Ինչպես տեղեկացրել էինք` երեկ երեկոյան ժամը 21.40 րոպեին Սյունիքի մարզային փրկարարական ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Ագարակ քաղաքի բնակիչ Ա.Սամվելյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտակայքում գտնվող ամառանոցից, դուրս է եկել մոտակա սարը և չի վերադարձել: Որոնողափրկարարական աշխատանքների մեկնած հրշեջ-փրկարարները, դեպքի վայր ժամանած Ագարակ քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները և ՌԴ ՍԶ զինծառայողները Մեղրի – Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` «Ծակքար» կոչվող տարածքում, հայտնաբերել են 1952թ. ծնված Ալբերտ Սամվելյանի դին:
Ինչպես տեղեկացնում են մարզային փրկարարական ծառայությունից՝ Ագարակի բնակչին մահացած վիճակում գտել են առավոտյան ժամը 6:38 րոպեին, դին Մեղրու բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ անզգուշության հետեւանքով ոտքը սայթաքել էր եւ ընկել էր ժայռոտ ձորը:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրու ոստիկանության բաժնում գործի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն, նախնական տվյալներով, Ագարակի բնակիչը 15-ի սահմաններում մեկնել էր բոխի հավաքելու եւ միջպետական ճանապարհից 1 կմ հեռավորությամբ գտնվող «Ծակքար» կոչվող տարածքում (որը ժայռոտ վայր է) գլորվել էր ձորից: Արտաքին զննությամբ՝ գլխի շրջանում եւ դեմքի վրա տարբեր վնասվածքներ էին առկա, առաջիկայում նաեւ դատաբժշկական հետազոտություն կարվի:
Բնակիչների պատմելով՝ երեկ Ա.Ս.-ն կնոջ եւ որդու հետ գնացել էր տվյալ տարածքում գտնվող իր ամառանոցը՝ մերձակա այգում աշխատանքներ իրականացնելու համար: Հարազատներին տեղեկացրել էր, որ գնում է բոխի հավաքելու ու կրկին վերադառնա, սակայն ժամեր անց՝ արդեն մութն ընկել էր, բայց վերջինս այդպես էլ չէր վերադարձել, հարազատներն անհանգստացած ահազանգել են դեպքի մասին ու օգնության դիմել: Ագարակի 61-ամյա բնակիչն ամուսնացած էր, աշխատում էր Ագարակի կոմբինատում՝ որպես «Բելազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ, 3 երեխա ու թոռներ ուներ:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ