Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար և խորհրդատու մարմինների անդամների հետ:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը: Ծրագիրն ունի չորս հիմնական ուղղվածություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, մրցանակաբաշխության կազմակերպում:
Այսօրվա հանդիպմանը ԵԳԱԾ պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են 2012թ. հուլիս – 2013թ. ապրիլ ժամանակահատվածում ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, խոսել ընթացիկ աշխատանքների և հետագա ծրագրերի մասին: Ընդգծելով, որ ծրագրի օգտակարությունն անվիճելի է, Նախագահն առաջարկել է երիտասարդ գիտնականներին հետագայի համար մշակել նաև ծրագրի դինամիկան և արդյունավետությունը գնահատող համակարգ: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել օժանդակությունը ԵԳԱԾ-ին և 2013 թվականի համար կրկին հատկացնել 100 մլն. դրամ: Նախագահը հանձնարարել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարին` հաջորդ տարի պետական բյուջեով նախարարությանը հատկացվելիք միջոցներից ևս 100 մլն. հատկացնել այս ծրագրին՝ այդպիսով կրկնապատկելով ծրագրի միջոցները:
Երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին իրենց խնդիրների նկատմամբ ուշադրության և օժանդակության համար՝ խոստանալով տարեցտարի ավելացնել ծրագրերը, դրանց արդյունավետությունն ու շահառուների քանակը:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ