլն դրամի։ Որոշման շնորհիվ համայնքը հնարավորություն կունենա այդ գումարով ամեն տարի լուծելու որևէ սոցիալ-տնտեսական խնդիր։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, գործադիրը Կոտայքի մարզի ուսուցիչների վերապատրաստման և մեթոդական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հանձնել Հրազդան քաղաքի դպրոցներից մեկում։
Ձևավորվում է միգրացիոն վիճակագրական ցուցանիշների համակարգ
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է մեր երկրում ներդնել ապակենտրոնացված ճանապարհով միգրացիոն վիճակագրական համակարգ։ Ենթադրվում է միգրացիոն վիճակագրական ցուցիչների համակարգ ներդնել այն բոլոր մարմիններում, որտեղ կան վիճակագրական ցուցիչներ, ապա դրանք փոխանցել ՀՀ ազգային վիճծառայություն` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան տեղեկատվական զեկույցներ ներառելու և հրապարակելու նպատակով։ Այժմ անցում է կատարվում այդ համակարգի ձևավորմանը։ Նման մոտեցումը համահունչ է նաև միջազգային պրակտիկային։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը` կառավարությունն օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրման և անվտանգության վերահսկողության գործընթացը համապատասխանեցրել է Եվրամիության կանոնակարգերին։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Միջազգային առողջապահական կանոնների համաձայն առանձին պետական կառավարման մարմինների իրավասություններին, ինչի շնորհիվ կկանոնակարգվեն ներդրման գործընթացին, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին առնչվող շահագրգիռ մարմինների գործառույթները նույն կանոնների պահանջների կատարման համատեքստում։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և ևս չորս օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Սեյսմիկ պաշտպանության մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանով առաջարկվում է օրենքում լրացնել սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնել և տարանջատել լիազորությունները` ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները որպես պարտադիր, կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ հարցեր
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 20 միաբան և ուսանող, մինչև 2014 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 36 միաբանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 17 միաբանի և ուսանողի, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 5 սանի և վանաձորցի մեկ դպրոցականի։
Կառավարության որոշմամբ Արմեն Շահնազարյանը ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Գործադիրը որոշել է 2013թ. մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013թ. հունիսի 1-ը` շաբաթ օր։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ