Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի բնակչության մեկ քառորդը ալեվիներն են. Էրվան Կերիվել

Մայիս 16,2013 16:38

Ervan-Kerivel-2Հայաստանում ֆրանսիական համալսարանում մայիսի 16-ին տեղի ունեցավ «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալեվիները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին մեծ թվով ուսանողներ, հյուրեր ու գրքի հեղինակը՝ Էրվան Կերիվելը:

Նա ծնվել է 1972 թվականին: 1990-ին Ֆրանսիա արտագաղթած ալեվիների համայնքի հետ հանդիպելուց հետո սկսել է ուսումնասիրել նրանց մշակույթը: Բազմիցս եղել է Թուրքիայում, Անատոլիայում և, որպես ինքնուս, տասը տարի շարունակ թեման հետազոտելուց և ուսումնասիրելուց հետո որոշել է «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալեվիները» գրքի միջոցով ներկայացնել Թուրքիայի բնակչության ավելի քան մեկ քառորդ մասը՝ 15-20 միլիոն կազմող այդ համայնքի պատմական, փիլիսոփայական և սոցիոլոգիական նկարագիրը:

«Արդեն 25 տարի է, ինչ սերտ կապեր ունեմ ալեվի համայնքի հետ, նրանց մեջ ունեմ մոտ ընկերներ: Երկար շփումներից հետո որոշեցի մի գիրք գրել, որը կօգնի երիտասարդ ալեվիներին պահպանել իրենց մշակույթն ու ինքնությունը»,-նշեց գրքի հեղինակն ու ավելացրեց, որ թեև Եվրոպայում ալեվիների մասին շատ են ակադեմիական և գիտական աշխատանքները, սակայն հանրամատչելի գրքերի պակաս է զգացվում, ինչն էլ փորձել է լրացնել իր աշխատանքով:

Խոսելով գրքի և հենց դրա հերոսների՝ ալեվիների մասին Կերիվելն ընդգծեց, որ նրանց համար ալեվի լինելն առաջնային ինքնություն է, կատարյալ մարդու որոնումը և ճշմարտության որոնումը սրբության երաշխիքն է:

«Ալեվիները իրենց մուսուլման չեն համարում, ի տարբերություն թուրքերի՝ ավելի ազատ են և լավ ուժ են այդ երկրի ներկայիս իսլամամետ կառավարության հետ հավասարակշռություն կազմելու համար»,-ասաց Էրվան Կերիվելը:

Հեղինակը նշեց նաև, որ հայերն և ալեվիները որոշակի նմանություններ ունեն այն առումով, որ Հայոց ցեղասպանության իրագործումից հետո, երբ Անատոլիան զրկվեց իր հայ զավակներից, թուրքական պետության թիրախում հայտնվեցին հենց ալեվիները, որոնք վերջին տասնամյակներին մի քանի կոտորածների են ենթարկվել (Դերսիմում, Մարաշում և այլ վայրերում):

Շնորհանդեսի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև գրքի ֆրանսերեն և հայերեն հրատարակչությունն իրականացրած «Չոպանյան ինստիտուտի» ղեկավար Վարուժան Սիրապյանը: «Ալեվիների մասին հասարակ լեզվով գրված այս գիրքը շատ լավ վաճառվել է Ֆրանսիայում և մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տեղի ալեվի համայնքի, այլ նաև ֆրանսահայերի և ֆրանսահայ կազմակերպությունների շրջանում, ուստի տեղին է այն հայերենով ևս ունենալը»,-նշեց նա:

«Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալեվիները» գրքի հեղինակը շնորհանդեսի վերջում տեղեկացրեց, որ պատրաստվում է շարունակել իր ուսումնասիրությունները և առաջիկայում պատրաստվում է գիրք հրատարակել, որի հիմքը կլինի ալեվիների և հայերի փոխհարաբերությունները Դերսիմում:

Անի ՄԻՐԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031